Եռյակն իշխանափոխության հարցի շուրջ կբանակցի իշխանության հետ

Եռյակն իշխանափոխության հարցի շուրջ կբանակցի իշխանության հետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, սիրում է լինել ուշադրության կենտրոնում եւ բոլորի քննարկման առանցքում: Ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքից առաջ բոլորը գուշակությամբ էին զբաղվում. կմասնակցի՞ Ծառուկյանը հանրահավաքին, կբարձրանա՞ Ծառուկյանը հանրահավաքի հարթակ, իսկ հիմա էլ ազգովի քննարկում են նրա ծրագրային ելույթը` ինչպիսի՞ն է այն լինելու, արտասանելո՞ւ է այդքան բաղձալի «իշխանափոխություն» բառը, թե՞, խուսանավելով, ասելիքը թողնելու է հաջորդ դասին՝ հիասթափեցնելով մարդկանց: «Ծրագրային» ելույթը հույժ գաղտնի է պահվում, բայց, որոշ տեղեկություններով, Ծառուկյանն ընտրել է ոսկե միջինը: Բնականաբար, նա խրոխտ ելույթ կունենա, ժողովրդին կհայտարարի, որ կանգնած է նրա կողքին, որ ժողովրդի օրը օր չէ, իհարկե, կարտասանի «իշխանափոխություն» բառը, կասի, որ դա անհրաժեշտ է Հայաստանին, բայց կավելացնի, որ ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջում, այլ համակարգային փոփոխությունների գնում, որոնց կարելի է հասնել ոչ մեկ օրում եւ այն էլ ժողովրդի գործուն աջակցությամբ: Մինչ եռյակի «վերեւները» լռում են եւ իրենց «անքննելի» գործերի ու հանդիպումների մասին չորուցամաք հայտարարություններ տարածում, շարքայինները փոքր-ինչ բացում են փակագծերը եւ չեն բացառում, որ առաջիկայում եռյակ-իշխանություն բանակցություններ կսկսվեն իշխանափոխության հարցի շուրջ:



Դեռ նախօրեին Ռուբիկ Հակոբյանն էր հայտարարել, որ եթե հոկտեմբերի 24-ի հանրահավաքի մարդկային քանակն ու էներգետիկան թույլ տան, ոչ իշխանական ուժերը պետք է գնան կոնկրետ քայլերի. «Օրինակ՝ իշխանությունների հետ բանակցել»: Դիտարկմանը, թե իշխանափոխության երկու ճանապարհ կա՝ կամ ընտրություններ, կամ Բաղրամյան պողոտան փակել, Ռուբեն Հակոբյանն ասել է. կարծում է, որ կա նաեւ երրորդ ճանապարհը՝ բանակցություններ իշխանությունների հետ իշխանափոխության մասին: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը երեկ սրբագրեց դաշնակցի խոսքը. «Պարտադիր չէ, որ կրիտիկականի հասնի, որ բանակցենք», հետո ինքն իրեն էլ սրբագրեց. «Բանակցությունները թելադրվելու են կոնկրետ իրավիճակից ելնելով, այո, զանգվածն էլ նշանակություն ունի, եթե հրապարակում հիսուն հազար մարդ է հավաքվում, նույնը չէ, ինչ տասը հազարը»: Մելքումյանի խոսքից ակնհայտ է, որ եռյակը գնալու է հենց այս ճանապարհով, բայց ԲՀԿ-ական պատգամավորը հարկ համարեց ընդգծել, որ դա իր անձնական կարծիքն է, Ծառուկյանի ծրագրի մասին կհայտնի ինքը՝ այսօրվա հանրահավաքում: Այնուամենայնիվ, ԲՀԿ-ական պատգամավորի խորին համոզմամբ, իրենց ծրագրի հիմքում դրված է «արյունահեղություն» չանելը. «Որեւէ մայդաններ, բարիկադներ բացառում եմ, բայց պետք է իրավիճակն այնպես զարգանա, որ արժանապատիվ… արժանապատիվ արվի ամեն ինչ, ի վերջո, ուժի հետ են, չէ՞, հաշվի նստում»: Մեր դիտարկումը, որ, փաստորեն, այս անգամ էլ են ժողովրդին տուն ուղարկելու եւ այդպես շարունակ, Մելքումյանին վրդովվեցրեց. «Իշխանափոխության կոչեր անելով՝ իշխանությունը պետք է հեռանա՞: Ամեն ինչ հանգիստ պետք է ընթանա, էդ քաշ հավաքելու, ժողովրդի քաշ հավաքելու գործընթացը դուք պետք է զգաք, հենց որ զգաք, բանակցություններն էլ արդյունք կտան, եւ իշխանափոխությունը կլինի»:
Փաստորեն, ավելի լավ կարծիք ունեն իշխանությունների մասին, որը կզիջի իր պոստը բանակցությունների արդյունքում: «Ախր պոստի խնդիր չէ, համակարգային փոփոխությունների խնդիր է»,- իր հաջորդ կարեւոր հայտարարությունն արեց Միքայել Մելքումյանը: Նա ասաց, որ պայքարի ժամկետն իրավիճակն է թելադրելու. «Կարող է լինի մի ամիս, կարող է լինի յոթ օր, կարող է՝ վեց ամիս»: Չե՞ք կարծում, որ այդպես մարդկանց անընդհատ տուն ուղարկելով՝ կդատարկեք հրապարակը: «Բայց Ղարաբաղյան շարժումն ինչքա՞ն տեւեց. 88-ին չսկսեց, չէ՞, 90-ին պառլամենտի ընտրություն չեղա՞վ, ժողովուրդն էլ եկավ ու ասեց՝ էս հարցը սենց պետք է լինի»: Ժողովուրդը հիմա էլ է «հիմա» ասում: «Դե, կյանքը ցույց կտա, եթե բոլոր ժողովուրդն իսկապես ասի, որ պետք է լինի, մենք հո չե՞նք ասի՝ չէ, մի վեց ամիս թող մնա: Ժողովուրդ ասելով՝ մենք հասկանում ենք այդ ժողովրդի հավաքական կերպարը, երբ որ բյուրեղացած, միս ու արյուն տված է, հրապարակում ժողովուրդը դեռ բավարար չէ, կարեւորը թիվը չէ, այլ քաշը, ազդեցությունը, երբ որ դուք արդեն զգաք՝ ահա, իրավիճակն է փոխվել, ժամն է եկել»: Նստացույցների եւ շուրջօրյա հանրահավաքների մասին Մելքումյանը լռեց:



ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իշխանափոխության հարցի շուրջ իշխանությունների հետ բանակցության օրինակներ է բերում, օրինակ, ընդդիմության բանակցությունները Չիլիի դիկտատոր Պինոչետի հետ եւ Լեհաստանի «Սոլիդարնոստի» բանակցությունը Յարուզելսկու հետ: Բայց հայկական իրականությունում մենք ունենք միայն Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակը: «Չէ, իմ պատկերացումների համար նշված օրինակներն են, որոնք կիրառելի են բազմաթիվ պետություններում»: