Հակահարձակումը շարունակվում է

Հակահարձակումը շարունակվում է
Այս օրերին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում բանակն է եւ բանակի շուրջ բանավեճը: Մի կողմից հասարակությունն է, որին զայրացնում է բանակում տիրող վիճակը, մյուս կողմից՝ ՊՆ-ն, որը բանակի թերությունների մասին բարձրաձայնողներին լռեցնելու առաքելություն է ստանձնել: Ռեպորտաժներ են պատրաստվում, հայտարարություններ տարածվում, հասարակական կազմակերպությունների ֆինանսական գործունեության մանրակրկիտ ուսումնասիրություններ են արվում: Պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանն էլ ասել է, որ ՀԿ-ները «ներազդում են բանակի մարտունակության վրա», ինչն աններելի է, եւ նրանց կողմից բանակի առնչությամբ ակտիվ գործունեությունը շարունակվելու դեպքում դա կդիտարկվի որպես ոտնձգություն բանակի նկատմամբ, եւ դրանց կտրվեն իրավական լուծումներ:



Երեկ «Բանակն իրականում» նախաձեռնող խմբի անդամներն արձագանքել են փոխնախարարի այս հայտարարությանը: «Իշխանությունների կողմից հնչեցված սպառնալիքները գնահատում ենք որպես իրավապաշտպան կազմակերպություններին եւ «Բանակն իրականում» քաղաքացիական շարժմանն ուղղված սպառնալիք եւ դրանով իսկ մարդու արտահայտվելու ազատության ու միավորումների ազատության սահմանադրական իրավունքների կոպիտ ոտնահարման դրսեւորում: Դա սպառնալիք է՝ ուղղված նաեւ անձամբ մեզ ու ՀՀ մյուս քաղաքացիներին, եւ ոտնձգություն մեր երկրի ազգային անվտանգության նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ:



Այնուհետեւ՝ «Ցավալի է, որ պատերազմական վիճակում գտնվող մեր երկրի իշխանությունները անվտանգությանը սպառնացող երեւույթներին համարժեք արձագանքելու, բանակային հանցագործությունները վերացնելու եւ մեղավորներին բացահայտելու ու պատժելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն փորձում են լռեցնել հանցագործությունների մասին բարձրաձայնող անձանց, ինչը կասկածի տակ է դնում բանակում առկա խնդիրները կարգավորելու քաղաքական կամքի առկայությունը»: Ի դեպ, նախաձեռնության անդամները, որոնց մեջ են Արթուր Սաքունցը, Լեւոն Բարսեղյանը եւ ուրիշներ, պատրաստվում են փոխնախարարի՝ իրենց հասցեին հնչեցրած վիրավորանքները բերել իրավական հարթություն:



ՊՆ-ն այս անգամ որոշել է ՀԿ-ներին պատասխանել ինչ-որ նորելուկ նախաձեռնությունների բերանով: Երեկ բոլորին անհայտ՝ «Բանակում ծառայած երիտասարդների» ինչ-որ նախաձեռնություն հայտարարություն է տարածել, պահանջելով «թափանցիկություն հասարակական կազմակերպություններից,  որոնցից շատերն ընդամենը մի քանի մարդու միավորում են, սակայն աղմկում են ահավոր բարձրաձայն, իսկ գումարներ լվանում դեմոկրատիայի անվան տակ»:



Մենք փորձեցինք պարզել, թե այսքան «համարձակ» արտահայտվող նախաձեռնությունը քանի անդամ ունի եւ ինչ նպատակ է հետապնդում: Պարզվեց՝ հանրությանը հայտնի ՀԿ-ներից, այդ թվում եւ լրագրողներից ոչ մեկին ծանոթ չէ այս նախաձեռնությունը: «Ինձ ծանոթ չէ այդ նախաձեռնությունը, առաջին անգամ եմ լսում: Բայց դա զարմանալի չէ: Այս օրերին հարյուրավոր նման «նախաձեռնություններ» կստեղծվեն, ու նույնաբովանդակ հայտարարություններ կտարածեն»,- մեզ հետ զրույցում ասաց Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: