Մենք փրկված ենք, ժողովուրդ ջան, ՕԵԿ-ը մեզ կփրկի

Մենք փրկված ենք, ժողովուրդ ջան, ՕԵԿ-ը մեզ կփրկի

Իրեն ընդդիմադիր հռչակած ՕԵԿ-ի առաջին հանրահավաքը՝ տարիների ընդմիջումից հետո, հասարակությունն ընդունեց տարակուսանքով, տեղ-տեղ էլ՝ զայրույթով: Հուլիսի 18-ին ՕԵԿ-ը «Համազգային հանրահավաքի» է պատրաստվում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման։ Թողնենք այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքային տերմինոլոգիան են յուրացրել: Բանն այն է, որ մտել են քաղաքացիական հասարակության դաշտ, ինչն էլ վրդովմունքի տեղիք է տվել: Այս հանրահավաքի հետ, մեղծ ասած, համաձայն չեն հատկապես «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնության անդամները։



 



Վերջիններս ֆեյսբուքյան իրենց էջում հավաքի մասին բացասական կարծիքներ են արտահայտել եւ կոչ  արել չմիանալ ՕԵԿ-ի կազմակերպած հավաքին։ Ընդվզման հիմնական պատճառն այն է, որ  դեռ չեն հավատում Արթուր Բաղդասարյանի թիմի անկեղծությանը։ Նախաձեռնության անդամներից Հայկ Ավետիսյանը տեղեկացնում է, որ իրենք ՕԵԿ-ի կազմակերպած հանրահավաքի հետ կապ չունեն, եւ ինքն էլ անձամբ չի մասնակցելու այդ ակցիային՝ հասկանալի պատճառներով։ Նախաձեռնության անդամները չեն բացառում, որ հանրահավաքը կբոյկոտեն։  «Թող էդ իրանց զիբիլ ՕԵԿ անունը ցած դնեն ու առանց մեզ, այսինքն՝ ժողովրդի, ոչ մի հանրահավաք չանեն»,- նախաձեռնության ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել Վահան Դուրինյանը։ Խմբի անդամներից մեկն էլ գրել է, որ ՕԵԿ-ը փաստացի իրավունք չունի իր ձեռքը վերցնելու էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների կազմակերպումն ու ժողովրդին խաբի։ Գոռ Վարդանյանն էլ գրում է. «Արա, էս Ազատության հրապարակն էլ դարձել է կարծես թե բողոքի անցկացման միակ վայրը....  ինչքան ինքնահաստատվող կուսակցություն կար, որը ՀՀԿ-ից աբիժնիկ ա մնացել, Ազատության հրապարակում ա հավաքվում»։



 



Գրառումները նաեւ ծաղրական բնույթ են կրում. «Մենք փրկված ենք, ժողովուրդ ջան: ՕԵԿ-ը մեզ կփրկի»։ «Օրինաց երկիր» կուսակցության մամլո պատասխանատու Արթուր Միսակյանը, տեղեկանալով, որ իրենց կազմակերպած հավաքը շատերի կողմից չի ընդունվել, զարմացավ, այնուհետեւ Ֆեյսբուքում մի քանի գրառում կարդալուց հետո պատասխանեց. «ՕԵԿ-ը կազմակերպում է հանրահավաք եւ հրավիրում է բոլորին, ովքեր մտահոգ են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կապակցությամբ։ Մեծ հաշվով սա մի խնդիր է, որը վերաբերում է բոլորին։ Եթե մի քանի հոգի, այսպես ասած, բոյկոտում են, քավ լիցի, ինչքան ուզում են՝ թող բոյկոտեն, 5 հոգին, օրինակ, կբոյկոտեն, 5 հազար հոգի կմասնակցեն։ Մեր կուսակցության ներկայացուցիչները, անձամբ ես էլ, մասնակցել ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առջեւ տեղի ունեցող բողոքի ակցիային, մենք նույնիսկ վարչական դատարան ենք դիմել այս հարցով, եթե նրանք խնդիրը տեսնում են քաղաքական հարթության մեջ, որն ավելի շատ ազգային է, ցավում եմ այդ մարդկանց համար։ Մենք մեր պայքարը տանում ենք՝ անկախ նրանից, թե ով է դեմ դրան, ում քիմքին հաճելի չէ»։



 



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ