Բազմակուսակցական համակարգի այլասերումն է պատճառը

Բազմակուսակցական համակարգի այլասերումն է պատճառը
Տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի իշխանությանը դաժան կրիտիկայի ենթարկած ընդդիմադիրները նախագահի ընտրությունների շեմին անսպասելիորեն հայտարարեցին, որ չեն առաջադրվելու՝ այդպիսով թույլ տալով գործող նախագահին առանց մեծ ջանքերի վերարտադրվել: Մի մասը հրաժարվեց` հաղթանակն անհավանական համարելով, մյուսը հանկարծ հայտնաբերեց, որ տարիքն առել է, երրորդը որոշեց բոյկոտել ընտրությունները եւ սպասել լավ ժամանակների: 



 



Այս իրավիճակը շատերն աննախադեպ են գնահատում եւ իշխանություններին մեղադրում քաղաքական դաշտի ամայացման մեջ:  Ինչո՞ւ չեզոքացվեց ընդդիմադիր դաշտը, եւ ո՞րն է ստեղծված իրավիճակի բուն պատճառը, փորձեցինք  գնահատականներ լսել ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանից:



 



- Պարոն Թորոսյան, ինչպե՞ս եք գնահատում 2013 թվականի ընտրությունները՝  մասնավորապես  ընդդիմադիր թեկնածու չունենալու առումով:  Սպասելի՞ էր արմատական ընդդիմության նահանջը այս նախագահական ընտրություններին, եթե հիշենք, թե  որքան խոստումնալից էր Լեւոն Տեր-Պետրոսյանի  վերադարձը մեծ քաղաքականություն, եւ ինչքան հույսեր էին կապում նրա հետ:



 



- Կարելի էր կանխատեսել, որովհետեւ լուրջ խնդիրներ կան բազմակուսակցական համակարգում, ցավոք սրտի, բազմակուսակցական համակարգը Հայաստանում դեռեւս չկայացած՝ սկսեց այլասերվել: Մնացածը դրա հետեւանքներն են: Այն, ինչ կապված է Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի հետ, չուներ անհրաժեշտ կազմակերպչական նախապատրաստություն եւ ուղղակի տարբեր կուսակցությունների ու մարդկանց նախընտրությունների վրա էր կառուցված, մինչդեռ իրական քաղաքական կյանքը կառուցված է լինում կուսակցությունների գործունեության վրա: Եվ քանի որ մինչ այդ վերադարձը անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքները չկային, ուղղակի մեխանիկական հանրագումար ստացվեց, տարբեր քաղաքական ուժերի եւ այլն, որոնք եւս կայացած չէին: Ստացվեց այն, ինչ պիտի ստացվեր: Դրանից ավելի մեծ արդյունք պարզապես հնարավոր չէր ունենալ:



 



- Պարոն Թորոսյան, ընդդիմադիր թեկնածուներն իրենց չառաջադրվելու որոշումներում մեղադրում են իշխանություններին, թե մրցակցային հնարավորություն չի ստեղծում, եւ Սերժ Սարգսյանի նպատակն է վերարտադրվել դաշտն ամայացնելու ճանապարհով: Ի՞նչ եք կարծում, ընդդիմությունը հետեւողական պայքարով չէ՞ր կարող ցանկալի արդյունքի հասնել եւ ստեղծել այդ մրցակցությունն իր իսկ մասնակցությամբ:



 



- Խնդիրը, որ գոյություն ունի Հայաստանում, այն է՝ իշխանությունները մեղադրում են ընդդիմությանը, ընդդիմությունը՝ իշխանությանը: Երկուսն էլ լավ չեն հասկանում, որ իրենք մեկ ամբողջական ու անբաժանելի մի համակարգի մասեր են՝ բազմակուսակցական համակարգի, ու հենց դա չպատկերացնելն է պատճառներից մեկը, որ բազմակուսակցական համակարգը չի կայանում: Բոլոր խնդիրներն էստեղ պետք է փնտրել, ոչ թե միմյանց մեղադրել տարբեր մեղքերի մեջ: Բոլորի արածներն ու թերությունները պետք է շտկել՝  հասկանալով, որ բազմակուսակցական համակարգը, ինչպես արդեն ասացի, Հայաստանում  դեռ չձեւավորված, այլասերվեց:



 



 - Սերժ Սարգսյանն առանց մրցակցի է գնում ընտրությունների,  ի՞նչ կարգավիճակում է նա հայտնվել:  Սա դյուրի՞ն ճանապարհ է, թե՞ հակառակը՝ ավելի մեծ պատասխանատվության առջեւ է նա կանգնած:



 



- Միգուցե դյուրին ճանապարհ՝ առաջիկա ընտրությունների տեսակետից, կարծում եմ, բոլորի համար ակնհայտ է, որ մրցակից չի ունենալու: Բայց մյուս կողմից վստահ եմ, որ երկրի առջեւ ծառացած են լուրջ խնդիրներ, մասնավորապես, բազմակուսակցական համակարգի կայացման առումով, եւ ակնհայտ է, որ այսօր, որպես նախագահ եւ որպես թեկնածու, որը, ցավոք սրտի, լուրջ մրցակից չի ունենալու առաջիկա ընտրություններում, գրեթե հաստատապես ապագա նախագահ՝ իրեն հուզելու են այս հարցերը: Եվ գլխավոր խնդիրներից մեկը, որը պիտի լուծի առաջիկայում, այստեղ լուծումներ որոնելն է:



 



- Պարոն Թորոսյան, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ու արմատական ընդդիմության թեկնածու չունենալը որակվեց որպես  բոյկոտ 2013-ի ընտրություններին, համամի՞տ եք, որ սա բոյկոտ է:



 



- Իհարկե ոչ, ի՞նչ բոյկոտ, ինչպե՞ս… Այդ նույն մարդիկ ընդամենը մի քանի ամիս առաջ, մի քանի շաբաթ առաջ բոլորովին ուրիշ տրամադրությունների մեջ էին, բոլորովին ուրիշ կանխատեսումներ  էին արվում տարբեր քաղաքական ուժերի, գործիչների կողմից, ու  այդ ամենը չի մոռացվել: Ցավոք սրտի, այդ ամենը հետեւանք է նրա, ինչ արդեն ասացի, եւ այստեղ առանձնացնել կուսակցություններին, առանձին-առանձին դիտարկել, կարծում եմ՝ ճիշտ չի: Ընդհանուր խնդիր գոյություն ունի Հայաստանի բազմակուսակցական համակարգում: Այս հարցին պետք է կարողանան լուծում գտնել՝ որպես Հայաստանի գլխավոր մարտահրավեր առաջիկայի համար:



 



- Պարոն Թորոսյան, առանց ընդդիմադիր թեկնածուի ընտրությունները ընտրողների տեսանկյունից ինչպե՞ս կգնահատեք: Հազարավոր քաղաքացիներ տարիներ շարունակ հստակ որոշում ունեին՝ քվեն տալ կոնկրետ գործչի, իսկ իրենց նախընտրելի թեկնածուն վերջին պահին հրաժարվում է առաջադրվելուց:



 



- Մարդիկ շատ հաճախ ոչ թե իրենց սպասելիքները կապում են լուրջ մասնագիտական գնահատականների ու կանխատեսումների հետ, այլ հրաշքի են սպասում, հրաշքներ, որպես էդպիսին, չեն լինում, լինում է լավ աշխատանք, մասնագիտական աշխատանք, որի արդյունքը լինում է շատ մեծ ու թվում է հրաշք, դա է իրականությունը: Մենք պիտի կարողանանք վերջում հասկանալ, որ պիտի աշխատենք, որ իրականում հրաշք լինի, ուղղակի բարի ցանկություններն ու սպասումները ոչինչ չեն տալիս: