Վաղինակին վերջին անգամ երեկ բարիկադների առաջ եմ հանդիպել, եկավ, ողջագուրվեցինք, թև-թևի տվեցինք, որ բարիկադները պահենք

Վաղինակին վերջին անգամ երեկ բարիկադների առաջ եմ հանդիպել, եկավ, ողջագուրվեցինք, թև-թևի տվեցինք, որ բարիկադները պահենք

Երեկվանից Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Դավիթ Սանասարյանի այս քայլը նախապատմություն ունի։ Ըստ նրա՝ ոստիկանությունը հասկացավ, որ իրենց հայտարարած «մեկ քայլ առաջ» մարտավարությունը հաղթական քայլ էր, որը ոչ միայն ֆիզիկապես առաջ գնալ էր, այլ նաև գաղափարապես, ուստի նրանք գործողությունների, իսկ ըստ նրա՝ ապօրինի գործողությունների դիմեցին, որպեսզի հեռացնեն ցուցարարներին Բաղրամյան պողոտայից։



«Ես հայտարարել էի, որ եթե մեր պահանջներից գոնե մի պահանջը կատարվի, մենք կգնանք կոմպրոմիսի և կսկսենք այլ քայլեր իրականացնել։ Նրանք դա չարեցին ու փոխարենը մեզ սկսեցին բերման ենթարկելով փողոցը մաքրել, և երբ վերադարձա հրապարակ, տեսա, որ շատ քիչ մասսա կար հավաքված, և ուղղակիորեն հասկացա, որ պետք է աշխպատանք տարվի։ Իսկ ես աշխատանք տանելու եմ էստեղ ու անընդհատ լրագրողների ուշադրությունն ինձ վրա է, ես փորձելու եմ ներկայացնել մոտեցումներ, քաղաքացիների հետ խոսելու եմ և հրավիրելու եմ էստեղ»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ իր հացադուլով ինքը պահանջ չի ներկայացնում իշխանությանը։



Հացադուլը նրա համար է, որ ուշադրություն գրավի իր վրա՝ քաղաքացիներին հրավիրելով Ազատության հրապարակ, իր մոտ՝ միասին պահանջներ ձևակերպելու, քանզի չի ուզում, որ դա լինի մի քաղաքացու պահանջը մեկ այլ քաղաքացու։ Սանասարյանը նշեց, որ ինքը ֆիզիկապես կարող է դիմանալ հացադուլին, իրեն լավ է զգում, թեև մի փոքր շոգ է․ «Կարելի էր նաև նստացույց անել, բայց նստացույցը շատերին չի հետաքրքրում, իմ կարծիքով՝ նստացույցը պետք է լինի շատ կարճ ժամանակվա համար, կոնկրետ տակտիկա գործադրելու համար։ իսկ հացադուլւ հնչեղության առումով ավելի հնչեղ է, բնականաբար, դրա համար էլ գնացի էս քայլին։ Ուստի, կոչ կանեմ բոլոր էն քաղաքացիներին, ովքեր հեգնում են, ծաղրում են, անուններ են կպցնում, թող գան իրենք էստեղ հացադուլ անեն, թող գան ավելի հաղթական առաջարկներ անեն, ու ես դուրս կգամ հացադուլից»։
Այսինքն՝ հացադուլով հստակ որևէ պահանջ չի՞ առաջադրվում։ «Ոչ, ուղղակի որ քաղաքացիները գան էստեղ, որ միասնական ճնշում գործադրելով հասնենք մեր նպատակին, դա կարող է լինել Բաղրամյանը նորից փակելով կամ հասնելով Բաղրամյան 26, դա կարող է լինել ամենատարբեր բաներ, կարող ենք այլ փողոցներ փակենք, կարող ենք բոլորս միասին նստենք նստացույցի»,-ասաց նա։



Հարցին, թե նախաձեռնող խմբի անդամների հետ՝ Վաղինակի, մյուսների, կապ կա՞, քննարկու՞մ եք իրենց հետագա անելիքները, հացադուլ հայտարարած Դավիթն ասաց «Վաղինակին վերջին անգամ երեկ բարիկադների առաջ եմ հանդիպել, եկավ, ողջագուրվեցինք, թև-թևի տվեցինք, որ բարիկադները պահենք, դրանից հետո առիթ չեղավ խոսելու, բայց ես իրենց բոլորին հրավիրում եմ Ազատության հրապարակ, կամ իրենք կարող են գալ ինձ ու մյուսներին հրավիրել, բայց մենք կարիք ունենք միասնական պայքար տանելու։
Իսկ միասնականությունը չի՞ խարխլվել այս հարցում, կամ շարժումը կարելի՞ է համարել մարած հարցiն էլ տվեց այս պատասխանը․ «Քանի դեռ էստեղ քաղաքացի կա, քանի դեռ պայքար կա, շարժումը մարած չի, բայց, կարելի է ասել, որ շարժումը որոշակի վայրէջք ապրեց, ու դա նորմալ է։ Հնարավոր է՝ ինչ-որ կետից շարժումը վերելք ապրի։ Ինչ վերաբերում է միասնականության խարխլմանը, ապա բազմիցս ասել եմ, որ կարծում եմ՝ էդպես պետք է չլիներ։ Բայց էականը հիմա դա չի, կարևորը, թե հիմա մենք ինչ ենք անելու միասին։



 Վահե ՄԱԿԱՐՅԱՆ