Բրիտանացի բուքմեյքերները 4-րդ տեղն են կանխատեսել «Դորիանսի» համար

Բրիտանացի բուքմեյքերները 4-րդ տեղն են կանխատեսել «Դորիանսի» համար
Մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում անցկացվող «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է «Դորիանս» ռոք խումբը` «Lonely planet» երգով, որի ընտրությունն  օրերս կատարվեց ուղիղ եթերում ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության հիման վրա` 50/50 հարաբերակցությամբ: Երգի խոսքերի հեղինակն է Վարդան Զադոյանը, իսկ երաժշտության հեղինակը` «Black Sabbath» ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմին:



 



Ինչպես տեղեկացրեց խմբի մենեջեր Արա Թադեւոսյանը, աշխատանքը երգի վերջնական տարբերակի վրա ընթացքում է, ի դեպ, աշխատանքին մասնակցում է նաեւ երգի համահեղինակը` Թոնի Այոմին: Մարտի 16-ին արդեն երգի վերջնական տարբերակն ու տեսահոլովակը պետք է հանձնվեն Հանրային հեռուստաընկերությանը, որն էլ իր հերթին պետք է այն տրամադրի պաշտոնական «Եվրատեսիլին», որից հետո հնարավոր չի լինի որեւէ փոփոխություն, իսկ տեսահոլովակի բուն աշխատանքները կմեկնարկեն հաջորդ շաբաթ. «Որոշակի մտահղացումներ կան, հիմա քննարկման փուլում ենք, ամենայն հավանականությամբ, տեսահոլովակն այստեղ կնկարահանվի, դրսից մասնագետ չի հրավիրվի»:



 



Ինչ վերաբերում է ռեժիսորին, ապա դեռ պարզ չէ, թե ով կլինի եվրատեսիլյան երգի տեսահոլովակի ռեժիսորը, բայց հաստատ է մի բան. խումբն իր ոճը պահպանելու է, անկախ նրանից, որ երգը «Եվրատեսիլի» համար է: «Որեւէ հեղափոխական, կտրուկ փոփոխություն չի լինելու «Դորիանսի» դեպքում, հատկապես որ երգի բովանդակությունն էլ այդպիսի փոփոխություն չի նախատեսում: Եթե փորձենք ձեւակերպել, ապա մի քիչ ավելի փիլիսոփայական իմաստ կունենա տեսահոլովակը, որպեսզի երգի տեքստին համահունչ լինի»,- նշեց խմբի մենեջերը: Ինչքա՞ն են գնահատում իրենց հաղթանակի շանսերը: «Մենք ուզում ենք լավ ելույթ ունենալ, որովհետեւ առաջին անգամ Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնելու է ռոք խումբ, եւ դա, իհարկե, պարտավորեցնող է, որովհետեւ նախկին տարիներին փոփ, ֆոլկ երաժիշտներ են եղել: Բացի այդ, ուզում ենք Եվրոպային ներկայացնել, որ Հայաստանում նույնպես հնարավոր է լավ ռոք երաժշտություն ստեղծել: Այդ առումով մենք բավականին վստահ ենք մեր ուժերի վրա, թե ինչ տեղ կզբաղեցնի խումբը «Եվրատեսիլում», բոլորս գիտենք, որ այդ առումով մրցույթը բավականին անկանխատեսելի է»:



 



Թադեւոսյանի կարծիքով, դժվար է ասել՝ ռոքն այս տարի ֆավորիտ կլինի՞ «Եվրատեսիլում», թե՞ ոչ, բայց բրիտանական հեղինակավոր բուքմեյքերական ընկերություններից մեկը Հայաստանի համար 4-րդ հորիզոնականն էր կանխատեսել, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ բուքմեյքերները բավականին բարձր են գնահատում Հայաստանի շանսերը: