Ժողովրդավարությունը խորամանկությամբ մտնում է Հայաստան

Ժողովրդավարությունը խորամանկությամբ մտնում է Հայաստան
Հայ իրականությունն արտացոլող նորությունները բնութագրվում են միապաղաղությամբ, որն էլ իր հերթին բխում է մեր պահպանողական, բացասական կարծիքներից սարսափող մենթալիտետից: Քչերն են հանդգնում որեւէ ինքնատիպ բան անել, եւ տեղեկատվական պատկերը սկսվում ու ավարտվում է ձանձրալի քաղաքականությամբ:Ահա թե ինչու հատկապես արտառոց թվաց նորությունն այն մասին, որ նախագահ Սերժ Սարգսյանը պատվիրել է քաղաքապետին մոտակա ժամանակում ապամոնտաժել Մաշտոցի պողոտայի այգու կրպակները: Նորությունն այն է, որ սա մի քայլ է դեպի ժողովրդավարություն, եթե անգամ այս հանրային զիջումը բեմականացված էր ու համընկնում էր նախընտրական շրջանի հետ: Իշխանության կողմից զիջումը ցուցարարներին «ծնելու» է նոր ցուցարարներ ու նոր ցույցեր այն պարզ տրամաբանությամբ, որ «եթե մեզ լսեցին, ուրեմն մեր խոսքն արժեք ունի»:



Քաղաքացիական հասարակությունը մեզանում կրկնապատկվելու է, եւ նախագահը, որն ինքը կրկնապատկեց այդ հասարակությունը, անշուշտ գիտակցում է, որ առաջիկայում եւս ստիպված է լինելու հաշվի նստել նրա հետ: Ստացվում է, որ նախագահն ինքը քաջալերեց քաղաքացու ակտիվ մասնակցությունը երկրի կառավարման գործընթացին:



Քաղաքացիական հասարակության մասին խոսելիս նշենք, որ այն մեզ «ձրի նվեր էր աշխարհի խղճի կողմից», ինչպես մեկ այլ առիթով արտահայտվել է Նժդեհը, գլոբալիզացիայի նվերն էր` մի բան, որը հնձեցինք առանց ցանելու, քանի որ ցանել էր  Արեւմուտքը ու ԶԼՄ-ների միջոցով բաժին հանել նաեւ մեզ:



Բախտի տարօրինակ քմահաճույքով իրական բնապահպաններն ու «հոգով» բնապահպանները, այսինքն նրանք, ովքեր հեռուստացույցի առջեւ նստած էին սատարում ակտիվիստներին, ակամա հայտնվեցին պղտոր ջրում ձուկ որսացողի կարգավիճակում: Նախընտրական ջրում որսացողի, ու բավականին առատ որս արեցին` վերանորոգվող մուտքեր, տրակտորներ ու …կրպակների ապամոնտաժում:



Անհրաժեշտ է, որ մեր երկրում մի քանի ամիսը մեկ ընտրություններ լինեն. միայն այդ ճանապարհով կարելի է Հայաստանում լիքը «ձուկ» որսալ: Եվ իսկապես, շատերը, եւ ընդհանրապես վաղուց են խոսում այն մասին, որ արեւմտյան ժողովրդավարության մոդելը պետք է Հայաստանում կիրառելի դարձնել մոդիֆիկացիայի միջոցով: Սկսենք հենց թեկուզ նրանից, որ Արեւմուտքում ընտրված քաղաքական ուժին տալիս են չորս-հինգ տարի ժամանակ, որպեսզի նա հասցնի նկատելի գործ անել, իսկ Հայաստանում նկատելին անում են հենց ընտրությունների ժամանակ, հետեւաբար, պետք է ընտրությունների միջեւ ընկած շրջանը հասցնել նվազագույնի:



Մի հետաքրքիր երեւույթի էլ ականատես եղանք` քարոզարշավի համաչափ մեկնաբանություն ԶԼՄ-ների կողմից: Հնարավոր է, որ այդ արվում է այն քաջ գիտակցությամբ, որ գովազդը մեր քաղաքական իրականության մեջ քիչ դեր ունի, այնուամենայնիվ ակնհայտ է, որ մենք բռնապետությունից անցում ենք կատարում դեպի ուրիշ ինչ-որ բանի: Քիչ հավանական է, որ այդ գործընթացը կանգ առնի. ասենք, հաջորդ ընտրությունների ժամանակ միանգամից հետընթաց լինի, ու նորից ընդդիմադիր դաշտը հայտնվի անխնա քարկոծման ներքո:



Զարմանալի է, բայց ժողովրդավարությունը, թեկուզեւ խորամանկ քայլերով, բայցեւայնպես շարժվում է դեպի Հայաստան: Միայն թե ընտրություններից հետո տեսիլքի նման չցնդի, ինչպես սովորություն ունեն ցնդելու նախընտրական խոստումները:



Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ