«Դիվանագետ» պատգամավորի սայթաքումները

«Դիվանագետ» պատգամավորի սայթաքումները

Երեկ Ազգային ժողովում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ասուլիսի ժամանակ հարց հնչեց Սարսանգի ջրամբարի խնդրի վերաբերյալ։



 



Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ասաց, որ այդ հարցին կոմպետենտ է պատասխանել Նաիրա Կարապետյանը, քանի որ նա է զբաղվել այդ հարցով` հանդիպել ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամների հետ։ Նաիրա Կարապետյանն ասաց, որ այդ հանձնաժողովում Սարսանգի ջրամբարի ճակատագրի քննարկումը հայկական կողմի շահերից է բխում: Ըստ պատգամավորի՝ Սարսանգի ջրամբարի հարցը ներկայացվում է որպես մարդասիրական հարց, քանի որ դրա հարակից տարածքներում բնակվող ադրբեջանցիները զրկված են դաշտերը ոռոգելու հնարավորությունից, ինչի հետեւանքով մարդասիրական աղետ է հասունանում:



 



«Հայկական կողմի համար այդ հարցի քննարկումը շատ կարեւոր է. պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս առաջարկել է Սարսանգի ջրամբարը շահագործել ադրբեջանական կողմի հետ համատեղ: Եթե ադրբեջանական կողմը համաձայնի դրան, ապա ստիպված կլինի բանակցություններ վարել ԼՂՀ-ի հետ: Քաղաքական տեսանկյունից այդ լավ է ղարաբաղյան հիմնահարցի համար, քանի որ ադրբեջանական կողմն անուղղակիորեն կճանաչի ԼՂՀ-ն»,- նկատեց նա։ Եթե նույնիսկ այս ծրագիրը կա, ապա պետք չէ մեր ամեն քայլի մասին հրապարակային հայտարարություն անել, որ հակառակորդը բացահայտ իմանա, թե ինչ հեռահար պլաններ կարող ենք ունենալ։ Ի դեպ, Նաիրա Կարապետյանի կողքին նստած Հերմինե Նաղդալյանն իր գործընկերուհու խոսքի ժամանակ խիստ անհանգիստ էր ու փորձում էր, կողքից «բզելով», ընդհատել նրան։ Սակայն ԱԺ փոխնախագահի՝ երիտասարդ պատգամավորուհուն լռեցնելու ջանքերն ապարդյուն անցան։



 



ՀԳ. Ասուլիսից հետո «դիվանագետ» պատգամավորը լրագրողներիս էր փորձում դիվանագիտության «դասեր տալ», թե՝ «էրեխեք ջան, տենց հարցեր չի կարելի տալ, դա մեր ազգային, պետական շահին վնաս ա», եւ այլն։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ