«Սուրիկը», «սխոդկան» ու «քսիֆը» «թեժ աշուն» ապահովեցին վարչապետի համար

«Սուրիկը», «սխոդկան» ու «քսիֆը» «թեժ աշուն» ապահովեցին վարչապետի համար

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուապատսխանի ժամանակ «թեժ աշունը» պտտվում էր կրկին Լիսկայի շուրջ։ Աշունը թեժացնողները, սակայն, ոչ թե «թեժ աշնան» ոչիշխանական կնքահայրերն էին, այլ դրանցից դուրս իրենց ընդդիմադիր գործունեությունը ծավալող երկու պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը։ Երկուսի հարցերի հասցեատերն էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր, ով նշանակել էր Սուրիկ Խաչատրյանին մարզպետ ու ընկել «մեղքի տակ»։



Նախ Նիկոլ Փաշինյանը ելույթի տեսքով հարց ձևակերպեց՝ ակնհայտ հեգնանքով նկարագրելով Լիսկային հատուկ բնութագրիչներով «Սուրիկ անունով մի մարդու»՝ խնդրելով նրա համար «մի գործ դասավորել կառավարությունում»։



Ըստ Փաշինյանի՝ մի քաղաքացի արդեն բավական երկար ժամանակ է, ինչ նամակներով, զանգերով անհանգստացնում է իրեն՝ պահանջելով կառավարության առաջ բարձրացնի իրեն աշխատանքի տեղավորելու հարցը։



Փաշինյանը ներկայացրեց տվյալ անձի կենսագրականը՝ առաջարկելով կառավարությանը միասին որոշել՝ արդյոք նա արժանի չէ՞ հայրենի կառավարությունում որևէ բարձր պաշտոն ստանձնելուն։ Փաշինյանի ներկայացրած վիրտուալ անձի «կարևոր» բնութագրիչներից էր այն, որ նա երեք անգամ տարբեր պատժաշափերով դատապարտվել է տարբեր հանցագործությունների համար՝ գողության, դանակահարության, նա նաև տեսախցիկների առաջ կնոջ է ծեծել, ինչպես նաև բոլորովին վերջերս էլ մարդ է սպանել՝ վերևից ներքև կրակոցով։ Փաշինյանն ասաց, որ այդ մարդու անունը Սուրիկ է, ով 7 մլն դոլար «քյաշ» փող ունի։ Նկարագրությունից հետո Փաշինյանը դիմեց վարչապետին․ «Պարո՛ն վարչապետ, չե՞ք կարծում, որ նա Ձեր կառավարությանն արժանի կադր է, գուցե մի լավ գործ տայիք՝ նախարար, փոխնախարար, ծայրահեղ դեպքում գոնե մարզպետի պաշտոն»։



Հարցին պատասխանելու եկավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով, սակայն, կարծես թե այնքան էլ լավ չէր հասկացել, թե Փաշինյանը ում համար է «միջնորդում», ասել է թե՝ ծանոթ մեջ գցում, որ գործ դասավորի կառավարությունում։



«Պարո՛ն Փաշինյան, ես կխնդրեի Ձեր հարցը հստակեցնեիք՝ ո՞ւմ է վերաբերում, և ես Ձեր հարցին կպատասխանեմ»,- լրիվ «միամիտ, բանից անտեղյակ»՝ հետաքրքրվեց վարչապետը։



Փաշինյանը հասկացրեց, որ ինքը ընդամենը Սուրիկ անունով այդ մարդու կենսագրությունն է ներկայացրել. «Կարող եմ նաև հիմնավորել՝ քանի որ գրեթե նույնատիպ, մոտավորապես 99.9, եթե ոչ 100 տոկոսանոց համընկնումով մարդուն նշանակել եք Սյունիքի մարզպետ, ես մտածեցի, որ եթե նմանատիպ կենսագրությամբ մարդուն կարող եք նշանակել Սյունիքի մարզպետ, այսպիսի քաղաքացուն ևս կարող եք պաշտոն տալ»։



Վարչապետի համար, պարզվեց, երկրորդ անգամ հստակեցնելուց ու բառացի ասելուց հետո էլ էլի պարզ չէր՝ ում մասին է խոսքը, ու նորից խնդրեց հստակեցնել՝ Փաշինյանը ում նկատի ունի, որից հետո նոր խոստացավ հարցին կոնկրետ պատասխանել, որ երևի ճիշտ որոշեն՝ ինչ պաշտոն տան։



Նիկոլ Փաշինյանն էլ միանագմայն լուրջ տոնով շարունակեց «կառավարությունում գործ փնտրող Սուրիկի» մասին իր հեգնական հստակեցումները, վարչապետն էլ լրիվ լուրջ այդպես էլ չհասկացավ կամ երևի չցանկացավ հասկանալ, թե այդ ում նկատի ուներ Փաշինյանը։ Հետո ընդդիմադիր պատգամավորը մի առաջարկ արեց, ըստ որի՝ կարելի է դատվածություն ունեցող մարդկանց, հանցագործներին, կրիմինալին կառավարությունում բարձր պաշտոններ տալ, որ գուցե դա նպաստի նրանց «ուղղմանը»։



Փաշինյանի առաջարկը, սակայն, վարչապետի սրտով չէր․ «Պարո՛ն Փաշինյան, ինչ վերաբերում է Ձեր առաջարկին, ապա դա ընդունելի չի, որ հանցագործներին մեր կառավարությունում ինչ-որտեղ գործի ընդունենք, երբ Դուք կձևավորեք կառավարություն, այդ ժամանակ մտածեք այդ մասին։ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ Խաչատրյան Սուրիկին ես ինքս եմ առաջարկել վարչապետի պաշտո․․․էհ, Սյունիքի մարզպետի պաշտոնում՝ ի հարկե հաշվի առնելով իր փորձը և կազմակերպչական աշխատանքները, նաև հաշվի եմ առել սյունեցիների առաջարկը»։



Հետո Լիսկայի թեմայով հարցի հերթը Զարուհի Փոստանջյանինն էր։ Նա էլ պատմեց մի սյունեցու նամակի մասին, որ իրեն ուղարկել են Սևան ՔԿՀ-ից՝ որպես «քսիֆ», ըստ որի՝ իրեն դրանով տեղեկացրել են, որ Սյունիքի մարզպետի թափուր պաշտոնում հայտարարված մրցույթում Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնում նշանակել են գողական «սխոդկայի» արդյունքում, և բանտից «քսիֆ» ուղարկած քաղաքացին նեղսրտել է, որ անարդար որոշում է կայացվել, ինքն ավելի արժանի էր այդ պաշտոնին, քանզի ինքն ավելի մեծ հանցնանքներ է գործել, քան Սուրիկ Խաչատրյանը։ Ըստ այդ քաղաքացու՝ ում մականունը, ըստ Փոստանջյանի, Թակարդ էր, Սուրիկ խաչատրյանը 47 մլն դրամ կաշառք է տվել, որ իրեն նշանակեն մարզպետ։



Հարցին պատասխանելու եկավ Հովիկ Աբրահամյանը, ով ժպիտը դեմքին հայտարարեց, որ իր համար նորություն էր, որ Փաստանջյանը նաև «սխոդկաներ» է անցկացնում։ Հետո նա անցավ «դաս տալու» մեթոդին ու արանքում հիշեց նաև Արամ Մանուկյանի՝ Աբովյանում արած հայհոյանքները՝ ՀԱԿ պատգամավորին անվանելով լկտի ու կոչ անելով մնալ չափի ու կոռեկտության մեջ և իրենց պահվածքով հարգել գործադիր մարմնին:



«Եթե չէ, մենք ստիպված կլինենք բազմաթիվ ձևաչափերում լուրջ օպոնենտ հանդիսանալ նման մարդկանց նաև անձնական կյանքում»,- ասաց վարչապետ Աբրահամյանը։ Ուշագրավ է, որ վարչապետի այս պատասխանի ժամանակ Զարուհի Փոստանմջյանը իր բջջային հեռախոսով ինչ-որ երաժշտություն միացրեց՝ ակնհայտ ցույց տալով իր արհամարհանքը վարչապետի պատասխանի նկատմամբ։ Գալուստ Սահակյանը ստիպված եղավ զգուշացնել Փոստանջյանին՝ անջատել հեռախոսը, սակայն վարչապետը արձագանքեց, որ ինքը դրանից վատ չի զգում։ Սահակյանն էլ որոշեց, որ բժիշկ է պետք կանչել՝ բայց չասաց, թե ում համար։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ