«Բյուրոկրատը» 1 տարեկան է

«Բյուրոկրատը» 1 տարեկան է
«Մարդն այն է, ինչ տեսնում է»,- ասում էր բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին, չգիտեմ, գուցե մեծանուն մեկն էլ ասել է. «Մարդն այն է, ինչ կարդում է»: Քաղաքները, որոնք գրախանութներ չունեն, ամենաանբովանդակն են` մեռելայինը: Առանց գրախանութների քաղաքն ամեն ինչ է, բայց այլեւս քաղաք չէ.  հողեղեն է, ո՛չ երեւակայական: Աշխարհում չկա ուրիշ հնարավոր մի տեղ, ուր մտնելով, մխրճվում ես մարդկության հիշողության կոնտեքստ, տեղափոխվելով քո ընտրած իրականություն` թերթելով էջեր, դիտելով նկարներ, որ ստեղծվել են գեղեցիկը ճանաչելու, շոշափելու, ի վերջո՝ մարդկային հոգին երջանկացնելու համար: Երեկ լրացավ Սարյան 19 հասցեում գտնվող «Բյուրոկրատ» գրախանութի 1-ամյակը:



Մեկ տարվա ընթացքում գրախանութը հասցրեց իր ուրույն մթնոլորտն ու տեղն ստեղծել մեր քաղաքում` ոչ միայն հրաշալի գեղարվեստական ու մշակութային գրականություն ապահովելով, այլեւ ընձեռելով հանդիպման, շփումների, գրքերի ընկերակցությամբ սուրճ եւ թեյ խմելու հաճելի հնարավորություն: Մեկ տարվա ընթացքում գրքերի բազմաթիվ շնորհանդեսներ, գեղանկարչական ու ֆոտոլուսանկարչական ցուցահանդեսներ, ընթերցումներ եւ քննարկումներ, կարծում եմ՝ հրաշալի մեկնակետ, գիրք-ընթերցող-գրող-գրախանութ երկար սպասված գործուն կառույցի կոնկրետ հարաբերություններ, որ տալիս է իր արդյունքները:



«Բյուրոկրատ» գրախանութի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքի յուրաքանչյուր բնակչի ներկայությունը գրախանութում, շփումը գրախանութի հետ ինքնին արդեն մասնակցություն է նրա կյանքին, նրա գործունեությանը: «Բյուրոկրատի» տարեդարձի առթիվ ներկա էին բազմաթիվ հյուրեր, գրողներ, արվեստագետներ, պարզապես ընթերցողներ, մարդիկ, որոնք կարճ ժամանակահատվածում կապվել են նրա հետ:



Տեղի ունեցավ գեղանկարիչ Արշակ Ֆեթվաճյանի արվեստին նվիրված գրքի շնորհանդեսը: Քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը «Բյուրոկրատ»-ի համար հատուկ նվեր էր պատրաստել` տուֆե քարի վրա քանդակված գիրք: Այն, որ մեր քաղաքի համար չափազանց կարեւոր է «Բյուրոկրատ» գրախանութի գոյության փաստը, նրա ներկայությունը մարդկանց կյանքում` հիշեցնում է, որ աշխարհում դեռ կա «գիրք» անունով հրաշքը, որ ամենակարեւորներից է՝ որպես քաղաքակիրթ հասարակության ձեւավորման գրավական, որ մենք, բացի հաց ուտելու հաստատություններից, բացի այս կամ այն բնագավառի համար գրասենյակներ ու ֆիրմաներ ունենալուց, ի վիճակի ենք շփվելու այլ իրականության, այլ հիշողության, մշակութային այլ կոնտեքստի հետ:



Առջեւում «2012» թիվն է, որ գնալով ասես ձախողում ու անկազմակերպվածություն է գուժում: Գրքի համաշխարհային մայրաքաղաքի կոչմանը դեռ արժանանալ է պետք. որ նման պատիվ են արել՝ իհարկե լավ է, ասում են` սքանչելի ծրագիր է ներկայացվել, բայց այսպիսի անգրական մթնոլորտում, գրախանութների ու գրադարանների այս քանակով դժվար թե ծրագրի սքանչելիությունը կյանքի կոչվի: Քաղաքին պետք են նոր գրախանութներ, նոր գրադարաններ, նոր տոնական մթնոլորտ, տոնի կարեւորության, նաեւ՝ պատասխանատվության մեծ զգացողություն: Վերջիվերջո խոսքն իրի, սննդի, հագուստի եւ այլ նյութի մասին չէ. խոսքն ամենայն ԳՐՔԻ մասին է, եւ դրանով պետք է ամեն ինչ ասված լինի:



«Բյուրոկրատ» գրախանութին մեկ տարվա ընթացքում հաջողվեց խոսել իր մասին, գրքերի եւ գրականության մասին, որ հրաշալի օրինակ է ապագայում նոր գրախանութներ ստեղծողների համար: Միայն թե այդ ապագան մոտ լինի: