Բերձոր` նոր «սև էջ» կամ Լաչինի միջանցքը վերաբացելու հրամայականը

Բերձոր` նոր «սև էջ» կամ Լաչինի միջանցքը վերաբացելու հրամայականը

Առհասարակ, շատ ավելի լավ կլինի, եթե հայկական լրատվամիջոցներն այս օրերին ձեռք չտաքացնեն Բերձորում տեղի ունեցած խայտառակությունը լուսաբանելու համար, իսկ ՀՀԿ-ական անկապ դեմքերն էլ յուղ չլցնեն այն զայրույթի վրա, որ այսօր կա իրենց կուսակցության ու Արցախում այդ կուսակցության շոշափուկների հանդեպ: Եվ ընդհանրապես, ՀՀԿ-ն պետք է առնվազն ներքուստ ընդունի, որ ինքը լրիվ արժանի է այն ընդդիմությանը, որ կոչվում է Հիմնադիր խորհրդարան: Ժողովրդի լեզվով ասած` իրար արժեն: Այսօր թե մեկ եւ թե մյուս կողմը զբաղված է ստելով, իսկ ճշմարտությունը, ինչպես միշտ, մոտերքում է: Այս իրավիճակում շատ ավելի ճիշտ կլինի դադար վերցնելն ու սեփական սխալների շուրջ խորհելը: Խոսքը երկու կողմին է վերաբերում, եթե համարենք, որ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները, այնուամենայնիվ, մեկ կողմ են:



Մամուլը պարտավոր է անկողմնակալ լինել, եթե դա մամուլ է եւ ոչ թե զենք մեկնումեկի ձեռքին` մյուսին հարվածելու համար: Միեւնույն ժամանակ, լրատվամիջոցը պարտավոր է ոչ թե աղավաղել, այլ հանրության համար բացահայտել իրականությունը: Մինչդեռ որոշ լրատվամիջոցներ, որոնք նույնիսկ ներկա չեն եղել իրադարձությունների կենտրոնում, այսօր Բերձորի դեպքն ավելի «լավ» են լուսաբանում, քան իրենք` մասնակիցները:
Ինչեւէ, փորձենք անդրադառնալ մեր գործընկերների մի քանի հաստատումների:



Գրում են`



1. Մեծ հարված է հասցվել աշխարհին որպես ժողովրդավարական պետություն ներկայանալու՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկար տարիների վաստակին:
Սա կեղծ հաստատում է, որովհետեւ ժողովրդավարությունն ամենաթողություն չէ, ինչպես կարծում է լրատվամիջոցը: Ժողովրդավարություն ասվածը վերացական հասկացություն չէ: Ժողովրդավարությունը վիճակ է, որ կարող է առաջանալ իմ եւ քո իրավունքների չխախտման պայմաններում: Երբ խախտվում է մեկի իրավունքը, ժողովրդավարությունը դադարում է գործոն հանդիսանալ: Պայքարը ժողովրդավարության համար պայքար է իրավունքների չխախտման համար: Մեր դեպքում Հիմնադիր խորհրդարանն առանձնապես չի մտահոգվել ԼՂՀ իշխանությունների իրավունքով, ինչն էլ համապատասխան հակաքայլերի է դրդել վերջինիս: Մինչ այս եղե՞լ է, արդյոք, նախադեպ, որ Արցախի իշխանություններն արգելած լինեն որեւէ ՀՀ քաղաքացու գնալ Արցախ: Տեսե՞լ եք հարսանիքների առաջը փակեն կամ խոչընդոտեն զորակոչիկների ավտոբուսների հետեւից ընկած շարասյուների ընթացքը: Գոնե ինձ այդպիսի դեպք հայտնի չէ: Եվ հիմա դժվար է պատկերացնել, որ ժողովրդավարության հարցերով զբաղվող որեւէ կազմակերպություն (ոչ հայկական) մեղադրի Արցախի իշխանություններին ԼՂՀ օրենսդրությամբ արգելվող որեւէ ձեռնարկ, մանավանդ եթե այն դրսից է, իր տարածքում կանխելու համար: Հետեւաբար հայտարարել, որ ժողովրդավարության ճակատում երկար տարիների վաստակը ջուրը լցվեց, ճիշտ չէ, եթե չասենք, որ դա մեր իսկ հորինած անհիմն մեղադրանք է ԼՂՀ-ի հասցեին:



Գրում են`



2. Ավելի քան երբեւէ, սրվել է հայաստանցի-ղարաբաղցի ջրբաժանը:
Ստոր սուտ է: Նման բան` հայաստանցի-ղարաբաղցի ջրբաժան, գոյություն չունի:



Վստահեցնում եմ` եթե նման ջրբաժանի մի փոքրիկ նշույլ անգամ լիներ, մեր հակառակորդները վաղուց այն օգտագործած կլինեին եւ դա կանեին այնքան գրագետ, որ նույնիսկ չէինք հասկանա, թե ինչ կատարվեց: Վերը բերված հաստատումի հեղինակին հարց ունենք` դու մտահո՞գ ես, որ հանկարծ հայաստանցի-ղարաբաղցի հակասություն չլինի: Վստահ եմ. կասի` այո: Ուրեմն բարի եղիր մատնացույց անել նաեւ նրան, ով, չգիտես ինչից դրդված, հատուկ փորձեց այդպիսի հակասության պատրանք ստեղծել: Նրանք, ովքեր ինչ-ինչ մասնակցություն են ունեցել Հայաստան-ԼՂՀ երկխոսությանը, կփաստեն, որ վեճերը` այս կամ այն քայլի հետ կապված, անպակաս են եղել: Բայց դրանք վեճեր են հանուն ընդհանուր գործի եւ ոչ թե վեճեր` պայմանավորված ինչ-որ հակասություններով:



Ո՞ւմ համար դեռեւս պարզ չէ, որ Արցախը Հայաստան է: Մի՞թե դժվար է հասկանալ, որ այս տարիների վաստակն Արցախի ներկա ստատուս քվոն է, որը առնվազն մենք` հայերս, ի տարբերություն Ադրբեջանի, ընդունում ենք: Րաֆֆի Հովհաննիսյանը, «Հարգանոք հանդերձ եւ ի հեճուկս դրան», ուղերձ է հղում Բակո Սահակյանին եւ Սերժ Սարգսյանին` երկուսդ էլ միաժամանակ հրաժարական տվեք, եւ թող ընտրվի միացյալ Հայաստանի մեկ նախագահ: Եվ այդ մարդը դեռ գժանոցում չէ: Հարգելի երդվյալ Րաֆֆի Հովհաննիսյան, նախագահ հայոց, բա ինչո՞ւ 2013 թվականին միանգամից Արցախի ու Հայաստանի նախագահ չառաջադրվեցիր: Հիմա էլ Բերձորում այսպիսի տնաքանդություն չէր լինի: Հետաքրքիր է իմանալ` միջազգային հանրությունը եւ Բարաք Օբաման կճանաչե՞ն միացյալ Հայաստանի նախագահի լեգիտիմությունը եւ թույլ կտա՞ն, արդյոք, որ նա երդվի: Այ, հենց այսպիսի բան անենք հայերով ու ընկնենք էն բանի մեջ, այդ ժամանակ կսկսենք իրար մեղադրել` դու անխելք հայաստանցի ես, իսկ դու՝ անհասկացող ղարաբաղցի:



Գրում են`



3. Հայաստանցիների մեջ արդարացիորեն վախ է առաջացել Լեռնային Ղարաբաղ այցելություն կատարելու նկատմամբ, հայտնվել են մարդիկ, ովքեր սորտավորում են, թե ով իրավունք ունի մտնել Լեռնային Ղարաբաղ, ով՝ ոչ:



Կարծում եմ՝ այս ախմախությանն ընդհանրապես չարժե անդրադառնալ: Փաստորեն, ոմանք իրենց մասին շատ մեծ կարծիք ունեն ու մտածում են, որ ԼՂՀ իշխանություններն իրենց անձին ավելի մեծ նշանակություն են տալիս, քան Ստեփանակերտի որեւէ շարքային բնակչի: Ի՞նչ ասեմ, տարեք վախներդ բռնել տվեք, եթե այնքան խելահասություն ունեք, որ այս դեպքից հետո Ղարաբաղ այցելելը մեծ ռիսկի հետ եք կապում: Ասեմ նաեւ, որ հատուկ հետաքրքրվել եմ` Բերձորի դեպքից հետո Երեւանից Ստեփանակերտ մեկնող «գազելներում» ասեղ գցելու տեղ չկա:



Գրում են`



4. Խարխլվում են ԼՂՀ-ն որպես սեփական հայրենիք պաշտպանելու հայաստանցի զինվորների եւ նրանց ծնողների մոտիվացիան ու հավատը:



Ընկալո՞ւմ եք, թե ուր են խփում: Ճիշտ` ադրբեջանցու ընտրած թիրախին: 25 տարի այդ երկիրը երազել է, որ հայկական լրատվամիջոցներն այսպիսի բան գրեն ու բարձրացնեն ադրբեջանական պարտված բանակի հայրենասիրական ոգին: Խնդրեմ, անհնարինը` ակնհայտ: Իգոր Մուրադյանը, որովհետեւ Բերձորում ծեծեցին Հիմնադիր խորհրդարանի անդամներին, ԼՂՀ ԱԺ մեդալը հետ է վերադարձնում: Խռովել է, ափսոսում է այն ամագ-աշխատանքը, որ կատարել է Արցախի ազատագրման ու կայացման համար: Նրա քայլի իմաստն եմ ուզում հասկանալ, երբ այդ քայլին հետեւել են հայկական լրատվամիջոցի վերոբերյալ խայտառակ հաստատումներն ու ՀՀԿ-ականների ավելի խայտառակ պնդումը, թե այս սադրանքը դրսի ուժերի փողերով է կառավարվում, ավելի ստույգ` թուրք-ադրբեջանական: Դավայ, Ժիրո ջան, դու էլ Արցախի հերոսի քո կոչումից հրաժարվիր, բա ի՞նչ: Չե՞ս տեսնում, թե ինչ է կատարվում` եկել է ժամանակը, որ Հայաստանն այլեւս զինվոր չտա Ղարաբաղին:



Իգոր Մուրադյան, ամոթը տվել են շանը, շունը չի կերել:



Նորից ասեմ` եկել է պահը դադարի ու լռելու: Պետք չէ այս կեղտոտ լվացքն այսքան ցուցադրաբար փռել եւ քառորդ դար ճամփա անցած Հայաստան-Արցախը դարձնել ներքաղաքական սուտ խաղերի թատերաբեմ: Եթե այս ողջ իրարանցումը Հայաստանում ղարաբաղցի նախագահ չտեսնելու համար է, ապա պիտի հիասթափեցնեմ բոլորին` այդ ճղճիմ հարցը չարժե այն մոմերը, որոնք հիմա այրում եք: Դրա համար ոչ թե ժողովրդի մի կեսի մեջ ատելություն պետք է մտցնել դեպի իր մյուս կեսը, այլ ուղղակի հասկացնել, որ ինքը մեկ է, իսկ նախագահի լավնուվատը ղարաբաղցի ու հայաստանցի ծագումով, սեւ ու սպիտակ գույնով, բոյով ու կարճ հասակով չի որոշվում, այլ ժողովրդի կատարած ընտրությամբ ու այդ ընտրությանը տեր կանգնելու կարողությամբ:



Արցախը մեղավոր չէ, երբ ղարաբաղցուն հաղթած ամերիկացի թեկնածուն, ժողովրդին զորավարի հետեւից գցած, մոմավառության է տանում, իսկ հետո «Հարգանքով հանդերձ եւ ի հեճուկս դրա» ուղերձ հղում երկու ղարաբաղցի նախագահներին` համաժամանակյա հրաժարականի կտրուկ եւ տղամարդավարի պահանջով: Ասել Հայկոն ու Մկոն` կարգին մանկապարտեզ: