Արթիկում ԲՀԿ-ն սատարում է ՀՀԿ-ական թեկնածուին

Արթիկում ԲՀԿ-ն սատարում է ՀՀԿ-ական թեկնածուին
ԲՀԿ-ն Արթիկում սատարում է ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանի թեկնածությունը: «Այո, ԲՀԿ-ն սատարելու է Արսեն Աբրահամյանին, մեր կուսակցության քաղխորհուրդն է նման որոշում կայացրել»,- մեզ հետ զրույցում երեկ հաստատեց Արթիկն ընդգրկող ընտրատարածքից պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը, ով ԱԺ ընտրություններում հաղթեց տեղի ՀՀԿ-ական պատգամավոր Մխիթար Վարագյանին: Վերջինիս եղբայրը՝ գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանն է Արթիկում ՀՀԿ թեկնածուն: Ուշագրավ է, որ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն օրեր առաջ հրավիրած ասուլիսում հայտարարել էր, թե իրենք որեւէ համայնքում ՀՀԿ-ական թեկնածուներին չեն սատարելու: Մինչդեռ Պետոյանը երեկ հարցից փոքր-ինչ զայրացավ եւ զարմացավ: «Ինչի ՀՀԿ-ն ԲՀԿ-ի թեկնածուներին կարող է օգնել, ԲՀԿ-ն ՀՀԿ-ի թեկնածուին ինչո՞ւ չի կարող օգնել»:



ԲՀԿ-ն է պարծենում, որ իշխանություն չէ, չմտան կոալիցիա: «Հիմա ես էս քաղաքից մեծ ձայներով հաղթանակ տարա որպես պատգամավոր, արդարացի կլինի՞ ես անտարբեր մնամ էս քաղաքի եւ մարդկանց ճակատագրի համար: Երկու թեկնածու էին, երկուսն էլ ՀՀԿ-ական, ո՞ւմ պաշտպանեինք»,- բացատրեց նա: Հավանաբար, անձնական հակասություններն են ստիպել նման ծայրահեղ որոշման համար: «Չեմ կարծում՝ անձնական, պատգամավոր դառնալուց հետո միշտ հրավիրել եմ քաղաքապետին իմ միջոցառումներին, բայց արհամարհել են: Հիմա Աբրահամյանը բանիմաց մարդ է, եւ մեր համագործակցությունը հեշտ կլինի հետագայում»:



Ձեր կուսակցությունից արժանի մրցակից չունեի՞ք, որ առաջադրեիք: «Դե, այդպիսին չունեինք, որ առաջադրեինք»: Պայմա՞ն եք դրել, որ եթե հաղթի՝ դառնալու է ԲՀԿ-ական: «Բացառվում է նման բան»: