«Մոսկվիչկան» վրիպե՞լ է աչքներից

«Մոսկվիչկան» վրիպե՞լ է աչքներից
Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետի՝ հաճախակի ՀԴՄ կտրոն չտալու մասին մենք բազմիցս ենք գրել: Այս տեղեկությունը երեկ լրագրողներից մեկը կրկին հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին, հարցնելով՝  արդյո՞ք հարկային տեսուչները այդպիսի խախտում արձանագրել են, թե՞ նման խոշոր խանութը «վրիպել» է հարկայինի աչքից: «Մենք ունենք խանութների մեծ ցանցեր, Հայաստանում չկա այնպիսի տնտեսվարող սուբյեկտ, որ տարվա ընթացքում ինչ-որ խախտում արած չլինի»,- պատասխանել է Ալավերդյանը՝ հավելելով.



«Ինչ վերաբերում է ՀԴՄ կտրոններին՝ այո, լինում է այնպես, որ սուպերմարկետների վաճառողները որոշակի, հատկապես երեկոյան ժամերին ՀԴՄ կտրոն չեն տալիս, մենք ստանում ենք նման տեղեկատվություն մեր «թեժ գծին» եւ մեր աշխատողներին համապատասխան հանձնարարականով անմիջապես ուղարկում ենք տվյալ օբյեկտ:



Եվ եթե այդպիսի  խախտում են արձանագրում՝ միանգամից տուգանում ենք: Առաջին անգամ տուգանքը 150 հազար է, 2-րդ անգամ՝ 300 հազար եւ 5 օրով գործունեության կասեցում, 3-րդ անգամ 600 հազար դրամ է եւ 10 օրով կասեցում: Այս տարի, օրենքի փոփոխությունից հետո, խոշոր սուպերմարկետները պետք է ավելի զգույշ լինեն, որովհետեւ, եթե ՀԴՄ կտրոն չտան եւ այդ խախտումն արած լինեն 2-րդ անգամ,  տուգանքի չափը կկազմի հաշվետու ժամանակահատվածի հասույթի 2%-ի չափով»:



«Կոնկրետ «Մոսկվիչկան» քանի՞ անգամ է տուգանվել» հարցին Ալավերդյանը պատասխանել է. «Մենք «թեժ գծով» հաճախ ենք խախտումների մասին ահազանգեր ստանում, բայց դրանցից շատերը չեն համապատասխանում ճշմարտությանը»: