Եթե ես մեղավոր եմ, չեմ նեղանա, եթե մեղավոր չեմ, կնեղանամ

Եթե ես մեղավոր եմ, չեմ նեղանա, եթե մեղավոր չեմ, կնեղանամ

Ազգային ժողովի գործարար պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի համասեփականատեր Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե էլեկտրաէներգիայի թանկացումն ինչ ազդեցություն կունենա իր բիզնեսի վրա, եւ արդյոք կթանկանա՞ իրենց արտադրած գարեջուրը։ Ի պատասխան՝ Հակոբյանը նախ նշեց, որ ինքն ԱԺ պատգամավոր է, բիզնեսով չի զբաղվում, բայց սեփականատեր է։ Ըստ նրա՝ բնականաբար, ցանկացած թանկացում բիզնեսի վրա ազդելու է։ Իսկ որպես գարեջրի գործարանի համասեփականատեր՝ ասաց, որ երբ վերջնական սակագինը հաստատվի, գարեջրի ինքնարժեքը կհաշվեն, կտեսնեն, եթե հնարավո՞ր է շահույթի հաշվին ծածկել այդ տարբերությունն ու չթանկացնել, ապա կձգտեն չթանկացնել, քանզի դրանից նաեւ սպառումը կպակասի։ Հակոբ Հակոբյանը նաեւ դատական քաշքշուկների մեջ է հարկայինի հետ, ինչպես իր գործընկեր, ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը։ Հակոբյանի ղեկավարած գործարանին հարկային տեսչությունը տուգանել է ավելի քան 500 մլն․ դրամով։ Պատգամավորը հրաժարվել է վճարել տուգանքը, մի անգամ բողոքարկել է որոշումը, շահել է դատը, հետո երկու անգամ հարկայինն է վճիռը բողոքարկել։ Նրանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ վիճակում է այդ գործընթացը։



- Երբ որ կավարտվի, կասեմ։ Հիմա գործը վճռաբեկ դատարանում է։



- Ձեր գործընկեր Աշոտ Աղաբաբյանի դեպքում հարկային ստուգումները բավականին տխուր իրավիճակ են ստեղծել նրա համար, պատգամավորին սնանկացման են տարել։ Նման վտանգ Ձեր դեպքում կա՞։



- Ոչ։ Դե, գիտեք, եթե դատավճիռն ի վնաս մեզ կայանա, բնականաբար, խնդիր կունենանք։ Բայց բերեք սենց անենք, էլի, Աղաբաբյան Աշոտն իմ ընկերն ա, ես չեմ ուզում իր մասին որեւէ բան ասել։



- Իր մասին կարող եք որեւէ բան չասել, պարզապես այստեղ ուշագրավն այն է, որ իշխանական պատգամավորի համար խնդիրներ են ստեղծվում այսօր։



- Դուք չե՞ք տեսնում, որ մեր երկրում արդեն չկա իշխանական թեւ, ընդդիմադիր թեւ, բոլորը հավասար են օրենքի առաջ․․․ Դա լա՞վ ա, թե՞ վատ ա, իհարկե՝ լավ ա։



- Լավ է, բայց նաեւ նույն իշխանականները դժգոհում են, որ հարազատ կուսակցությունն այլեւս չի սատարում իրենց, թողնում է, որ սնանկացման գնան։



- Ցանկացած զարգացած երկրում բոլորն օրենքի առաջ հավասար են։ Տա Աստված, որ մեր մոտ էլ լինի 100 տոկոսանոց դա։



- Այսինքն՝ նույնիսկ եթե Ձեզ համար լուրջ խնդիրներ առաջանան, ընդհուպ սնանկացման հարց լինի, Դուք չե՞ք նեղանա հարազատ իշխանություններից, կուսակցությունից։



- Օրենքի առաջ բոլորը հավասար են։ Եթե ես մեղավոր եմ, չեմ նեղանա, եթե մեղավոր չեմ, կնեղանամ։



- Բայց եթե դատի եք տվել, ուրեմն մտածում եք, որ մեղավոր չեք, չէ՞։



- Դե, բնականաբար, բայց դատարանը կորոշի։



- Դատարանի վճիռն ի՞նչ ազդեցություն կունենա Ձեզ համար՝ քաղաքական առումով։



- Դատարանի վճիռը կլինի վերջնական, եթե դատարանն ի օգուտ մեզ կայացնի, մենք շնորհակալ կլինենք եւ կասենք, որ մենք ճիշտ էինք, հակառակ դեպքում, բնականաբար, սխալ էինք։



- Այսինքն՝ Դուք կընդունեք դա, չեք մտածի, որ Ձեզ անտեղի․․․



- Բնականաբար։



- Այս գործընթացում իշխանությունների կողմից աջակցություն զգո՞ւմ եք։



- Իշխանություններն օբյեկտիվ են էդ հարցում՝ միանշանակ։ Ճիշտ ա, Դուք չեք հավատում դրան, բայց հաստատ իմացեք, որ օբյեկտիվ են։



- Դա Ձե՞ր դեպքում։



- Կոնկրետ ես իմ դեպքի մասին եմ ասում, որովհետեւ որեւէ մեկը չի միջամտում դատարանին։



- Արդյոք այդ օբյեկտիվությա՞ն արդյունքն էր, որ Աշոտ Աղաբաբյանը նման ճակատագրի արժանացավ։



- Ես Աշոտ Աղաբաբյանի գործին ծանոթ չեմ, էդ հարցն իրեն տվեք։



 


Վահե ՄԱԿԱՐՅԱՆ