Եռքը

Եռքը

«Երբ մտածում եմ, որ մեն մենակ մի մարդ, իր պարզ ֆիզիկական եւ բարոյական հնարքներով, կարողացել է անապատից վեր հանել Շանան երկրամասը, գտնում եմ, որ անկախ ամեն ինչից, մարդկային բնույթը հրաշալի է: Բայց երբ հաշվարկում եմ, թե որքան շատ հաստատակամություն էր հարկավոր հոգու մեծությունը պահելու եւ որքան մոլեգնություն` վեհանձնության համար… անսահման հարգանքով եմ լցվում այդ ծերունազարդ, անուս գեղջուկի հանդեպ»:



Ֆրանսիացի արձակագիր Ժան Ժիոնոյի «Մարդը, որ ծառեր էր տնկում» պատմվածքի հերոս միայնակ Էլզեար Բուֆիերը տարիներ շարունակ ծառեր է տնկում: Պատերազմող երկրի ավերչության մեջ նա աճեցնում է կանաչ անտառ… ապագա՝ «անհեռանկար» աշխարհի:



Բուֆիերը Սիզիփոսը չէ:



Լեռան կատարին բարձրացված ժայռաբեկորը ետ չի գլորվում: Առասպելական հերոս դառնալու համար նրան պակասում է կիսաստվածությունը: Երկնակամարի երազանքներ ծառեր տնկող մարդը չունի: Միայն թե արեւի շողերն ավելի բարեհաճ գտնվեն փխրուն սաղարթների հանդեպ, իսկ ջուրն առատությամբ ողողի արմատները: Եվ նա հավատում է մարդկային ամենապարզ, հողեղեն ու մի փոքր էլ միամիտ հավատքով, որ, մեկ է՝ գործողության հետեւանքը անտառն է լինելու:



Նա հավատում է եռքին:



Եռքը - Մեծ պայթյունի սկիզբն է, շարժման ստեղծականությունը:



Հայաստանը հուղարկավորած ճահճի վարակիչ, նողկալի գոյությունը եռքի մեջ է մեռնելու: Եթե ոչ միասնական, ապա՝ անձնական: Ճահճի վարակի միջով հավաքվել, խստորեն կանոնակարգել նյութական ու հոգեկան վերջին պաշարները տաղտկալի, բացարձակ տաղտկալի օրերի մեջ:



Եվ գործել՝ իջնելով համագոյքի բարձունքներից, գործել առանց հույսի:



 



Արամ ՊԱՉՅԱՆ