«Հիմնադիր խորհրդարանը» իշխանություններին վախեցրել է, կամ ապրիլի 24-ը 100 տարի էլ կարող է սպասել

«Հիմնադիր խորհրդարանը» իշխանություններին վախեցրել է, կամ ապրիլի 24-ը  100 տարի էլ կարող է սպասել

«Հիմնադիր խորհրդարանի» անդամները բիզնեսմեն ու օլիգարխ չեն. հարկային տեսուչներ «բաց թողնել» չի լինի. ուստի՝ «հարկային ստուգումները» չեն օգնի: Ստիպված գողականներին, քյուչի «հեղինակություններին» ու կախյալ կամակատարներին պիտի նորից սկսեն գործի դնել:

Սա մի բան է նշանակում. իշխանությունները սկսել են անհանգստանալ «Հիմնադիր խորհրդարանից», իսկ ավելի կոնկրետ՝ վերջինիս գաղափարնե՛րի տարածումից: Գաղափարը բավականին վտանգավոր կարող է դառնալ իշխող կլանի համար, քանզի «Հիմնադիր խորհրդարանը» չի ցանկանում մասնակցել նաև «խփովի» ընտրություններին:

«Հիմնադիր խորհրդարանի» առաջարկածը ոչ միայն լեգիտիմ է, այլ նաև իսկապես այլընտրանքային: Քաղաքացիների հետ պայմանագրեր կնքելն էլ օրենքի սահմաններում է և, համապատասխան թվով պայմանագրեր ունենալու դեպքում, «Հիմնադիր խորհրդարանը» կարող է ձևավորել (անցումային) կառավարման օրգան:

Դասական ընտրությունները ժողովրդի քվեն ստանալու ձևերից միայն մեկն է, բայց ո՛չ միակը:

Իսկ ինչ վերաբերում է ապրիլի 24-ը (որպես սկիզբ) ընտրելուն. ա՛խ, հայը մյուս ապրիլի 24-ներին էլ կարող է 3 մետր ծաղիկ ու 1000 կգ անմոռուկ ներկել-դնել կամ (վիզը ծռած ու խաչը ձեռքին) լաց լինել:

120 տարի «հող ազատագրողները» մյուս ապրիլի 24-ներին էլ Թուրքիայի դրոշը ցուցադրաբար կարող են վառել. նույնը՝ «Գենոցիդի ճանաչում» ՍՊԸ-ի սփյուռքահայ իրենց համախոհները:

Դրանից հետո հանգիստ կարող են գնալ քնելու՝ մինչև հաջորդ ապրիլի 24-ի նույնատիպ միջոցառումներ:

Թուրքիան, իհարկե, «սարսափում» է անմոռուկաշոուներից, լացակումած հորդոր-հայտարարություններից և նման բոլոր «հուժկու» միջոցառումներից: Թուրքը լավ էլ հասկանում է, որ բոլոր այս միջոցառումները Հայաստանի ներքի՛ն լսարանի համար են:

Թուրքիան՝ իր հերթին մեղադրելով «տեռորիստ դաշնակներին» ու «դավաճան հայերին», դե՛ռ ասում է՝ ապացուցե՛ք, որ Եղեռն էր:

Տարբեր երկրների պառլամենտների «Եղեռնի ճանաչումները» զուտ քաղաքակա՛ն հայտարարություններ են, որոնք Թուրքիային իրավաբանորեն ոչինչ չեն պարտադրում: Միակ բացառությունը թերևս ԱՄՆ-ն լինի, որի կողմից Հայոց Եղեռնի պաշտոնական ճանաչումը այդ երկրին, որպես միակ գերտերություն, կամա թե ակամա կներգրավի այս պրոցեսի մեջ՝ հատկապես Վիլսոնյան իրավարար վճռի լույսի ներքո:

Պահանջատիրության ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ կողմի վրա պիտի սկսել այլևս աշխատել. թե չէ, բոլորն էլ կարող են ցուցադրական շոուներով կե՛ղծ «հայրենասիրական» միավորներ խփել:

Բայց այսօր Հայաստանում կա՞ համապատասխան իրավաբանների գոնե մի փոքր խումբ, որը (պետությա՛ն հովանավորությամբ) աշխատում է այս հարցի վրա:

Բայց սա անելու համար նախ պետությու՛ն պիտի ունենալ: Գյումրիի եղեռնաոճ սպանդը հստա՛կ ցույց տվեց ներկա իշխանական կլանի իսկական դեմքն ու ՀՀ ոստիկանության և ԱԱԾ-ի բուն էությունը:

Ուստի՝ Ժիրայր Սեֆիլյանին ու «Հիմնադիր խորհրդարանին» գոնե կես շանս տվեք: Շուշի ազատագրեց (1000 տարվա առաջին մեծ հաղթանակը): Գուցե նաև Հայաստան ազատագրի. թեկուզ մասնակի:

Երկրին այս պահին ազատագրո՛ղ է պետք, այլ ոչ հերթական «ընդդիմադիր» քաղաքական գործիչ, որի (գալիք ընտրակեղծիքների վերաբերյալ) բողոքներն էլ ամենայն հավանականությամբ էլի «կսպանվեն» ՀՀ «անկախ» Սահմանադրական դատարանում:

Ոչ էլ պատերազմով թող վախեցնեն: Օլիգարխային կլանին սարսափեցնում է արցախյան խաղաղությու՛նը:

Ինձ չե՛ն հետաքրքրում ձեր պոպյուլիստական հույզերը: Ինձ հետաքրքրում է երկրի ՕՐԵՆՔԸ. այն կամ խախտվում է, կամ ոչ:

Այսպե՛ս շարունակելով 2025-ին Հայաստան դեռ կմնա՞, որ Եղեռնի 110-ամյակ «նշեք»:

Ապրիլի 24-ը 100 տարի էլ կարող է սպասել. մի՛ ֆետիշացրեք այն: 1915-ի՛ն կողքներին պիտի լինեի(ն)ք:


Վարազ Սյունի
Ամստերդամ
07.04. 2015