Հրայր Մանուկյանն այսօր հանցագործության մասին հայտարարություն կհանձնի դատախազություն և ՄԻՊ

Հրայր Մանուկյանն այսօր հանցագործության մասին հայտարարություն կհանձնի դատախազություն և ՄԻՊ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր չսպասեց, որ լրագրողները հարցնեն իրենց վարչության անդամին ԱԱԾ-ի կողմից «վերբովկա» անելու փորձի մասին, և շտապեց ինքն իրեն մեր անունից հարցադրում անել ու պատասխանել։



 



«Ինձ ավելի մտահոգում է, և ենթադրում եմ, որ մեկը կարող է հարց տալ դրա մասին, որ մեր համագումարից անմիջապես առաջ և հետո ԱԱԾ-ն փորձ արեց նվազագույնը երկու մեր երիտասարդ անդամներին հավաքագրել, որը շատ վտանգավոր է, հակաօրինական է, և ուղեկցվեց անձնական, ընտանեկան ու նաև կուսակցության նկատմամբ սպառնալիքներով, և սա ուղղակի հակափաստարկ է բոլոր նրանց, որ ընտրություններից հետո «Ժառանգությունը» այս կամ այն խնդրի մեջ է»,-ասաց Ր․ Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ իրենք միշտ նվազագուն ռեսուրսներով են տարել իրենց պայքարը, մտել են խորհրդարան, Երևանի ավագանու կազմ, ժողովուրդը վստահել է։



 



«Եվ հիմա ես ցավ եմ ապրում, որ այս չընտրված իշխանությունը՝ պարոն Սարգսյանի ղեկավարությամբ, որոշել է ահաբեկել վարչության նորընտիր անդամներին սպառնալիքներով, հավաքագրման փորձերով և Հայաստանի քաղաքացիների դեմ ոտնձգությունների փորձերով»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ իրենք Հրայր Մանուկյանին պաշտպանելու են քաղաքական և իրավական բոլոր հնարավոր եղանակներով։



 



Նա նշեց, որ այսօր առանձին մենք կտեղեկանանք Հրայր Մանուկյանի՝ հանցագործության մասին Դատախազություն և Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացնելիք հաղորդագրության մասին, որ կներկայացվի ողջ եղելությունը։



 



Hraparak.am-ի հարցին, թե այդ ինչ կարևոր գաղտնիքների էր տիրապետում Հրայր Մանուկյանը, որ փորձում են նրան հավաքագրել, Հովհաննիսյանն ասաց, որ այսօր կլինի հանցագործության մասին հաղորդագրությունը, որից հետո ինքը վստահ է՝ մնացած հարցերի պատասխանները կստանանք։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ