Ձեր ցերեկով ման եկած տեղերը մենք գիշերով ենք ման եկել

Ձեր ցերեկով ման եկած տեղերը մենք գիշերով ենք ման եկել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ իշխանական եռյակի կողմից ներկայացված 12-կետանոց պահանջների շուրջ քննարկումների պատրաստակամություն է հայտնել:



«Եռյակի կողմից ներկայացված 12 կետերից շատերը նոր չեն. դրանց կառավարությունը հրապարակայնորեն անդրադարձել կամ իրականացրել է: Այդուհանդերձ, մեր դիրքորոշումները քարացած չեն, և մենք պատրաստ ենք քննարկումների: Առաջարկում եմ յուրաքանչյուր հարցի համար կառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով: Ես ակնկալում եմ, որ ընդդիմությունը ևս կառուցողական կմոտենա համագործակցության մեր առաջարկին»,- նշվում է Հովիկ Աբրահամյանի՝ ըստ էության, խորհրդարանական եռյակին ուղղված առաջարկի մեջ: Փաստորեն Հովիկ Աբրահամյանը հերթական սայթաքումն է թույլ տվել՝ առաջարկելով ընդդիմության կողմից 3 հոգանոց թիմ ներկայացնել: Ինչո՞ւ երեք և ոչ թե 5 հոգանոց թիմ: Մի՞թե ընդդիմության 12 կետերը եռյակի մտքի փայլատակման արդյունքն է:



Ինչպես ասում են՝ «какой привет- такой ответ»: Եռյակն այսօր փառավորապես հրաժարվել է հետագա քննարկումներից, իսկ որոշ եռյակիստներ էլ հայտարարել են, որ ՀՀ կառավարությունը բավականին ժամանակ է ունեցել այդ կետերի շուրջ լուծումներ տալու, իսկ իրենք պատրաստ են քննարկել միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը:



Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝  ՀՀ կառավարության և ոչիշխանական  եռյակի համատեղ ջանքերով ընդդիմության 12 կետից բաղկացած պահանջները օրակարգից իսպառ հանելու կոմբինացիա, որը նպատակ ունի մոռացնել տալու բարեփոխումների պահանջը և օրակարգի բերելու մի այնպիսի անպտուղ պահանջ, ինչպիսին ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջն է: Եվ եռյակն էլ  թքած ունի, որ ԸՕ-ն դեռ չի բարեփոխվել ըստ իր, այսպես կոչված, «պահանջի»՝ անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգի:



Հիշենք նաև, որ ժամանակին ՀԱԿ-ը հենց այդ պահանջով էր երկխոսում Սերժ Սարգսյանի հետ, և այդ երկխոսության արդյունքը հայտնի է ամենքին: