Լուսանցքային ուժերն ակտիվանում են

Լուսանցքային ուժերն ակտիվանում են
Իշխող կոալիցիայի ճակատագիրը դարձել է վերջին օրերի գլխավոր ներքաղաքական ինտրիգը: «Բարգավաճ Հայաստանը» կլքի՞ կոալիցիան, թե՞ ոչ: Այս հարցն է ներիշխանական զարգացումների էպիկենտրոնում: Եվ ահա, Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան քաղաքական հարաբերությունների ճշգրտման մոտ տասնօրյա ընթացքը քաղաքական արխիվից ասպարեզ բերեց մի շարք մոռացված ուժերի: Ի դեպ, ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիոն հետագա համագործակցության հարցն առաջիկա օրերին կքննարկվի, իսկ երեկ Սերժ Սարգսյանը ՌԴ այցից տուն է դարձել, եւ երկու ճամբարներում շունչները պահած սպասում են, որ կամ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի Սերժ Սարգսյանին 2013 թ. սատարելու մասին, կամ կլքի կոալիցիան:



Քաղաքական լուսանցքում հայտնված, բայց ԲՀԿ-ի ապահարզանից ոգեւորված ուժերն այս օրերին կրկին կենդանության նշաններ ցույց տվեցին: Ասպարեզից անհետացած անձինք, իշխանության մեջ հայտնվելու երանությամբ ակտիվորեն ասուլիսներ են հրավիրում, հայտարարություններ անում, թե պատրաստ են ընդլայնված կոալիցիա կազմել Հանրապետականի հետ, հարցազրույցներ են տալիս ու հայտարարում, որ Սերժ Սարգսյանը կձախողվի, եթե որոշի միայն ՕԵԿ-ի հետ գնալ ընտրությունների: Զորօրինակ վերջին օրերին ՀՀԿ-ի հետ համագործակցելու, սատարելու մասին են խոսել Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ավելորդ է խոսել «հաճախորդացման» դպրոցի տնօրեն Արտաշես Գեղամյանի՝ իշխանությանը սիրահետող հարցազրույցների  մասին, երեկ էլ՝ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:



Չի բացառվում, որ այս ուժերը խաղի մեջ են մտել հենց նախագահականի պատվերով, որպեսզի Ծառուկյանին ցույց տրվի, որ «սուրբ» տեղը դատարկ չի մնա: Քաղաքական գործիչներից մեկի դիտարկմամբ էլ, այդպիսով նաեւ «քաղաքական արբանյակների հացի խնդիրը կլուծվի»: Չի բացառվում, որ ոմանք էլ ինքնաբուխ են իրենց ծառայությունները շուկա հանել: Թերեւս առաջիկա օրերին պարզ կդառնա՝ ՀՀԿ-ն կգնա՞ արդյոք ընդլայնված կոալիցիայի: Սակայն ուշագրավն այն է, որ օրեր առաջ մեր  թղթակցի այդ հարցը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը կտրականապես հերքել էր, թե որեւէ կուսակցությունից նման դիմում չեն ստացել, մինչդեռ երեկ  ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն իր ասուլիսին հայտարարեց, որ իրենք ՀՀԿ-ի հետ քննարկել են հնարավոր համագործակցության հարցը եւ ՀՀԿ-ի պատասխանի դեպքում հստակ կհայտարարեն միասին հանդես գալու մասին:



Նաեւ՝ ԱԻՄ նախագահը երեկ հայտարարեց, որ սառեցնում է իր ղեկավարած «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության գործունեությունը եւ «զրոյից վերականգնում» Ազգային միացյալ կուսակցությունը՝  աջակցելով Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Հայրիկյանն աթոռի կռիվ հո՞ չի տալիս, ազգի մասին է մտածում: Նա իր ծրագիրն արդեն ներկայացրել է ՀՀԿ-ին, եւ իրեն ՀՀԿ-ից (Գալուստ Սահակյանը) ասել են, որ Սերժ Սարգսյանն արդեն ծանոթացել է իր ծրագրին: Հիմա Հայրիկյանը պատասխանի է սպասում: «Սերժ Սարգսյանն այժմ մտորումների մեջ է այն պատճառով, որ այդ ծրագիրն առաջին անգամ պետք է կիրառվի. որեւէ երկրում նման բան չի եղել»,- ասաց ԱԻՄ ղեկավարը:



«Տրամաբանական եմ համարում առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ին աջակցելու որոշումը՝ հաշվի առնելով, որ եւ ՀՀԿ-ն, եւ ԱԻՄ-ը նույն արմատից են սերում»,- պատճառաբանեց Հայրիկյանը: Ավելին, ՀՀԿ-ին ահազանգող մեսիջ ուղարկեց, թե նա կարող է 50+1 ձայներ հավաքել միայն կեղծիքներ թույլ տալու դեպքում. «Եթե ուզում ես իշխանության գալ, պիտի ոչ միայն ֆինանսական դաշնակից փնտրես, այլեւ գաղափարական եւ անցյալ ունեցող»: Պարզվում է՝ նա պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ, նույնիսկ «եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ներողություն խնդրի իր արածների համար, նրա հետ»:



«Մնում է, որ ՀՀԿ-ն կամ ՀԱԿ-ը, կամ անհայտությունից հետ վերադարձող Ռոբերտ Քոչարյանը, որը մեծ խնդիր ունի, նա պետք է կարողանա համոզել, որ «Մարտի մեկի» հետ որեւէ կապ չունի, ինչը շատ դժվար է, հայտարարեն, որ ընդունում են ազատ Հայաստանի ծրագիրը»,-  նշեց Պարույր Հայրիկյանը: Որեւէ մեկի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, բայց կա պայմանավորվածություն` «ընդունեք ազատ Հայաստանը որպես ձեր ծրագիր, եւ մենք ձեր գործընկերներն ենք, եւ դուք աթոռապաշտական խմբավորում չեք»:



Երեկ նաեւ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանից հետաքրքրվեցինք խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ֆորմատի եւ հնարավոր համագործակցությունների մասին: «ՄԱԿ-ի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին լինելու է շատ լավ եւ գեղեցիկ: Ձեր դուրն էլ կգա»,- ասաց Արսենյանը` չբացառելով համագործակցությունն այլ ուժերի հետ: «ՀՀԿ-ի հետ ե՞ւս» մեր հարցին պատասխանեց. «Ես հնարավոր համարում եմ ցանկացած ուժի հետ համագործակցությունը, եթե այդ ուժն ունի այն ծրագրերը, որոնք համապատասխանում են նաեւ մեր ծրագրերին: Մենք պարտականություններ ունենք մեր երկրի առջեւ, եւ կապ չունի, թե ով կիրականացնի այդ պարտականությունները, բայց եթե տեսնենք դեմ գործող համակարգերին, կկոշտացնենք մեր դիրքորոշումները: Համոզված եմ՝ մեր երկրում միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք իրենց խմբակային շահերը վեր կդասեն պետական շահերից»:



Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանն էլ հայտնեց՝ անկախ ամեն ինչից, իրենք մասնակցելու են, թեեւ չբացառեց համագործակցությունն այլ ուժերի հետ. «Մենք կհամագործակցենք այն ուժերի հետ, որոնց նախընտրական ծրագրերը կլինեն մեզ համար ընդունելի»: ՀՀԿ-ի հետ համագործակցությունը քիչ հավանական համարեց. «Մենք տեսել ենք մինչ օրս իրենց արածը, հիմա շրջադարձն այնպիսին պետք է լինի եւ տեսանելի, որ համապատասխանի մեր սկզբունքներին»: