Արարատի քաղաքապետի թեկնածուները բաց չեն թողնում ոչ մի թաղում և «ինքնահող»

Արարատի քաղաքապետի թեկնածուները բաց չեն թողնում ոչ մի թաղում և «ինքնահող»

Արարատի քաղաքապետի ընտրության օրն արդեն հայտնի է՝ այն կայանալու է նոյեմբերի 10-ին, իսկ հոկտեմբերի 17-ից կսկսվեն առաջադրումները: Բայց մինչ այդ քաղաքում լիարժեք նախընտրական մթնոլորտ է տիրում: Հավանական թեկնածուները բաց չեն թողնում ոչ մի թաղում եւ «ինքնահող», ինչն ընդունված է անել մարզերում, ընտրությունների շեմին: Հանգուցյալ քաղաքապետ Աբրահամ Բաբայանի մահից հետո համայնքի ղեկավարումը ժամանակավորապես վստահվել է փոխքաղաքապետ Խաչիկ Մնացականյանին: Այս ընթացքում շրջանառվող  թեկնածուների անունները նորերով դեռեւս չեն համալրվել: Հավակնորդների մեջ նախկին մանկավարժն է՝ ՀՀԿ անդամ Հայկ Հայկյանը, ով վայելում է «Ավշարի» սեփականատերերի հովանավորչությունը, իսկ հիմա եղբայրներից մեկն արդեն մարզպետական լծակներ է տնօրինում:



 



Գրիգորյանների խոսքն այս քաղաքում վճռական ազդեցություն ունի, թերեւս այդ պատճառով էլ մեկ այլ ՀՀԿ-ականի՝ Վլադիմիր (Ժորա) Հովհաննիսյանի շրջապատը, հարազատները ամենուրեք հայտարարում են, որ Գրիգորյանները հենց Ժորային են պաշտպանելու: ԲՀԿ թեկնածուն Սամվել Բարսեղյանն է, ով Արարատի «Միկա ցեմենտի» տնօրենն է: Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ականի թեկնածությունը պաշտպանում են նաեւ մարզում ոչ պակաս հեղինակություն ուղեցող Սարգսյանները՝ Վազգեն Սարգսյանի եղբայրներ Արամը եւ Արմենը:



 



Բանն այն է, որ Արարատում հայտնի Ձկոն, նույն ինքը՝ Նորիկ Պողոսյանը՝ Վազգեն Սարգսյանի հավատարիմ ընկերներից մեկը, ով նաեւ մարզի երկրորդ ցեմենտի գործարանի սեփականատերերից է, ԲՀԿ-ական թեկնածուի մորաքրոջ տղան է: Այնպես որ, իսկապես թեժ մրցակցություն է սպասվում, որտեղ ամենաանթիկունքը թերեւս լինելու է նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը, ով նույնպես պատրաստվում է առաջադրվել: «Եթե արդար ընտրություններ անցկացվեն, իմ թիկունքն ամենաամուրն է»,- ասաց նախկին քաղաքապետը եւ, առիթից օգտվելով, նախ մեր միջոցով իր շնորհավորանքը փոխանցեց նորանշանակ մարզպետին, ապա խնդրանքը, որպեսզի երաշխավորի արդար ընտրությունների անցկացումը: