Գերմանիան տեխնիկակա՞ն, թե՞ քաղաքական պատճառներով հետաձգեց նախագծի ընդունումը

Գերմանիան տեխնիկակա՞ն, թե՞ քաղաքական պատճառներով հետաձգեց նախագծի ընդունումը

Երեկ առավոտյան սկսված Գերմանիայի պառլամենտի՝ Բունդեսթագի նիստի օրակարգային առաջին հարցը վերաբերում էր Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Եվ դրանով էր բացատրվում, որ անգամ Հայաստանից ուղիղ եթերով շատերը հետեւում էին այդ նիստի ընթացքին: Հետեւում էին եւ արձանագրում, որ քննարկումը, չնայած նախօրեին հնչող կասկածներին, ընթանում է սպասվածից ավելի կոնստրուկտիվ: Գրեթե բոլոր ելույթները դրական են, հօգուտ բանաձեւի ընդունման: Ի դեպ, ամենից կրակոտ ելույթն էլ ունեցել է ազգությամբ թուրք, Կանաչների կուսակցության ղեկավար, Բունդեսթագի անդամ Ջեմ Օզդեմիրը, ում ներկաները ողջունել են ծափերով: Նիստին ներկա են եղել նաեւ մի խումբ գերմանահայեր՝ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի անդամները՝ Սոնա Հակոբյանի ղեկավարությամբ:



Ենթադրվում էր, որ նիստի օրակարգային մի շարք հարցերի քննարկումից հետո, ժամը 14:00-ին մոտ, Ցեղասպանության ճանաչման բանաձեւը կդրվի քվեարկության եւ կանցնի: Համենայնդեպս, նիստի ընթացքն այլ բան չէր հուշում: Բայց որքան մեծ եղավ բոլորիս զարմանքն ու տարակուսանքը, երբ տեղեկացանք, որ մոտ երկու ժամ տեւած քննարկումներից հետո Բունդեսթագը ոչ թե քվեարկությամբ հաստատել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող նախագծի ընդունումը, այլ հարցի քննարկումը հետաձգել է մինչեւ ապրիլի 30-ը:



Այդ օրը Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հարցը նորից է քննարկման դրվելու, եւ հայտնի չէ, թե ինչ ելք է սպասվում: Գերմանիայում բնակվող մեր հայրենակիցները, օրինակ, կարծում են, որ բանաձեւի ընդունումը հետաձգվեց թուրքական իշխանությունների հետ լրացուցիչ բանակցություններ վարելու եւ ընդունվող բանաձեւի տեքստը համաձայնեցնելու, գուցե՝ կոմպրոմիսային ինչ-որ լուծում գտնելու համար: Իսկ դա նշանակում է, որ ոչ այդ օրվա բոցաշունչ ելույթները, ոչ նախօրեին Գերմանիայի նախագահ Գաուկի «ցեղասպանություն» եզրույթն ընդունելը ոչ մի արժեք չունեն: Դրանք բանաձեւը չանցկացնելու համար էմոցիոնալ ֆոն ստեղծելու եւ հայ համայնքի «բարոյական հաղթանակն» ապահովելուն էին ուղղված:



Առնվազն տարօրինակ է, որ հիմնականում դրական ելույթներից եւ նախագծի վերաբերյալ հավանություններից հետո քվեարկությունը չկայացավ: Հայաստանում կատարվածի վերաբերյալ կարծիքներն ու տեսակետներն իրարամերժ են, ավելին՝ կա նաեւ համոզմունք, որ հնարավոր է նախագծի ընդունումը հետաձգվել է՝ մեզ համար ավելի շահեկան ու ազդեցիկ բովանդակությամբ ներկայացնելու նպատակով:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով, այս հետաձգումն ավելի շատ տեխնիկական պատճառ ունի, որը նա որպես գլխավոր պատճառ է դիտարկում: Ըստ նրա, փաստաթուղթն ուղարկվել է հանձնաժողովներ՝ լրացուցիչ քննարկման, որպեսզի, հավանաբար, ավելի ճշգրիտ բովանդակություն եւ քաշ հաղորդվի նախագծին: Քաղաքագետը, սակայն, չբացառեց նաեւ քաղաքական պատճառները՝ կապված արդեն թուրքական ներգործության հետ՝ հիշեցնելով, որ Թուրքիան եւ Գերմանիան նախեւառաջ ռազմական դաշնակիցներ են եւ տնտեսական գործընկերներ:



«Բացի դրանից, կան նաեւ մեծածավալ հորիզոնական կապեր՝ կապված թուրքական համայնքի հետ, եւ, կներեք, Գերմանիան, ի տարբերություն մեր ռազմավարական դաշնակցի (նկատի ունի Ռուսաստանին), դաշնակիցների ոտքի տակ օճառ չի դնում, չնայած, այնուամենայնիվ, գերմանական քաղաքական ուժերը, պաշտոնյաները, նախագահը, թե արտգործնախարարն ու կանցլերն իրենց դիրքորոշումը հայտնել են, մնացածը, թե ինչ զարգացումներ կունենա, կարծում եմ՝ երկար չի մնացել, կապրենք, կտեսնենք»,-ասաց Ռ. Մեհրաբյանը:



Մեկ այլ քաղաքագետ՝ Սերգեյ Մինասյանը եւս հակված է այն մտքին, որ խնդիրը տեխնիկական է, առավել եւս, որ ե՛ւ նախագահը, ե՛ւ Բունդեսթագի խոսնակն ու Գերմանիայի կանցլերի ապարատի ներկայացուցիչը փաստացի արդեն խոսել են այդ մասին, ուստի չի կարծում, թե որեւէ խնդիր պետք է լիներ: Քաղաքագետը համոզված է, որ ինչ-որ որոշում, այդուհանդերձ, կընդունվի, իսկ թե ինչպիսին կլինի այդ որոշումը, դժվարանում է ասել, բայց եւ կարծում է, որ «ցեղասպանություն» բառը կօգտագործվի: Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից հավանական ճնշումներին կամ թե թուրքերի հետ ունեցած շահերից ելնելով այս քայլին գնալու հավանականությանը, ապա քաղաքագետն այստեղ կարծիք հայտնեց, որ եթե Գերմանիան արդեն գնացել է այս քայլին, ապա հաշվի է առել նաեւ Թուրքիայի հնարավոր արձագանքը:



Թուրքագետ Հակոբ Չաքրյանը, սակայն, լրիվ այլ տեսակետի կողմնակից է: Նրա համար նախ զարմանալի է Բունդեսթագի այս որոշումը, եւ նա ավելի շատ համոզված է, որ նախագծի հետաձգումը քաղաքական պատճառներով է պայմանավորված՝ կապված Թուրքիայի եւ Գերմանիայի հարաբերությունների հետ:
«Ճիշտն ասած՝ մինչ այդ Անգելա Մերկելը ելույթ էր ունեցել, հավանություն էր տվել բանաձեւին, եւ շատ զարմանալի էր, որ Գերմանիան հանկարծ հետաձգում է, մանավանդ որ Եվրախորհրդարանն իր վերջին ընդունած բանաձեւով պահանջել էր Եվրամիության անդամ այն երկրներից, որոնք դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ճանաչել: Եվ, չգիտես ինչու, Գերմանիան այսպիսի տարօրինակ քայլի գնաց, երեւի թե թուրքերի հետ սակարկել են, եւ եթե սակարկել են, ուրեմն փոխարենը ինչ-որ բաներ պետք է ստացած լինեն, կամ վերջնականապես չեն կողմնորոշվել՝ ճանաչել եւ դատապարտե՞լ Ցեղասպանության փաստը, թե՞ ոչ»,-կարծում է թուրքագետը:



Ինչ վերաբերում է տեխնիկական պատճառներով հետաձգելու հավանականությանը, ապա Չաքրյանն այստեղ կրկին տարակուսանք է հայտնում այս հարցում. «Գիտե՞ք, էդ բանաձեւը, երբ խորհրդարան է ներկայացվում, նախապես մանրազնին քննարկում են: Գերմանիան լուրջ պետություն է, հենց էնպես, մակերեսային ինչ-որ բան չի ներկայացնի»: Նրա կարծիքով, նախագծում արտահայտությունները մեղմելու եւ նմանատիպ այլ խնդիրներ կարող էին առաջանալ, եւ այս ընթացքում չի բացառվում, որ «ցեղասպանություն» տերմինը դառնա «մեծ եղեռն»: Այս հարցում նա չբացառեց նաեւ Բարաք Օբամայի ուղերձի բացասական ազդեցությունը Գերմանիայի վրա, որը կարող էր մտափոխել գերմանական պառլամենտին:



Դիտարկմանը, թե Գերմանիայի նախագահը, այդուհանդերձ, իր ելույթում օգտագործել է արդեն «ցեղասպանություն» եզրը, պարոն Չաքրյանն ասաց, որ նախագահի կողմից այս բառի բանավոր օգտագործումն իրերի դրությունը չի փոխում, էականն այստեղ գերմանական պառլամենտի՝ Բունդեսթագի կողմից ընդունումն է:
Փորձեցինք այս հարցում մեկնաբանություն ստանալ նաեւ ՀՀ արտգործնախարարությունից: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս հարցը դեռ չեն քննարկել ԱԳՆ-ում: «Երեկ, գիտենք, որ մեկնաբանել ենք Գերմանիայի նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչումը, առայժմ գնահատականը դա է, երբ որ Բունդեսթագը վերջնական որոշում կկայացնի, այդ ժամանակ նոր կլինի նաեւ մեկնաբանություն»:



Հարցին, թե ում կողմից է որոշումը կամ նախաձեռնությունը եղել՝ հետաձգել նախագծի ընդունումը, ԱԳՆ խոսնակն ասաց. «Մանրամասները չեմ կարող ասել, թե ում կողմից է կոնկրետ կայացվել այդ որոշումը, բայց եղել է կոնսենսուսային որոշում, որ նախագիծը տանել մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովում հավելյալ քննարկումների եւ ապրիլի 30-ին նորից դնել քննարկման պլենար նիստում»:



ՀԳ. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն շտապել էր արձագանքել Գերմանիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ելույթում ասվածին, նրա անունից տարածված հայտարարության մեջ ասված է. «Հայաստանը ողջունում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի այսօր արված հայտարարությունը: Այս քայլով Գերմանիան իր հարգանքի տուրքն է մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված անմեղ հայերի հիշատակին: Նախագահ Գաուկի հայտարարությունը կարեւոր է ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման տեսանկյունից, այլեւ արժեքավոր ներդրում է ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային հանրության միասնական ջանքերում»: