ՕԵԿ-ը կա եւ կլինի

ՕԵԿ-ը կա եւ կլինի
ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը փետրվարի 1-ին Գյումրու պետական դրամատիկական թատրոնում հանդիպել է իր կուսակցական ակտիվի հետ: Նա հայտարարել է. «ՕԵԿ-ը հավատարիմ է մնալու 2008 թվականին ստորագրված կոալիցիոն հուշագրին,   առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, եւ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ 68 տարեկան է եւ իրեն ակտիվ քաղաքականության մեջ այլեւս չի տեսնում, մենք 45-50 միջին տարիքի մարդիկ ենք եւ դեռ ճանապարհ ունենք անցնելու»:



 



Ապա, չգիտես ինչու, կրկին անդրադարձել է ՕԵԿ «փառապանծ ուղուն: «Վճռորոշ շրջափուլն այն ժամանակ էր, երբ 2003 թվականին առաջին անգամ ստանձնեցի լուրջ քաղաքական պատասխանատվություն. ես զբաղեցրի ԱԺ նախագահի պաշտոնը, թվով երկրորդ մեծ կուսակցությունն ԱԺ-ում, որից հետո մենք ունեցանք քաղաքական տարաձայնություններ Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ դրանց արդյունքում  ՕԵԿ-ն արժանապատվորեն դուրս եկավ իշխանությունից, առանց բանսարկությունների: Դա իսկապես տարաձայնություններ  էր՝ մեր երկրում տեղի ունեցած զարգացումներով պայմանավորված: 2006 թվականին, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ քաղաքական կոալիցիայից, եւ կուսակցության դեմ կիրառվեցին բավականին բիրտ ու կոշտ գործիքներ՝ թուլացնելու մեր քաղաքական ուժը, էն վախտ ասում էին, որ ՕԵԿ-ը պրծավ, վերջացավ,  բայց ՕԵԿ-ն այն մարդիկ էին, ովքեր մնացին, եւ էն մի քանիսը, որ հեռացան կուսակցությունից, նաեւ ոչ կամովին, նրանց կողքին եկան նորերը»,-ասել է Ա. Բաղդասարյանը:



 



«Կուսակցությունը 2007 թվականին մասնակցեց խորհրդարանական ընտրություններին, 2008-ին ես, որպես նախագահի թեկնածու, վաստակեցի եւ հավաքեցի էնքան քվեներ, որքան Լեւոն Տեր-Պետրոսյանն իր 30 կուսակցությունների հետ միասին եւ երկրում ստեղծված այդ վատթարագույն իրավիճակում մենք կազմեցինք քաղաքական կոալիցիա, որի արդյունքում վերջին 5 տարիների ընթացքում քիչ լուտանք չթափվեց ՕԵԿ-ի հասցեին: Երբ ես ընտրություններից հետո կազմեցի քաղաքական կոալիցիա, մարդիկ սկսեցին մտածել, որ Ա. Բաղդասարյանը պաշտոնի համար գնաց, միացավ Սերժ Սարգսյանին: Ուզում եմ ասել, որ Ա. Բաղդասարյանը պաշտոն ուներ եւ բարձր պետական պաշտոն ուներ, ոչ պակաս, քան էսօրվա պաշտոնը: Էդ սնանկ բամբասանքները, որ տարածեցին, էդ մարդիկ իրենց նպատակին չհասան, քանի որ  2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, թեկուզեւ ՕԵԿ-ը չհավաքեց ոչ այդքան քվեներ, որքան մենք ակնկալում էինք, բայց հավաքեց պատվով, արժանապատվորեն»:



 



Անահիտ ՍԻՄՈՆՅԱՆ