Փաշինյանի ձեռքից խլեցին նախաձեռնությունը

Փաշինյանի ձեռքից խլեցին նախաձեռնությունը

«Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքների փաթեթի վիճահարույց նախագծի շուրջ բորբոքված կրքերը երեկ առավոտյան ԱԺ էին բերել նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նրա հետ հանդիպել են ՀՀԿ-ական պատգամավորները եւ ՕԵԿ եւ ՀՅԴ խմբակցություններից Հեղինե Բիշարյանն ու Արծվիկ Մինասյանը: Նախ հիշեցնենք, որ նման օրենքի անհրաժեշտությունն առաջացավ օգոստոսին սահմանամերձ տարածքում լարված իրավիճակի հետեւանքով, երբ իշխանական եւ ոչ իշխանական պատգամավորները միասնաբար այցելեցին սահմանամերձ համայնքներ, եղան դիրքերում՝ խոստանալով օրենսդրական նախաձեռնությամբ նեցուկ կանգնել սահմանն անառիկ պահող բնակիչներին: Սկզբում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ օրենսդրական նախագծով, որով առաջարկում էր աջակցել սահմանաբնակներին՝ սկսած կոմունալ վարձավճարներից, վերջացրած առողջապահական հարցերով, ինչպես նաեւ հարկային արտոնություն սահմանել այդ համայնքներում գործունեություն ծավալող տնտեսվարողների նկատմամբ: Հետո ԱԺ 6 խմբակցությունները համատեղ նախագիծ ներկայացրին կառավարություն, որում գրեթե նույն առաջարկներն էին: Սակայն կառավարությունը մի քանի ամիս ծանրութեթեւ անելուց հետո որոշեց սեփական նախաձեռնությամբ հանդես գալ եւ արտահերթ կարգով այս քառօրյա ներկայացրեց նշված նախագիծը, որի նպատակը, սակայն, բացառապես սահմանամերձ գյուղերում տնտեսական ակտիվության խթանումն ու գործարար միջավայրի բարելավումն է: Արտոնությունները տարածվելու են մոտ 47 համայնքների վրա եւ բյուջեի վրա նստելու են երկուսուկես մլրդ դրամ: Ոչ իշխանական պատգամավորները, սակայն, կասկածներ ունեն, որ կառավարության հարկային վարչարարությունից օգտվելու են օլիգարխները, որոնք իրենց բիզնեսը կտեղափոխեն սահմանամերձ տարածքներ: Ուստի առաջարկում էին փաթեթում տարանջատել հարկային եւ այլ արտոնությունների դրույթները ու կոնկրետ ֆինանսական աջակցություն ցուցաբերել սահմանի բնակիչներին: Իսկ կառավարությունը վստահեցնում է, որ, խթանելով բիզնես գործունեությունը, կստեղծվեն նոր աշխատատեղեր, եւ ամիսներ անց, այսպես թե այնպես, կբարելավվի մարդկանց վիճակը: Ինչեւէ, Հովիկ Աբրահամյանն առավոտյան կայացած հանդիպման ժամանակ խոստացել էր տարանջատել հարկային վարչարարությունն առանձին փաթեթով, իսկ մյուս արտոնությունները՝ կոմունալ ծախսեր, գազ, հոսանք, ջուր, առանձին փաթեթով: Եվ այդ ամենն անել առաջին ընթերցումից հետո: Սակայն, այնուամենայնիվ, ոչ մի երաշխիք չի տվել, որ կլինի հենց այդպես: