Սու՜ս էլի, ընկեր Աշոտյան…

Սու՜ս էլի, ընկեր Աշոտյան…

… Այնուամենայնիվ հարցը մարդկային է, հուզական ներաշխարհ ունեցող մարդու հարց: Եվ այդ մարդը ընկեր Աշոտյանն է: Նախարարը փիքր է անում անցողաց մասով ու գլուխ չի հանում: Հասոյին ու իր ընտանիքին ցավակցություն հայտնելուց հետո մտատանջության մեջ է ընկնում. «Ինչո՞ւ Հայաստանում այդքան բարի, լավ, դրական, մարդկային ու ջերմ բառեր կարելի է լսել հիմնականում մահանալուց հետո: Ո՞նց անենք, որ սիրենք իրար ու բարի լինենք նախ կենդանության օրոք...»:
Հը՞, ոնց անենք: Նախ զարմանքս, որ սիրենք զմիմյանց հարցը բարձրացնում են մշտապես իշխանության ներկայացուցիչները. « Սիրելիներս, այդքան էլ մի քլնգեք, մի ատեք իշխանություններին, մահ կա, բան կա: Հետո սկսելու եք բարի խոսքեր ասել, շռայլել, բայց ուշ է լինելու»: Կասեք՝ քաղաքականացնում եմ, իսկ ինչ անեմ, իշխանության ներկայացուցիչների բերանում թամամ խոսք մնացե՞լ է… Ամեն թաղի տակ վարունգի տեղ քաղաքական խիար է: Անհամել, ամեն ինչ շատ է անհամել, ընկեր Աշոտյան: Ժողովուրդը ախր ձեզ ոնց սիրի է՜ կենդանության օրոք: Օր ու արև չեք տալիս: Հո գիժ չի, որ իշխանությունը դնգստի, տնից դուրս շպրտի, ասի՝ ուխա՜յ ինչ լավ իշխանություն ունեմ, սիրտս նրա համար քամ է գնում: Էդ կենդանության օրոք: Բայց ի վախ Աշոտյանի, ասեմ, որ մահից հետո բոլորի ետևից չեն բարի խոսքեր շռայլում, բարիանում: Եվ եթե մի գնացողի ետևից բարի խոսքեր են ասում, բարիանում, սա չի նշանակում, որ մահը բոլորին համահարթեցնում է: Ո՜չ մահից հետո ամենասարսափելին ճիշտ խոսքը կամ դառը լռությունն է: Դրանից վախեցեք, երբ մահից հետո էլ մարդիկ չեն բարիանում:
ՀԳ Սու՜ս էլի, ընկեր Աշոտյան… Դարդներս իրար մի տա…



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ