Սունդուկյան թատրոնը 90 տարեկան է

Սունդուկյան թատրոնը 90 տարեկան է
Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը 90 տարեկան է: Երեկ այդ առիթով թատրոնը հանդիսատեսից բացի հյուրընկալել էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանին, առաջին տիկնոջը, մշակույթի եւ արտաքին գործերի նախարարներին եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների:



 



Թատրոնի 90-ամյա պատմությունը՝ Վահրամ Փափազյանից մինչեւ Խորեն Աբրահամյան, հակիրճ ներկայացվեց էկրանից, իսկ սունդուկյանցիները բեմի վրա տարբեր ներկայացումներից պատառիկներ էին ներկայացնում, որն ընդհանուր առմամբ մոտ երկու ժամ տեւած հանդիսության ընթացքում չձանձրացրեց հանդիսատեսին: Վերջում բեմ հրավիրվեց նաեւ Վարդուհի Վարդերեսյանը, ով իր շնորհավորանքը թատրոնին հնչեցրեց ասմունքի եւ «Իմ սիրտը լեռներում է» հուզիչ կատարումով` արժանանալով հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններին: Դրանից հետո բեմ հրավիրվեց մշակույթի նախարարը, որի ներկայությունը բեմում միանգամից նստեցրեց հանդիսատեսին:



 



Բայց նախարարի խոսքերը, թե` եթե ես լինեի ռեժիսորը, մշակույթի նախարարին բեմ չէի հանի, քանի որ դերասաններն ամեն ինչ ասացին, միանգամայն ոգեւորվածությամբ եւ ծափահարություններով ընդունվեց հանդիսատեսի կողմից: Մայր թատրոնին իրենց բեմական կատարումներով շնորհավորելու էին եկել նաեւ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական եւ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնները: