«Նա ներքևի մարդ չէ. նրա տեղը վերևում է» (լուսանկարներ)

«Նա ներքևի մարդ չէ. նրա տեղը վերևում է» (լուսանկարներ)

Գրիգոր Նարեկացու մասին պատմող առաջին ֆիլմը՝ «Հովիվը», օրերս հանձնվեց հանդիսատեսի դատին: Ֆիլմի հաջողության մասին խոսումն էին ցուցադրությունից հետո դահլիճում հնչած ծափահարությունները և հիացմունքի խոսքերը:  Այն դիտելիս ես տարբեր զգացողություններ ունեցա: Նարեկացին ինձ համար այնքան անկրկնելի է, որ չէի պատկերացնում, թե ով և ինչպես պետք է մարմնավորի վերջինիս:



Ֆիլմում Նարեկացուն կերպարավորել էր Արթուր Կարապետյանը: Դերասանը բազմիցս նշել էր, որ մտավախություն ուներ դերը լավ չկատարելու: Ֆիլմն ինքը խոսեց այդ մասին: Դերասանը Նարեկացու կերպարը հրաշալի էր կերտել: Ա. Կարապետյանի Նարեկացին շատ անկեղծ էր, բնական և թերևս այդ պատճառով էլ շատ սիրվեց հանդիսատեսի կոմից:



Թեև շատերս Նարեկացուն երկար ու սպիտակավուն մորուքով ենք պատկերացնում, բայց ֆիլմում անգամ դերասանի կարճ մորուքը, որը երբեմն սև էր, երբեմն` սպիտակ, չխանգարեց տեսնելու ճգնող հանճարին:



Թե´ դերասանների հագուստները, թե´ նկարահանման վայրերը Արևմտյան և Արևելյան Հայաստանում, Ֆիմում ստեղծել  էին ժամանակաշրջանին  համապա-տասխան կոլորիտ:  Նարեկացին քարանձավներում ճգնում էր՝ գրելով իր Մատյանը:



Սցենարի հեղինակ Արթուր Էդարը հետաքրքիր լուծում էր տվել Նարեկացու ներքին ապրումներին՝ կապված կնոջ հետ: Գրականության մեջ ընդունված կարծիք է, որ «Տաղ Վարդավառին» Նարեկացին գրել է՝ ոգեշնչվելով ինչ-որ կնոջից: Ֆիլմում այդ կինը գեղջավագի որդու այրի Արփենիկն է, ով երբեմն հաց է բերում Նարեկացուն և մի անգամ, կարդալով ձեռագիրը, հասկանում է, որ իր մասին է:



Կնոջ այդ և սիրո մասին ակնարկները Նարեկացին մերժում է՝ հավատարիմ մնալով հոգևորականի իր կոչմանը:



Նարեկացուն ֆիլմում տեսնում ենք որպես հովիվ, որը սկզբում տարօրինակ է թվում, բայց հետո հասկանում ես, որ այս միտքն ավելի խորն է: Նարեկացին ազգի հոգևոր հովիվն է եղել:



Կարծում եմ՝ ֆիլմում Նարեկացու որպես հրաշագործ-բժշկի մասին պատմող կադրերը լիովին արդարացված են, հատկապես, եթե հաշվի առնենք, որ ֆիլմը հիմնված է ժողովրդական ավանդույթների հիման վրա, իսկ դրանք Նարեկացու մասին բազմաթիվ են, գուցե երբեմն նաև անհավանական:



 Իմ պատկերացմամբ` Նարեկացին միայն ճգնում էր, բայց ֆիմում միստիկ բանաստեղծին հաճախ տեսնում ենք գյուղացիների հետ շփման մեջ: Այս միտքը թերևս կարողացա ընդունել, որովհետև չնայած դրան, ֆիլմում Նարեկացին միևնույն ժամանակ ձգտում էր միայնության:



 Բայց ֆիլմում կար մի տեսարան, որն այդպես էլ  չկարողացա ընդունել: Երբ հոգեւրարականներից մեկը, ով գեղջավագի հետ Նարեկացուն փորձում էր ատյան քարշ տալ, գալիս է Նարեկացու հետևից, երբ վերջինս ծնկաչոք աղոթում է տիրոջը և ներում խնդրում իր դեմ չարախոսեղների համար, քանզի նրանք չէին գիտակցում, թե ինչ էին անում:



Դերասանը գրեթե այն նույն խոսքերն է արտասանում, ինչ Քրիստոսը խաչի վրա: Գուցե սցենարիստն այսպես փորձել է Նարեկացուն մոտեցնել կամ նույնացնել Քրիստոսի հետ, բայց կարծում եմ, որ Նարեկացուն պետք չէր ոչ-ոքի հետ նույնացնել, նա ինքնին յուրահատուկ էր և սուրբ: Թեև շատերը գիտակցում էին նրա սուրբ լինելը, բայց հալածում էին նրան, քանի որ երկիր վրա նրա համար տեղ չկար:



Այս միտքը շատ գեղեցիկ է արտահայտված ֆիլմում: Գեղջավագը 3 հոգևորականների հետ դավադրություն է պատրաստում նրա դեմ՝ ասելով. «Ես էլ խիղճ ունեմ. մի´ կարծեք՝ անխիղճ եմ, բայց նա ներքևի մարդ չէ. նրա տեղը վերևում է»:  Կարծում եմ՝ ֆիլմի ողջ իմաստը կարելի է ամփոփել վերը նշված տողերով:



Ֆիլմը շատ տպավորիչ էին դարձնում նաև «Մատյանից» պարբերաբար  արտասանվող տողերը:  Հատկապես գեղեցիկ էր ֆիլմի վերջը. Նարեկացին ոտաբոբիկ քայլում է ափի ավազների վրայով, և տեսարանն ավարտվում  է այս խոսքերով. «Ու ԹԵՊԵՏ ՈՐՊԵՍ ՄԱՀԿԱՆԱՑՈՒ ՊԻՏԻ ՎԱԽՃԱՆՎԵՄ, ԲԱՅՑ ԱՅՍ ՄԱՏՅԱՆԻ ՀԱՐԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԿՄՆԱՄ ԱՆՄԱՀ»:



Վարդուհի Ստեփանյան