Դատական դեպարտամենտում տենդեր էլ չեն հայտարարել

Դատական դեպարտամենտում տենդեր էլ չեն հայտարարել
Օրերս մենք հերթական նամակն ենք ստացել, որն առնչվում է  ՀՀ դատական դեպարտամենտին եւ նրա ղեկավար Միսակ Մարտիրոսյանին: Նախորդ նամակն անցած տարի էինք ստացել, որից հետո Դեպարտամենտի ղեկավար Մարտիրոսյանը դիմեց դատարան՝ ընդդեմ «Հրապարակի», հետո, իհարկե, հայցը ետ վերցրեց, բայց, ըստ ամենայնի, նրա գործունեությունից դժգոհ մարդիկ շարունակում են պայքարել:



 



Այս անգամ նամակագիրն անդրադարձել է  դատական թարգմանությունների համար հայտարարվելիք տենդերներին: Գրել է, որ թարգմանությունների համար, օրենքի համաձայն, պետք է տենդեր հայտարարվի, սակայն Մարտիրոսյանն ամեն տարի, առանց մրցույթի, պատվերը տալիս է նույն ընկերությանը: «Այն, ինչ կատարվում է այդ համակարգում, անգամ նախագահին կզարմացներ, ու երեւի, հենց իմանա, հաստատ կասի՝ Արման կամ Հրայր, բա չէ՞ որ էս քանի տարի է՝ խոսում ենք, դուք էլ ինձ ասում եք, թե նորմալ է, նորմալ է, արդեն ամեն ինչ լավ է: Նման դեպքի վրա իրականում նախագահն էլ կզարմանար, քանի որ մնացած կոռուպցիոն բացահայտումների գործերով մարդիկ գոնե չեն ալարել՝ տենդեր են հայտարարել: Այս դեպքում նրանք անգամ նեղություն չեն քաշել տենդեր հայտարարել»,- գրված է նամակում:



 



«Մասնավորապես` առանց որեւիցե տենդերի 2011թ. ընթացքում միեւնույն կազմակերպությանը («Ա եւ Արթքոնսալտինգ» ՍՊԸ) թարգմանչական ծառայություններ մատուցելու համար փոխանցվել է ոչ ավել, ոչ պակաս` 86 մլն 670 հազար դրամ, ընդ որում Միսակը Նոր տարվա նախաշեմին որոշել է հարազատ բյուջեից մի քիչ էլ փող կպցնել ու այս գումարից 14 մլն 641 հազարը տարվա վերջում ձեռքի հետ հանել է պահուստային ֆոնդից»: Ըստ նամակագրի, Միսակ Մարտիրոսյանը տենդեր չհայտարարելու որոշումը բացատրում է նրանով, թե դատարանի որոշման հիման վրա կարող է առանց տենդերի պայմանագիր կնքել: «Այնինչ որեւիցե դատարան նման որոշում չի կայացրել: Միսակի աշխատակիցներն իրեն զգուշացրել են, որ հակաօրինական քայլ է անում, սակայն նա հակադարձել է, թե ձեր գործը չէ, ինչ ասում եմ, այն էլ արեք»,- շարադրված է նամակում:



 



Դատական դեպարտամենտից փորձեցինք պարզել, թե ինչու տենդեր չի հայտարարվում դատական թարգմանությունների համար, ինչի վրա է ծախսվել պահուստային ֆոնդից դուրս գրված հավելյալ 14 միլիոն 641 հազար դրամը, եւ ընդհանրապես, տարեկան որքան գումար է ծախսվում թարգմանությունների վրա:  Դեպարտամենտից ստացված պատասխանում գրված է, թե 2011 թվականին ՀՀ դատական դեպարտամենտի կարիքների համար թարգմանչական ծառայությունների ձեռքբերման նպատակով փաստացի ծախսը կազմել է 86.671.36 հազ. դրամ, որից 14.671.36 հազ. դրամը հատկացվել է ՀՀ դատարանների պահուստային ֆոնդից։ Այսինքն՝ դեպարտամենտի ներկայացրած թվերը, աննշան տարբերությամբ, համընկնում են նամակում նշված թվերի հետ: «2012 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ թարգմանչական ծառայությունների ձեռքբերման նպատակով փաստացի ծախսը կազմել է 56.402.44 հազ. դրամ (ՀՀ դատարանների պահուստային ֆոնդից նշված ծառայությունների համար գումար չի հատկացվել)»։



 



Եվ, վերջապես, պարզաբանել են, թե ինչու տենդեր չի հայտարարվում: «Թարգմանչական ծառայությունների  մատուցման պայմանագիրը կնքելիս Դատական դեպարտամենտը ղեկավարվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետով, որի համաձայն, «օրենքով նախատեսված դեպքերում քրեական, վարչական կամ դատական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց որոշումներով նախատեսված կոնկրետ անձանց կողմից մատուցվող ծառայությունների ձեռքբերման ընթացքի վրա սույն օրենքի գործողությունը չի տարածվում»։ Հետեւաբար, մրցույթ չի հայտարարվել, իսկ սակագների որոշման համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 28.07.2011 թվականի թիվ 1057-Ն որոշման 35.1 եւ 35.2 կետերը, որի հիման վրա գնանշումների հարցումների ճանապարհով ուսումնասիրվել է համապատասխան շուկան՝ հարցում է կատարվել նույնատիպ ծառայություններ մատուցող չորս կազմակերպությունների եւ կնքվել է պայմանագիր ամենացածր սակագին ներկայացրած կազմակերպության հետ»։ Իսկ թե նման պայմաններում ինչու են այսպիսի նամակներ գրվում, եւ ինչպես է 86 միլիոն դրամից ավելի ծախսվում թարգմանությունների վրա, թողնում ենք ընթերցողի ու Դատական դեպարտամենտի հայեցողությանը եւ մեկնաբանություններին: