Քաղաքագրություն. Երևանի թաղերը

Քաղաքագրություն. Երևանի թաղերը

Հավանաբար, XVII դարից բուն Երեւանը, առանց բերդի եւ շրջակայքի գյուղերի՝ Նորագյուղի, Ձորագյուղի ու Նորքի, բաժանվել է երեք մեծ թաղերի՝ Շահարի (Քաղաք կամ Հին Երեւան), Թափաբաշի (Կոնդ) եւ Քարահանքի (կամ Դիմիր-բուլաղ- Երկաթաղբյուր): Շահարը քաղաքի ամենահին եւ ամենամեծ թաղամասն էր: Այն գրավում էր քաղաքի հյուսիս-արեւելյան մասը: Քաղաքի այս թաղամասը, հավանաբար, բնակեցվել է ուրարտական ժամանակներում, Էրեբունին ավերվելուց եւ անշուքանալուց հետո: Հետագա դարերի ընթացքում չնայած բազմաթիվ անգամ ավերվել ու ձեռքից-ձեռք է անցել, բայց քաղաքի հնագույն այդ թաղամասը միշտ մարդաբնակ է եղել: Առաջին անգամ այդ «հին Երեւան», «հին քաղաքն Երեւան» անունով հիշատակում է Բջնիի Փիլիպոս եպիսկոպոսն իր 1631 թվականի մի հիշատակարանում, մի կորած Աստվածաշունչ այստեղ գտնվելու առնչությամբ. «Բազում որոնմամբ խուզեալ գտաք,- գրում է նա,- զգանձս զայս անգին ի հին քաղաքն Երեւան՝ բազում ժամանակաւ գերի տարեալ ումեք իբրեւ եօթանասնօք»:



Կոնդը տարածվում էր քաղաքի արեւմտյան մասում: Հին Երեւանն այնքան լավ իմացող Հովհաննես Շահխաթունյանցը հետեւյալ կերպ է նկարագրում նրա տեղն ու դիրքը. «գ, Թաղ քաղաքիս, է Կոնդ անուանեալն՝ զոր այլազգիք կոչեն Թէփէպաշի, որ է մեծ քարուտ բլրակ լայնեալ ստորոտովք յարեւելից եւ իր հարաւոյ. իսկ ի հիւսիսոյ՝ Կոզեռն կոչեցեալ բլրակ, եւ յարեւմտից արդիւնաբեր խորձորն Հրազդան գետոյ. բնակիչք այսր թաղի նոյնպէս հայք եւ մահմէտականք»18: Ինչպես տեսնում ենք, Կոնդը տարածվում էր համանուն քարքարոտ բլրի արեւելյան եւ հարավային լանջերին ու ստորոտներին, նրա արեւմտյան սահմանը կազմում էր Հրազդան գետը, իսկ հյուսիսայինը՝ Կոզեռն բլուրը, համանուն գերեզմանոցով հանդերձ: Շահարի նման, Կոնդն էլ հիմնականում բնակեցված է եղել հայերով, Կոնդի բնակչությունը բազմամարդ է դարձել հատկապես այն ժամանակներից, երբ այստեղ մշտական բնակություն հաստատեցին, արդեն հիշատակված, 100 տուն հայ բոշաները: Այդ մասամբ երեւում է նաեւ նրանից, որ այստեղ բնակվում էին նաեւ հայ մելիքական ընտանիքներ, որոնք ունեին հին ծագում: Այստեղի Մելիք-Աղամալյան մելիքները պարսկական տիրապետության շրջանում ձեռք էին բերել մեծ արտոնություններ՝ անցնելով ազնվականների շարքը:



Երրորդ մեծ թաղամասը Քարահանքն էր, որը գրավում էր քաղաքի հարավ-արեւելյան մասը: Այս թաղամասը համեմատաբար ուշ է բնակեցվել: Սկզբնական շրջանում այստեղ եղել է քաղաքի քարհանքը եւ բնակեցված չի եղել: Հետագայում այն բնակեցվել է հիմնականում եկվոր թաթարների (ադրբեջանցիների) կողմից եւ միացել քաղաքին՝ կազմելով նրա թաղերից մեկը1: Այս թաղը, հավանաբար, մարդաշատ է դարձել XVII դարի սկզբներից, երբ պարսկական արշավանքներից սարսափած՝ Նախիջեւանի կողմերից բավական մեծ թվով թուրքեր գալիս ու բնակություն են հաստատում բերդից հարավ ընկած տարածություններում: Թաղի բնակչության մեծ մասը կազմում էին մահմեդականները, հայերն այստեղ քիչ էին բնակվում: Թաղում երկաթի բաղադրությամբ աղբյուր լինելու պատճառով այն կոչեցին Դամիր-բուլաղ՝ Երկաթ-աղբյուր:
Թ. Խ. Հակոբյան, «Երեւանի պատմությունը»