Ծառուկյանը «զադնի» չի դնում, իսկ Րաֆֆի՞ն

Ծառուկյանը «զադնի» չի դնում, իսկ Րաֆֆի՞ն

Պլանավորված հանրահավաքի չկայանալու փաստը քաղաքական հակառակ ճամբարներում եռյակի փլուզման եւ նրա «մահախոսականի» մասին վաղաժամ կանխատեսումների տեղիք է տվել:



Հանրահավաքի տապալման պատճառը թեեւ եռյակում առկա տարաձայնություններն են, բայց ամեն ինչ արվում է մինչեւ հաջորդ հանրահավաքի օրը, ամենայն հավանականությամբ՝ նոյեմբերի 7-ը, խնդիրները հարթելու ուղղությամբ: Մինչ խնդիրներին հասնելը նշենք նաեւ, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը զուգահեռ շարունակում է արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների շարքը՝ իշխանափոխության շարժմանը միանալու եւ այդ պահանջը հնարավորինս լայն կոնսոլիդացիայով բարձրացնելու նպատակով: Վերջին հանդիպումը եղել է «Առաքելություն» կուսակցության երիտասարդների հետ հանդիպումը՝ կրկին կոնյակի գործարանի իր նստավայրում: Հանդիպման մանրամասների մասին որեւէ տեղեկատվության բացակայությունը պայմանավորված է երիտասարդների խնդրանքով, երեկ Մանուկ Սուքիասյանը հրաժարվեց պատասխանել մեր որեւէ հարցի: «Այս պահին մենք նպատակահարմար չենք համարում ինֆորմացիայի տարածումը»,- ասաց նա: Բայց տեղեկություններ կան, որ Ծառուկյանի հետ հանդիպումն անցել է բավական ջերմ մթնոլորտում, վերջում ԲՀԿ ղեկավարը նույնիսկ հանդիպման չորս մասնակիցներին բազմամյա հնեցվածության գինիներ է նվիրել: Երիտասարդ կուսակցականները դեռեւս որոշել են կողքից հետեւել գործընթացներին, բայց, հավանաբար, ԲՀԿ ղեկավարի հետ հանդիպումից տպավորված՝ եռյակի բռնած գործին աջակցելու նպատակով, օրերս հետեւյալ հայտարարությամբ են հանդես եկել, համաձայն որի՝ «Առաքելություն» կուսակցությունը սահմանադրական փոփոխություններն այս փուլում համարում է ժամանակավրեպ, քանի դեռ անշրջելի իրականություն չի դարձել գործող Սահմանադրության «ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին» դրույթը: «Սահմանադրական հանրաքվեի միջոցով իշխանության հավերժացման փորձը կանխելու ամենաիրական ուղին ներկա իշխանությունների պաշտոնաթողությունն է»,- նշվում է հայտարարության մեջ:



Ի տարբերություն խոստումնալից երիտասարդների, որոնք դեռ երկմտում են ճամբարի ընտրության հարցում, բոլորովին վերջերս եռյակին միանալու պատրաստակամություն հայտնեցին մի շարք քաղաքական անձինք ու կուսակցություններ, մասնավորապես, Արամ Հարությունյանի՝ Նուռի, «Ազգային համաձայնություն» մարդ-կուսակցությունն ինքնակամ միանալու հայտ ներկայացրեց: Դրանից առաջ էլ Ծառուկյանի դուռն էր գնացել Գառնիկ Իսագուլյանի «Ազգային անվտանգություն» կուսակցությունը, ինչպես նաեւ հասարակական տարբեր խմբեր, ազատամարտիկներ:



Տեղեկություններ կան, որ, մի կողմից, եռյակը համալրվում է, մյուս կողմից, պառակտվելու վտանգ կա. խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգության» մասին է, որին ուզում են մեղմորեն «դուրս հրավիրել» եռյակից: Բայց այնպես, որ ոչ իրենց հեղինակությունը տուժի, ոչ էլ Րաֆֆին աղմուկ բարձրացնի: Որոշ հեղափոխականներ առաջարկում են հրաժարվել քառյակ- եռյակ ձեւաչափերից եւ իրենց պայքարը կոչել համաժողովրդական շարժում, որտեղ տարբեր անձինք եւ ուժեր կներգրավվեն: Բայց քանի որ «հրաշալի քառյակ-եռյակի» գաղափարը պատկանում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, հապաղում են: Նա, ասում են, մեծ ոգեւորություն է ապրում այն մտքից, որ իր քաղաքագիտական վերլուծությունն իրականություն է դառնում: Նա համարում է, որ Գագիկ Ծառուկյանին վերջնականապես պոկել է իշխանությունից, եւ վերջինս այլեւս հետդարձի ճանապարհ չունի, ինչի մասին օրերս հայտարարեց անձամբ ԲՀԿ առաջնորդն իր հարցազրույցում: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա նրա անկանխատեսելի վարքը եւ առավել անկանխատեսելի ելույթներն են այս իրավիճակն ստեղծել: Ընդդիմության լիդերները ոչ մի կերպ չեն ուզում նրան հարթակին մոտ թողնել, որպեսզի հերթական հանպատրաստից «քննարկումը» կամ չնախատեսված «նստացույցը» չհայտարարի եւ իրենց չդնի անհարմար դրության մեջ: Բայց «Ժառանգությունից» հրաժարվելը կնշանակի, որ քառյակը սկզբում եռյակ դարձավ, հիմա էլ դուետի է վերածվում, ինչը քաղաքական կապիտալը կնվազեցնի եւ կխփի համաժողովրդական հուժկու շարժում ձեւավորելու նրանց ծրագրերին: Գոնե մարդկանց մոտ տպավորություն կստեղծվի, թե շարժումը, ընդլայնվելու փոխարեն, մարում է: Մյուս կողմից, «սատկած ուղտի կաշին մի իշաբեռ» է՝ հարյուր հատ Իսագուլյան ու Արամ Հարությունյան չեն կարող նույնքան քաղաքական քաշ ունենալ, ինչքան ունի 2013-ին մոտ 500 հազար ձայն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ Տեր-Պետրոսյանի մտահղացումը՝ շարժումը համալրել Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ով, որեւէ կերպ կյանքի չի կոչվում: Այս մտքին, մեր տեղեկություններով, դեմ է ԲՀԿ-ն: