Քո աչքի գերանը թողած

Քո աչքի  գերանը  թողած
«Իշխանության մեջ գտնվողը չի կարող անձնական վիրավորանքներ հասցնել որեւէ երկրի, նույնիսկ Ադրբեջանի նախագահին: Չի կարելի, անթույլատրելի է: Ի՞նչ է նշանակում անձնական վիրավորանքներ հասցնել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներին»,- նախօրեին իր ասուլիսում հայտարարել էր Սերժ Սարգսյանը, հավանաբար մոռանալով, որ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն է պարբերաբար անցնում Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարության վրայով՝ հայհոյախառն որակումներ տալով նրանց:



 



«Իմ հայտարարություններում անձնական վիրավորանք չկա,- երեկ մեր հարցին ի պատասխան ասաց Շարմազանովը:- Իմ հայտարարությունները մշտապես ադեկվատ պատասխան են մեր հարեւան երկրների իրականացրած քաղաքականությանը, որտեղ բացակայում է անձնական վիրավորանքը»: Մնում է պարզել, թե Շարմազանովի համար որն է վիրավորանքի սահմանը. «Ադրբեջանի ղեկավարության օրեցօր լկտիացող պահվածքը» կամ «Ադրբեջանը՝ հայտնի կենդանու համառությամբ» եւ այլ նմանօրինակ արտահայտությունները նա, հավանաբար, հաճոյախոսություններ է համարում հարեւան երկրի ու նրա ղեկավարների հասցեին: