Կառավարության նիստից նիստ ավելանում է «գիլյոտինի» գործը

Կառավարության նիստից նիստ ավելանում է «գիլյոտինի» գործը

Օրենսդրության կար­գավորման ազգային կենտրոնի՝ կարգավորիչ գիլյոտինի ղեկավար Արմեն Եղիազարյանը հաշվարկել է, որ իր ղեկավարած հաստատությունը թեթեւացրել է պետության ծախսերը մոտ 20 մլրդ դրամով։ Սա այն թիվն է, որը ներկայացվել է կառավարություն։ Եղիազարյանը նշում է, որ «գիլյոտինի» բյուջեն 4 տարվա մեջ եղել է ընդամենը 1մլն եվրո, այսինքն՝ 500 մլն դրամ։ Ըստ նրա, իր կենտրոնում մոտ 23 աշխատող կա ընդամենը։ Ինչպես հայտնի է, այս մարմինն ստեղծվել է բիզնես-ոլորտը կարգավորող փաստաթղթերի ծավալը կրճատելու, օպտիմալացնելու համար։ Արմեն Եղիազարյանին հարցրինք․ «Դուք ուսումնասիրում եք տարբեր գերատեսչությունների ընդունած իրավական ակտեր, որի համար ստիպված եք ամբողջական ոլորտներ նայել եւ յուրացնել, ինչը բարդ է։ Ավելի հեշտ չէ՞ր լինի, որ տվյալ նախարարությունն ինքը մաքրի իր դարակները, ավելորդ թղթերից հրաժարվելով, եւ պետությունը «գիլյոտինի» համար փող չծախսեր»։ «Դա մեզ համար բոլորովին էլ բարդ չի։ Կա «շահերի կոնֆլիկտ» հասկացողություն, որովհետեւ նախարարությունը որոշակի իշխանություն ունի, եւ նա իր, այսպես ասած, գործառույթները կրճատել, որպես կանոն, չի ցանկանում։ Այնպես չի, որ նախարարություններն այդ գործն անում են, մեզ էլ կողքից դրեցին։ Ամբողջ խնդիրն այն է, որ ամբողջ աշխարհում է այդպես։ Սա աշխարհում ընդունված փորձ է»։ Բայց եթե հաշվի առնենք, որ կառավարության ամեն նիստի ժամանակ ընդունվում են մոտ 20-40 որոշում եւ որոշումների մեջ փոփոխություններ մտցնելու մասին որոշումներ, ապա կարելի է վստահաբար ասել, որ Արմեն Եղիազարյանի գործը նիստից նիստ ավելանում է։ Այդ որոշումները երբեմն ուղղակի զավեշտալի են։ Օրինակ, կարող է ընդունվել որոշում տվյալ իրավական ակտի վերնագիրը փոխելու եւ վերնագիրը բովանդակությանը համապատասխանեցնելու մասին։ Եվ նման գործառույթներ իրականացնելու համար պետբյուջեից ահռելի գումարներ հատկացնել ու հսկա աշխատակազմ պահել։