Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը ընդունել է ԼՂՀ-ն անկախ և ինքնիշխան պետություն ճանաչելու մասին բանաձևը

Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը ընդունել է ԼՂՀ-ն անկախ և ինքնիշխան պետություն ճանաչելու մասին բանաձևը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ և ինքնիշխան պետություն ճանաչելու մասին բանաձևը։



Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը․



ԲԱՆԱՁԵՎ



ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ



ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ մեզ համար պատվաբեր է ճանաչել անկախ և ինքնիշխան Արցախի Հանրպետության կենսունակությունը, ինչպես նաև



ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Արցախի Հանրպետությունը հազարամյակների փառահեղ պատմություն ունի և իր նվիրական տեղն է զբաղեցնում հայ ժողովրդի պատմության և մշակույթի մեջ, ինչպես նաև



ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Արցախի Հանրպետությունն իր անկախությունը հռչակեց 1991 թ. դեկտեմբերի 10-ին` երկար պայքարից հետո, որը որոշակի առումներով շարունակվում է ցայսօր, և նրա ինքնորոշման տևական պահանջը ոգեշնչեց տարածաշրջանում ապրող բազմաթիվ ժողովուրդների և նախկին Խորհրդային Միության փլուզման խթաններից մեկը հանդիսացավ, ինչպես նաև



ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում Արցախի Հանրպետության ժողովուրդը հաստատակամություն և տոկունություն ցուցաբերեց պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և այլ հսկայական դժվարությունների հանդեպ, ինչպես նաև



ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Արցախի Հանրպետությունն ավելի քան քսան տարի արդար և հավատարիմ է մնում իր քաղաքացիներին՝ պահպանելով իր անկախությունը, և, միաժամանակ, ջանքեր է գործադրում՝ փոփոխելու և կայունացնելու Կովկասյան տարածաշրջանը և անցկացնում է ազատ ու անկախ ընտրություններ և հանրաքվեներ, որոնք համընդհանուր կերպով ճանաչվել են օրինակելի տարածաշրջանի համար, ինչպես նաև



ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 2012 թ. ապրիլի 24-ին Լոս Անջելեսը բարեկամական հարաբերություններ է հաստատել Արցախի Հանրպետության Շուշի քաղաքի հետ,



ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇԵՑԻՆՔ, որ այս բանաձևի ընդունմամբ Լոս Անջելեսն իր հարգանքն է արտահայտում Արցախի Հանրապետության ու նրա քաղաքացիների հանդեպ և արժանին է մատուցում Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից ծայրահեղ դժվարությունների նկատմամբ ցուցաբերված զոհողություններին, նվիրվածությանն ու վճռականությանը, ինչպես նաև



ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇԵՑԻՆՔ, որ Լոս Անջելեսը մաղթում է Արցախի Հանրապետությանն ու նրա քաղաքացիներին խաղաղություն, բարգավաճում և շարունակական հաջողություններ ու կոչ է անում միջազգային հանրությանն ըստ արժանվույն ճանաչել Արցախի Հանրապետությունը` որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն: