Երգիչներին մի ներքաշեք քարոզարշավների մեջ

Երգիչներին մի ներքաշեք քարոզարշավների մեջ
Հարցազրույց Լեյլա Սարիբեկյանի հետ



-Լեյլա, նախընտրական շրջանում հայրենասիրական երգը մեծ պահանջարկ է վայելում, այսինքն՝ պահանջարկի մեջ են նաեւ հայրենիքի մասին երգող երգիչ-երգչուհիները:



- Ճիշտն ասած, ես այդ իմաստով միշտ եմ պահանջարկի մեջ, այսինքն՝ ես կրողն եմ այդ արժեքների ու երբ այդ երգերը ես երգում եմ, ժողովուրդը չի ասում, որ ինքը քարոզարշավի համար է երգում: Ես ամբողջ կյանքում եմ այդ երգերը երգում եւ ինքս եմ այդ երգերը գրում: Միգուցե մարդիկ փորձում են օգտագործել այդ փաստը, բայց էլի եմ ասում՝ էս դեպքում մեզ չեն կարող օգտագործել: Ես միշտ նման բաների` քարոզարշավների չեմ խառնվել, դրա համար ինձ համար զարմանալի է, որ ինձ հարցնում են դրա մասին. ես միշտ ավելի ստվերում եմ եղել` ի վնաս ինձ:



- Ի վնաս Ձե՞զ, այսինքն հրաժարվե՞լ եք երգելուց:



- Չէ, էնպես չի, որ չեմ երգել, այսինքն երգել եմ, երբ որ համերգ է արվում ժողովրդի համար, ոչ թե քարոզարշավ:



- Բայց այդ քարոզարշավները հենց համերգների անվան տակ են կազմակերպվում, եւ այդ ընթացքում են իրականացնում, այսինքն՝ այսպես թե այնպես, մասնակից ես դառնում:



- Ես ուզում եմ ասել, որ եթե լավ բան է արվում ժողովրդի համար, դա եւս մեկ առիթ է .... ենթադրենք, եթե լավ երգիչներ լինեն, լավ ծրագիր լինի, ոչ թե ռաբիս, այդպես շատ լավ կլինի, եւ կոգեւորեն ու ինչ-որ լավ բան արած կլինեն ժողովրդի համար: Ի՞նչ վատ է, դա եւ մեզ է լավ, եւ իրենց է լավ, եւ ժողովրդին է լավ, դրանից բոլորը շահելու են: Իսկ մարդիկ, ովքեր կոնկրետ ուղղվածություն ունեն, նպատակներ եւ ուզում են քարոզարշավ անեն ու որեւէ կուսակցություն ներկայացնեն, դա արդեն մարդու անձնական գործն է, որեւէ խնդիր չեմ տեսնում:



- Եթե չեմ սխալվում, անցած ընտրություններին Հանրապետականի քարոզարշավներին մասնակցում էիք:



- Ես ՀՀԿ-ի քարոզարշավներին չեմ մասնակցել, որովհետեւ պարտադրվեց, որ ես կոնկրետ ինչ-որ բաներ պիտի ասեմ ի օգուտ..., բայց ես ասեցի, որ մեծ սիրով կմասնակցեմ, եթե չլինի կոնկրետ քարոզ կոնկրետ կուսակցության կողմից, ես դուրս եկա այդ համերգից, իսկ մյուս կուսակցությունները, որոնք առաջարկեցին պարզապես համերգներ, առանց քարոզի, ես գնացի: Պետք չի երգիչներին ներքաշել քարոզի մեջ, եթե ուզում են, թող լավ, հետաքրքիր համերգներ կազմակերպեն, դա առիթ է, որ մեր երգիչներն էլ նորմալ վարձատրվեն: Ու ես իմ ինտերվյուների ժամանակ շատ եմ խնդրել կուսակցություններին, որ երգիչներին չներքաշեն այդ քարոզարշավների մեջ, այլ ուղղակի համերգներ կազմակերպեն, որոնք կարելի է հիմա ավելի հետաքրքիր անել, ոչ թե բերել-մի քանի հոգու երգացնել, այլ ավելի հետաքրքիր բաներ անել` համերգային դահլիճներում միգուցե: Եղել է նաեւ այնպես, որ ուզեցել են իրենց հիմները երգեմ, բայց չեմ երգել, ասել եմ` ես դրա համար չեմ:



- Օրինակ կուսակցություններից որո՞նք են առաջարկել իրենց հիմնը երգել:



- «Բարգավաճի» կողմից էլ են առաջարկել, Դաշնակցության կողմից էլ, բայց ես ասել եմ, որ եթե ինձ վստահեք գրել երգ, ես կգրեմ հայրենիքի, երկրի, հայի մասին, այսինքն՝ եւս մեկ առիթ քո խոսքը ժողովրդին ասելու: Ես չեմ կարող գրել մի բան, որն իմ սրտից չի գալիս:



- Բայց դե, մեծ հոնորարների դիմաց կարելի է մտածել:



- Ես իմ երգերը միշտ նվիրում եմ, անկախ նրանից, թե դա ինչի համար կլինի, որովհետեւ ես չեմ կարող այդ երգերը ծախել, նամանավանդ եթե խոսքը վերաբերում է հայրենիքին: Դա էլ իմ կողմնորոշումն է:



- Եթե հրաժարվում եք եւ քարոզ անելուց, եւ երգերը վաճառելուց, ֆինանսական առումով պիտի որ շատ նեղություն կրեք:



- Էդպես էլ կա: Ես նորմալ աշխատել եմ անցած ընտրություններին, երբ մարդիկ պարզապես հրավիրել են համերգի, բայց երբ հարց եղավ, որ պիտի ինչ-որ քարոզ, խոսք ասեի ի պաշտպանություն այդ կուսակցության, հրաժարվեցի: Նույնիսկ տեսահոլովակ եղավ, սկզբից ինձ ասել էին հայրենիքի մասին է, հետո հասկացա, որ կուսակցության օգտին է, ու չնկարահանվեցի, իսկ տեսահոլովակում միայն իմ ձայնն է հնչում. ուղղակի ես չեմ սիրում, երբ խաբում են, այդքան բան: Հետո այնքան բարդ է, թե այսօր ով ինչ է անում ու ինչի համար է անում, ով է կրողը, ով՝ ոչ, մարդկանց ապրելակերպից էլ է դա պարզ երեւում:



- Լեյլա, Դուք նաեւ երգում եք «ապարանյան կլանի» բոլոր միջոցառումներին, եթե պետք լինի նախընտրական շրջանում Աղվան Հովսեփյանի կամ Ռուբեն Հովսեփյանի կողքին լինել ու նրանց խնդրանքով այս կամ այն կուսակցությանը սատարել, էլի ձեռնպա՞հ եք մնալու:



- Ես ոչ միայն մասնակցում եմ բոլոր միջոցառումներին, այլ նաեւ «Նիգ-Ապարան» միության անդամ եմ: Բայց իմ դիրքն այնպիսին է, եւ ընդհանրապես՝ իմ նկատմամբ հարգանքն այնքան մեծ է, որ որեւէ մեկը որեւէ բան ինձ այսքան ժամանակ չի պարտադրել, բացի խնդրանքից, եւ չի արվել որեւէ մի բան, որը հարիր չի ինձ ու իմ կեցվածքին: Ես միշտ հարգվել եմ, որովհետեւ այդպես եմ ապրում, անկախ նրանից, որ իմ ընկերներն են, եւ այլն, եւ այլն... եթե մի բան իմ սկզբունքներին դեմ չէ, եւ ես կարող եմ օգտակար լինել, ես կլինեմ օգտակար:



- Եթե առաջիկայում բոլոր կուսակցություններին էլ օգտակար լինելու կարիք լինի, ոչ քարոզի տեսքով, այլ երգի, կընդունե՞ք առաջարկները:



- Միանշանակ, դա էլ մեր մասնագիտությունն է, եւ պիտի ուրախ լինենք, որ մարդիկ մեր երգի կարիքն ունեն: