Զենքի վրա են երդում տալիս, բայց վկայականներ չեն բաժանում

Զենքի վրա են երդում տալիս, բայց վկայականներ չեն բաժանում
Դաշնակցության ապագայի ու ներքաղաքական խնդիրների շուրջ է մեր զրույցը ԱԺ ՀՅԴ պատգամավոր Հրայր Կարապետյանի հետ:



- Պարոն Կարապետյան, ի՞նչ ապագա է սպասվում Դաշնակցությանը, ՀՅԴ-ն ի՞նչ դերակատարություն է տեսնում իր համար ապագա խորհրդարանում, տեսակետներ կան, որ հնարավոր է ՀՅԴ-ն չլինի ԱԺ-ում:



- Ես կարծում եմ` դրանք տեսակետներ չեն, դրանք հավանաբար ցանկություններ են, որովհետեւ իրականությունն այլ է: Չեմ կարծում, որ մարդիկ կան, որ կասկածում են, որ ՀՅԴ-ն ունի իր կայուն ընտրազանգվածը, որովհետեւ Դաշնակցությունը գաղափարախոսություն ունեցող կուսակցություն է, եւ նրանք, ովքեր մտել են մեր շարքերը, այդ գաղափարախոսությունն ընդունելով են մտել, ոչ թե պաշտոնի համար կամ այլեւայլ նկատառումներով: Դա է պատճառը, որ կայուն ընտրազանգված ունի: Հետո՝ նաեւ Դաշնակցության անդամագրությունը շատ դժվար է: Էնպես չի, որ մենք մեր դռները բացում ենք եւ վկայականներ ենք բաժանում: Դաշնակցությունը նույնիսկ վկայական չունի:



- Դուք զենքի վրա եք, չէ՞, երդում տալիս:



- Այո, բայց վկայականներ չենք բաժանում: Մենք երդում, այո, տալիս ենք զենքի վրա, ոչ միայն զենքի, այլեւ դրոշի եւ կանոնագրի, եւ մեզ մոտ անդամագրվելը բավականին դժվար է: Իր տարածքում ապրող դաշնակցականները պետք է կարծիք ներկայացնեն, հարցում անեն բոլոր ճանաչողներին: Էնպես չի, որ ով դիմեց, մենք ներգրավենք կուսակցության շարքերը: էնպես որ մեր ընտրազանգվածը կայուն է, եւ չեմ կարծում, որ մենք դժվարություններ ունենք հինգ տոկոսը հաղթահարելու հարցում:



- Իսկ Դաշնակցությունը որոշե՞լ է, թե ում է սատարելու նախագահական ընտրություններում:



- Նախ` մեզ սպասում են խորհրդարանական ընտրություններ, եւ միանշանակ Դաշնակցությունը միայնակ է մասնակցելու այդ ընտրություններին: Եթե կլինեն կուսակցություններ, որոնք կուզենան մեզ միանալ, մենք կքննարկենք այդ հարցը, բայց որ մենք ինքնուրույն ենք լինելու ընտրություններում, սա միանշանակ է: Նախագահական ընտրությունների հետ կապված որոշում է արտահերթ գերագույն ժողովը, որը պետք է տեղի ունենա խորհրդարանական ընտրություններից հետո: Բայց ընդհանրապես ՀՅԴ-ն ինքնուրույն կուսակցություն է եւ հակված է իր ուժերին ապավինելու: Այս պահին՝ առավել եւս, որովհետեւ հիմա ընդդիմություն է: Հետո շատ բան կախված է խորհրդարանական ընտրությունների ընթացքից: Այսօր ոչ ոք միանշանակ չի կարող ասել, թե նախագահական ընտրություններում ինչ դիրքորոշում է ունենալու: Ցանկություններ կարող են լինել, բայց, կարծում եմ՝ դրանք շատ մասով կտարբերվեն իրականությունից:



- Սակայն այսօր, օրինակ, կա կոալիցիոն հուշագիր, որով իշխանական ուժերը հայտարարում են, թե ում են սատարելու:



- Այո, կա հուշագիր, բայց այսօր մենք լսում ենք, որ տարբեր ուժեր տարբեր շտկումներ են ուզում մտցնել այդ հուշագրի մեջ: Խոսում են, չէ՞, էդ մասին «Բարգավաճի» հետ կապված, կոալիցիան միասնական չի գնալու ընտրություններին, ընտրություններից հետո հնարավոր է նախագահականում նույն բանը տեղի ունենա: Ամեն ինչ կախված է նրանից, թե խորհրդարանական ընտրություններն ինչ ընթացք կունենան:



- Ձեր կարծիքով, ի՞նչ է սպասվում կոալիցիային. ասվում է, որ հնարավոր է առաջիկայում ԲՀԿ-ին դուրս հրավիրեն կոալիցիայից, կամ էլ ինքը լքի կոալիցիան:



- Ես գուշակություններ անել չեմ սիրում: Իրադարձությունները ցույց կտան` ով դուրս կգա, ով ներս կմտնի: Ամեն մեկը պիտի խոսի իր փոխարեն:



- Կարծում եք նորմա՞լ է ներկոալիցիոն այդ մթնոլորտը, իրավիճակը:



- Կարծում եմ՝ դրա մասին պետք է խոսեն կոալիցիայի անդամները:



- Երբ դուք` ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, իրեն ընդդիմադիր ուժ հռչակեց: Հետաքրքիր է` հիմա ո՞ր ընդդիմադիր ուժերի հետ է համագործակցում, հանդիպումներ ունենում: Օրինակ ՀԱԿ-ի հետ երբեւէ փորձե՞լ եք հանդիպումներ ունենալ:



- Հայ-թուրքական արձանագրությունների խնդրով բազմաթիվ կուսակցություններ եկան, մեր կողքին կանգնեցին, ինչպես նաեւ բազմաթիվ ՀԿ-ներ: Մենք այսօր սերտորեն համագործակցում ենք սոցիալիստական թեւի կուսակցությունների հետ եւ պատրաստ ենք այդ համագործակցությունը շարունակել: Մենք նախաձեռնել ենք «Քվեն ուժ է» շարժումը եւ կոչ ենք արել, որ այն քաղաքական ուժերը, որոնք շահագրգռված են ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հարցում, արձագանքեն մեր կոչին:



- Կա՞ արձագանք:



- Ցավոք սրտի, չկա, եւ հատկապես այն ուժի կողմից, որն ամենաշատն է Հայաստանում ժողովրդավարության հաստատման անհրաժեշտության մասին խոսում: Չկա ոչ ՀԱԿ-ի կողմից,  ոչ իշխանությունների: