Տարոն, արածդ գործի անունն ի՞նչ է

Տարոն, արածդ գործի անունն ի՞նչ է
Պարզվում է՝ Տարոն Մարգարյանն  իր ընտրվելու օրը խիզախ հայտարարությամբ ընդամենը փորձեց տպավորություն թողնել:  Խոսքն այն հայտարարության մասին էր, թե Աբովյան փողոցը վերադարձնելու է երեւանցիներին: Նույնիսկ  քաղաքապետարանում լուրեր շրջանառվեցին, թե այդ գործընթացը կիրականացվի դեկտեմբեր ամսին, սակայն սայլը տեղից չի շարժվում: Ոչ միայն Աբովյան փողոցի «բուտիկները» չեն մոնտաժվում, այլեւ խանութներում ակտիվորեն առեւտուր է իրականացվում, պարբերաբար նոր տեսականիով թարմացվում: Թերեւս պատճառներից մեկն էլ այն է, որ նոր քաղաքապետը, ինչպես նախորդները, կենտրոնացել է նախատոնական զարդարանքի ու վերջին տարիներին լուրջ կարեւորություն ստացած տոնածառի վրա: Թե ինչու չի կատարում խոստումը Մարգարյանը, փորձեցինք ճշտել քաղաքապետարանի լրատվության վարչությունից: Այստեղից էլ արդարացան, թե անպայման ապամոնտաժելու են, սակայն կոնկրետ ժամկետների մասին խոսք չի եղել:



Այսպիսով չի բացառվում, որ այս գործընթացը եւս ներառվի առաջիկա ընտրությունների քարոզչական շոուի ծրագրում: Ի դեպ, քաղաքապետը երեկ «բուտիկներից» առավել կարեւոր մի գործ էլ է կատարել, ինչով հատկապես սիրում է զբաղվել իր կուսակից ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:  Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցների տնօրեններին հրավիրելով քաղաքապետարան՝ խոսել է ոլորտից, ինչպես նաեւ դրամահավաքությունից: Պահանջել է անել հնարավորը՝ դպրոցում այն բացառելու համար: Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ դպրոցներում պահանջվող հավելյալ ծախսերը կարելի է կատարել տնտեսումների, ինչպես նաեւ «Օգնիր դպրոցիդ» արշավից ստացված ֆինանսական միջոցների շնորհիվ, որոնց վերաբերյալ տնօրենները ներկայացնում են հաշվետվություններ:



Սակայն դպրոցներում նախկինի պես շարունակվում է նախատոնական դրամահավաքությունը, պարզապես, ի տարբերություն նախկինի, տնօրինությունը հրահանգում է այն ավելի կազմակերպված անել, որպեսզի բողոքներ չլինեն, հակառակ դեպքում պատժվում են դասղեկները, որոնք չեն կարողացել այնպես հրամցնել ծնողներին դրամահավաքության նպատակն ու անհրաժեշտությունը, որպեսզի դժգոհություն չառաջացնեն: