Երեկ խորհրդարանը հագեցած էր ծաղիկների ու կոնյակի բույրով

Երեկ խորհրդարանը հագեցած էր ծաղիկների ու կոնյակի բույրով

Երեկ խորհրդարանը հագեցած էր ծաղիկների ու կոնյակի բույրով: Նշվում էր ՀՀԿ գեղանի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի 30-ամյակը:



 



Նրա սենյակը վերածվել էր պարտեզի, իսկ աջ ու ձախ կողմերում ֆուրշեթի շքեղ սեղաններ էին: ՀՀԿ կռվշտող կանայք առաջինը շնորհավորեցին հոբելյարին: Հետո եկան ՀՀԿ ջահելները, որոնք տղամարդկային մաղթանքների փաթեթով ներկայացան: Հոբելյանական սենյակում նստած էին Գալուստ Գրիգորիչը, Արտաշես Մամիկոնիչը,  Խոսրով Հարությունյանը, Մկրտիչ Մինասյանը: «Ի՞նչ եք նվեր բերել»- հարցրինք ՀՀԿ ծերակույտին: «Ես իմ գրքերն եմ նվեր բերել»,- ասաց  Արտաշես Մամիկոնիչը:



 



Չե՞ն ասել` գիրք մի նվիրեք, սառն են ընդունում, իսկ ճի՞շտ է, որ նախորդ օրը Ձեր գրքերը նվիրել եք «դարագոյ» Վլադիմիր Վլադիմիրովիչին, նա չի հասկացել դրանց «բարձր արժեքը»: Մամիկոնիչը «լուռ չարչարանքով մի քանի կոճղեր դրեց կրակին», ապա նայեց Գրիգորիչի կողմը, իմա` դու ասա, թող իմանան: Գրիգորիչը հանդիսավոր վայր դրեց ձեռքի կոնյակի բաժակն ու` «Ուղիղ 10 րոպե երկու նախագահներով` Ազատիչն ու Պուտինը նայում, թերթում էին այդ գրքերը, բարեմաղթանքներ հղում մեր Գեղամյանի հասցեին»: Գեղամյանը գոհ էր, բայց հայացքով հորդորում էր Սահակյանին` էլի ասա: «Էնքան, որ մտածեցի` հեսա Լենինն էլ կգա»,- ասաց Գրիգորիչը: