Ինքնաբխումի մի կոնկրետ դեպքի մասին

Ինքնաբխումի մի կոնկրետ դեպքի մասին

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի հոդվածներն ասում են`



Հոդված 26. Ինքնաբուխ եւ շտապ հավաքները



1. Ինքնաբուխ է որոշակի իրադարձությանը անմիջապես արձագանքելու նպատակով անցկացվող հավաքը (այսուհետ` ինքնաբուխ հավաք)



2. Շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում եւ անցկացվում է որեւէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով եւ այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում (շտապ հավաք)



Հոդված 27. Ինքնաբուխ եւ շտապ հավաք անցկացնելու կարգը



1. Եթե ինքնաբուխ հավաքն ունի հավաքի անցկացման փաստացի կազմակերպիչ, ապա վերջինս պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել հավաքի անցկացման վայրի ոստիկանության ստորաբաժանմանը։



2. Շտապ հավաքի կազմակերպիչը պարտավոր է հավաքն անցկացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկելուց առաջ այդ մասին անհապաղ տեղեկացնել լիազոր մարմնին եւ ոստիկանությանը։



3. Ինքնաբուխ եւ շտապ հավաքները չեն կարող տեւել վեց ժամից ավելի։



***



Եռյակը, փաստորեն, ընդլայնված կազմով որոշել է, որ ժողովուրդը պիտի ինքնաբուխ հավաք անի: Ես դեռ չգիտեմ` ժողովուրդը հասցրե՞լ է իր ինքնաբուխ մոմենտների մասին տեղյակ պահել եռյակի լիդերներին, բայց մի բան ակնհայտ է, որ եռյակն է ինքնաբխեցրել այս հավաքը, իսկ ժողովուրդը գալու է թամաշայի:



ԲՀԿ-ական տրակտորներին խնդրում եմ` սա կարդալ մինչև վերջ և նոր միայն կիսվել իրենց մտքերով: Հատուկ ԲՀԿ-ականներին դիմեցի, որովհետև այն, ինչ հիմա կատարվում է, իր հետևանքներով ինքնաբուխ է դառնալու առաջին հերթին հենց ԲՀԿ-ի համար:



Եվ ուրեմն` ո՞րն է այն բախտորոշ իրադարձությունը, որ եռյակին ստիպել է արթնանալ թմբիրից ու այսպես ինքնաբխվել: ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելո՞ւյթը: Ասեմ` շատ ՙբախտորոշ՚ իրադարձություն է, եթե, մանավանդ, այն դիտարկում ենք «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածներով: Կարելի է մտածել` Գյումրիում (թող ինձ ներեն սիրելի գյումրեցիներս) նոր աղետ է եղել: Բա ո՞ւր էին, որ չկարողացան նույն օպերատիվությամբ ինքնաբխվել: Իսկ գուցե Պերմակովն իրենց մորքուրի տղա՞ն էր…



Սերժ Սարգսյանի ելույթից ոչ լրիվ մեկ օր անց Գագիկ Ծառուկյանը տվեց իր ինքնաբուխ պատասխանը, եթե հաշվենք, որ այդ պատասխանը հնց իրենն էր: Տեքստի հետ խնդիր չունենք, բավականին գրագետ էր ու հասկանալի: Բայց ահա հասկանալի չէ եռյակի ինքնաբխումը: Այսինքն այնպես չէ, չէ՞, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ինքնաբխվեր միայն այն բանի համար, որ Սերժ Սարգսյանը ասաց` ՙԴոդի Գագո՚: Դեռ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին էլ չեմ խոսում, ում, չի բացառվում, նույնիսկ դուր եկավ այդ ամենը: Բայց հենց Լևոն Տեր-Պետրոսյանի ինքնաբխումն է ամենատարօրինակը, որովհետև այդ գործիչն իր քայլերը կատարում է ծանրակշիռ պատճառներով և ոչ թե առիթավորվելով ինչ-ինչ ՙիրադարձություններից՚:



Նաև մի այսպիսի հարց` Գագիկ Ծառուկյանը, որպես շատ հարաբերություններում իրեն ճիշտ պահող մարդ, քաջալերո՞ւմ է, արդյոք, անձամբ իր անվան հետ կապվող այս ինքնաբուխ գործողությունը: Վստահաբար` նրա ծրագրերում չկա Լևոն Տեր-Պետրոսյանի` ՙինձ համարեք ձեր գործիքը՚ ամրագրումը և նա ամենևին ցանկություն չունի այս ՙմիշելովկայում՚ խայծի դեր կատարել: Հավատացեք` Գագիկ Ծառուկյանը գոնե այնքան ջոկող է, որ հասկանում է` իշխանափոխություն ոչ թե ինքն է անում, այլ իրենով են անում: Ես հավատում եմ նրա անկեղծությանը, երբ ասում է, որ հանուն ժողովրդի բարօրության ոչինչ չի խնայի, բայց չեմ հավատում ինքնազոհ հեղափոխականի նրա կերպարին ու այս ինքնաբխման մեջ նրա դերակատարությանը: Նա չէր կարող իր սիրելի ժողովրդին ասել` հանրահավաք ենք անում, որովհետև Սերժն ինձ բան է ասել: Դա կփոքրացներ նրան: Եռյակի այս ինքնաբուխ հայտարարությունն ու հավաքի հրավերը հենց փոքրացրեց այդ մարդուն, ով նախապես իշխանափոխության ճանապարհ էր հռչակել մարզերում ու ողջ երկրում ժողովրդի կազմակերպումը, նախապատրաստումը առաջիկա ընտրական պրոցեսներին:



Իբր ԲՀԿ-ի տեսակետն արտահայտող լրատվամիջոցները, որոնք դեռ մի քանի օր առաջ գովաբանում էին Ծառուկյանի` շտաբներ ստեղծելու հեռատեսությունը, այսօր շռնդալից հոդվածներ են թխում հրապարակային պայքար սկսելու առավելությունների մասին` հիմք ընդունելով Գագիկ Ծառուկյանի պատասխանը: Բայց, արդյոք, դա Ծառուկյանի՞ պատասխանն էր և կամ Ծառուկյանն, արդյոք, այն գործի՞չն էր, որ սեփական քաղաքական հեռատեսությունը զոհեր այս վայրկենական, թող որ նույնիսկ անձնական բնույթի սադրանքին:



Չողջունելով հանդերձ Սերժ Սարգսյանի որոշ կոշտ արտահայտություններ, հակված ենք մտածելու, որ նրա բուն նպատակը ոչ թե Գագիկ Ծառուկյանին իր տեղը դնելն էր (նրա տեղը եռյակում բոլորը գիտեին), այլ, տառացիորեն, քիմիական փորձ կատարելը և դրա արդյունքները հանրությանը ցուցադրելը: Իսկ ի՞նչ է տեսնում հանրությունը: Հանրությունը պարզորոշ տեսնում է, որ եռյակն ինչ-որ ինքնաբուխ քայլերի ընդունակ է միայն այն դեպքում, երբ իրեն արծարծելու թեմա են տալիս, որ եռյակը` անծրագիր ու անուղի, անձի կռիվ ունի, որ այդ եռյակ կոչվածի շոգեքարշը ոչ թե ինքնուրույն է շարժվում, այլ վագոններն ու ՙաներևույթ՚ ուժերն են նրան բրթում առաջ:



Ավարտելով` ավելի կոնկրետացնեմ Գյումրիի դեպքի կապակցությամբ դիտարկումս, որովհետև դա նույնպես կապված էր եռյկի քիմիական բաղադրության հետ: Եռյակում գրեթե բոլորը վստահ էին, որ Գյումրիում տեղի ունեցածը հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու փորձ էր: Դա, որքան էլ որ տարօրինակ է, եռյակին ինքնաբխվելու առիթ չտվեց: Բնական է, վախեցած էին բոլորը: Փոխարենը` քաջ են հիմա, երբ Գագիկ Ծառուկյանին բան ասող է եղել, այն էլ նույն պրոռուսական ճամբարից, որի վառ ներկայացուցիչներն են եռյակի առնվազն երկու կուսակցությունները: Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ եռյակի կռիվը նախագահի աթոռի համար է և ոչ թե անմեղ տեղը մաշվող ժողովրդի:



Եվ ուրեմն` փետրվարի 20-ին, ժամը 16-00-ին` բոլորս դեպի Ազատության հրապարակ` հիանալու եռյակի անկեղծ ինքնաբխմամբ: