Ընտրությո՞ւն, թե՞ նորից նշանակում

Ընտրությո՞ւն, թե՞ նորից նշանակում

Նորաբաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում երեկ մրցութային կարգով տնօրեն ընտրվեց թանգարանի տնօրենի պաշտոնակատար Նիկոլայ Կոստանդյանը: Բացի այն, որ մշակույթի նախարարությունն իր կայքում ոչ մի ինֆորմացիա չէր տեղադրել մրցույթի անցկացման մասին, մրցույթն էլ դժվար էր մրցույթ համարել, քանի որ տնօրենի պաշտոնի համար դիմել էին 2 հոգի՝ Նիկոլայ Կոստանդյանը եւ Չայկովսկու անվան դպրոցի կամերային անսամբլի բաժնի վարիչ Արսեն Սահակյանը, ով չէր ներկայացել մրցույթին:



Ինչպես նշեց հանձնաժողովի քարտուղար Անուշ Ղազարյանը, կառավարության 224 որոշման մեջ կատարված փոփոխության համաձայն, առնվազն 2 հոգի պետք է դիմի մրցույթին, որ այն կայացած համարվի: Արդյունքում 2 հոգի էլ դիմել են, բայց մասնակցել է մեկը, ինչը չի խանգարել, որ մրցույթը տեղի ունենա: Զանգահարեցինք Արսեն Սահակյանին՝ իմանալու, թե որն է պատճառը, որ դիմել է, բայց չի ներկայացել մրցույթին, սակայն նա խնդրեց 10 րոպեից զանգահարել, որից հետո չպատասխանեց հեռախոսազանգերին:



Ըստ հանձնաժողովի քարտուղարի, Կոստանդյանը սպառիչ պատասխաններ է տվել իրենց հարցերին եւ անցել թե գրավոր եւ թե բանավոր փուլը. «100 տոկոսով առաջին թեստավորման փուլն անցավ, իսկ երկրորդ փուլում հանձնաժողովի 6 անդամների 6 կողմ ձայնով Նիկոլայը հաղթող ճանաչվեց հանձնաժողովի կողմից»:
Հանձնաժողովի 7 հոգանոց կազմից, որում 2 հոգի մշակույթի նախարարությունից էին, մեկ հոգի՝ կառավարության աշխատակազմից, ներկա են եղել 6-ը, բայց քանի որ քվորումը եղել է, ապա մրցույթն անցկացվել է: Հանձնաժողովի նախագահն էր մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը:



Հիշեցնենք, որ Նիկոլայ Կոստանդյանն արդեն 5 ամիս թանգարանի տնօրենի պաշտոնակատարն էր՝ նշանակված լիազոր մարմնի՝ մշակույթի նախարարության կողմից: Մեզ հետ զրույցում հանձնաժողովի քարտուղարը շտապեց չհամաձայնել, որ ի սկզբանե պաշտոնակատար նշանակելով՝ նախարարությունն արդեն իսկ տվել է իր նախապատվությունը տնօրենի պաշտոնում տեսնելու հենց Կոստանդյանին, եւ չենք սխալվի, եթե ասենք, որ հենց սրանով է պայմանավորված դիմումների սակավությունը եւ 2-րդ մասնակցի մրցույթին չներկայանալը:



Անհայտ պատճառներով նորանշանակ տնօրենը նույնպես խուսափում էր հարցերին պատասխանել եւ իր հայեցակարգը ներկայացնել՝ հղում անելով զբաղվածությանը, ապա խորհուրդ տալով զանգել մամուլի բաժին, որտեղ իր փոխարեն կպատասխանեն իր իսկ հայեցակարգի մասին հարցերին:



Հանձնաժողովի անդամ, ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինա Հարոյանի դիտարկմամբ, ընտրված տնօրենի հիմնական հայեցակարգն այն էր, որ կառույցը պիտի թանգարան-ինստիտուտ լինի եւ 2 կարեւոր ուղղություն ունենա. մեկը՝ գիտական ուղղությունը, հատկապես կոմիտասագիտության առումով, մյուսը՝ թանգարանային, որը նաեւ Կոմիտասի ժառանգությունը պիտի հռչակի: «Ուրախ եմ, որ 2 կետ կար հայեցակարգում, մեկը՝ կրթական ծրագրերի առումով, որն այսօր շատ կարեւոր է, որովհետեւ թանգարաններն այսօր ամբողջ աշխարհում ընկալվում են ավելի շատ կրթական տարածքներ, քան մշակութային, եւ կետերից մեկն էլ այն էր, ինչի համար ուրախ եմ, որ առաջիկայում համագործակցելու են ԻԿՕՄ-ի հետ»: