Երեք վարչական շրջանների ղեկավարներ կփոխվեն

Երեք վարչական շրջանների ղեկավարներ կփոխվեն
Ընտրությունների կազմակերպման գործում անուրանալի է վարչական շրջանների ղեկավարների դերը: Եվ կուսակցության օգտին ապահոված քվեների քանակից էլ կախված է նրանց պաշտոնավարման նպատակահարմարությունը եւ քաղաքական դաշտում հետագա գործունեությունը: Եվ այսպես, կոալիցիայի եւ կառավարության ձեւավորման հարցերը հստակեցնելուց հետո իշխանության օրակարգ կմտնի վարչական շրջանների ղեկավարների հարցը: Թեեւ արդեն պարզ է, թե ում ինչ է սպասվում: Կարծես թե «սեւ ցուցակում» է հայտնվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը: Թեեւ նա մշտապես աչքի է ընկել ՀՀԿ-ի օգտին մեծաքանակ քվեներ ապահովելով, սակայն այս տարի նրա հնարավորությունները կասկածի տակ դրվեցին այն պահից, երբ այս համայնքում առաջադրվեց ԴԱՀԿ պետ  Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի թեկնածուն՝ Արթուր Ստեփանյանը, ով հաղթեց ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին՝ Տոնուսի Աշոտին:



Ըստ լուրերի, ՀՀԿ-ի օգտին հավաքած քվեները վերագրվել են Միհրանի ռեսուրսին: Նկատենք, որ Միհրան Պողոսյանը համարվում է Սերժ Սարգսյանի սիրելի կադրերից: Հիշեցնենք, որ ընտրություններից ամիսներ առաջ արդեն լարվել էին Քոթանջյանի ու Միհրանի հարաբերությունները, երբ  վերջինս փորձեց այստեղ նախընտրական շտաբի պետ  նշանակել ոմն Գեւորգի, ով «Քեթրին» սուպերմարկետների ցանցի «դեմքերից» է:



Խոսակցություններ կան, որ նշված անձին էլ ընտրություններից հետո նշանակելու են նույն համայնքի ղեկավար: Ահա ավարտվել են ընտրությունները, եւ ՀՀԿ-ն հերթով, թաղեթաղ տոնում է իր թեկնածուների հաղթանակը: Եվ Սերժ Սարգսյանն իր երախտիքն է հայտնում կուսակցության օգտին աշխատած մարդկանց, մասնավորապես համայնքապետերին:



Նախօրեին «Օջախ» ռեստորանում են եղել, որտեղ տեղի է ունեցել Քանաքեռ-Զեյթուն համայնքի հաղթական քեֆը: Ներկաների համար ամենաարտառոցը եղել է Արայիկ Քոթանջյանի բացակայությունը: Մեզ հասած լուրերով, նրան պարզապես չեն հրավիրել խնջույքին, մինչդեռ Քոթանջյանի որոշ կողմնակիցներ հրավիրվածների թվում են եղել:



Այսպիսով, իշխանությունն արտահայտել է իր վերաբերմունքը  Քոթանջյանի հանդեպ, եւ չի բացառվում, որ մոտ օրերս նա պաշտոնանկ արվի: Ի դեպ, հնարավոր է, որ պաշտոնանկ արվի նաեւ թաղապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Ավետիսյանը, քանի որ Միհրանի կողմնակիցները բացահայտել են, որ նրա որդին չի մասնակցել քվեարկությանն ընդհանրապես:



Թե ինչու Քոթանջյանին չեն հրավիրել  հաղթական քեֆին, փորձեցինք պարզել իրենից, սակայն նա շատ անտրամադիր էր եւ չէր ուզում այս թեմայով որեւէ մեկնաբանություն տալ: «Ոչինչ չունեմ ասելու, Աստծու սիրուն: Մեկնաբանություն, որեւէ խնդիր ու որեւէ պրոբլեմ ես չունեմ, թողեք հանգիստ, էլի, ինձ»,-թախանձեց Քոթանջյանը, ապա հավելեց, թե երկու օր կանցնի, կտեսնենք ինչ է լինելու:



Նշենք, որ մինչ այս, խոսակցություններ կային, թե ընտրություններից հետո նրան տեղափոխելու են քաղաքապետարան: Այնուամենայնիվ, պաշտոնանկություն կլինի՞, թե՞ պարզապես տեղափոխություն, հարցրինք իրեն: «Ոչ, չեմ կարծում: Ոչ, որեւէ խոսակցությունից ես տեղյակ չեմ, ով որ խոսում ա, նրանից հարցրեք»: Այնպես որ, հնարավոր է այս համայնքն անցնի Միհրան Պողոսյանի եւ նրա հովանավորյալ Արթուր Ստեփանյանի տիրապետության տակ:



Մի քանի օրից նոր ղեկավարներ կնշանակվեն Դավիթաշեն եւ Աջափնյակ համայնքներում, քանի որ նախկին ղեկավարներ Արթուր Գեւորգյանը եւ Ռուբիկ Հովսեփյանը տեղափոխվում են օրենսդիր մարմին: Թե ով կփոխարինի նրանց, նախկին համայնքապետերը հավաստիացնում էին, թե չգիտեն:



Սակայն մեզ տեղեկություններ հասան, որ Դավիթաշեն համայնքի ղեկավարի պաշտոնում շրջանառվում է երեք հավանական թեկնածուի անուն: Արթուր Գեւորգյանից հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակված տեղակալ  Արմեն Խաչատրյանը, Երեւանի ավագանիում Դավիթաշենի ներկայացուցիչ Ռուսլան Բաղդասարյանը, ինչպես նաեւ թաղապետի նախկին տեղակալ Խաչատուր Կարապետյանը: Այժմ վերջինս ստանձնել է մի քանի վարչական շրջանների աղբահանության ու սանմաքրման գործը, ինչը, այսպես ասած,  մասնավոր բիզնես է: Նշենք, որ Աջափնյակում առայժմ ժամանակավորապես պաշտոնավարում է ղեկավարի տեղակալ Արմեն Բաղդասարյանը: