ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի խոսքի նկատմամբ հավատ չկա

ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի խոսքի նկատմամբ հավատ չկա

Ընդդիմադիրները դեռ չէին հասցրել ծանոթանալ նոր Սահմանադրության 1-7-րդ գլուխներին, երբ իշխանությունը փորձեց «ձիով քայլ» անել՝ հայտարարելով, թե Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումներից հետո չի հավակնում ԱԺ նախագահի կամ վարչապետի աթոռին: ՀՀԿ խորհրդի նիստից հետո կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, հայտարարելով այս մասին, ասել էր. «Երբ որեւէ մեկը խոսում է վերարտադրության մասին, պետք է փաստարկներ բերի, եւ ես պատրաստ եմ բանավեճի»: Մինչդեռ սահմանադրական բարեփոխումների գործընթացին ընդդիմության սկզբունքային «ոչ»-ը պայմանավորված է հենց այս գործոնով, նրանք համոզված են, որ իշխանությունը Սահմանադրություն չէր փոխի, եթե առաջ չգար Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման հարցը:



Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է՝ իրենց կանխատեսումներն իրականացան: Փաստաթուղթը, ըստ մեր զրուցակից, ՀԱԿ անդամ Սամվել Աբրահամյանի, լիովին հաստատում է, որ Սերժ Սարգսյանն այս սահմանադրական ռեֆորմն անցկացնում է մեկ նպատակով՝ սեփական իշխանությունը երկարացնելու եւ երրորդ անգամ նախագահ առաջադրվելու սահմանադրական արգելքը շրջանցելու համար: Սերժ Սարգսյանի եւ Դավիթ Հարությունյանի հայտարարություններին անդրադառնալով՝ Աբրահամյանը նշեց. «Հանրապետականները բազմաթիվ անգամ բազմաթիվ հայտարարություններ են արել եւ խաբել են ժողովրդին, ես որեւէ հիմք չեմ տեսնում հավատալու այդ հայտարարությանը: Քանի՞ անգամ է Սերժ Սարգսյանը խոստում տվել, բայց չի կատարել, ձեզ հայտնի չե՞ն նման դեպքեր… Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, ուզում է թուլացնել դիմադրության հնարավորությունները, հերթական անգամ ապակողմնորոշել հասարակական կարծիքը, ուրիշ ուղղությամբ տեղափոխել խոսակցությունները»։
ՀԱԿ-ն առաջիկա օրերին փաստաթղթի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա, իսկ Աբրահամյանի ընդհանրական գնահատմամբ՝ նախագիծը բավականին վտանգավոր է Հայաստանի ապագայի համար. «Ձեւավորվում է միահեծան իշխանություն, միաբեւեռ համակարգ, առանց հակակշիռների, եւ ակնհայտորեն այս ամեն ինչն արված է Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժացնելու համար»: ՀԱԿ-ն ամեն ինչ անելու է, որ սահմանադրական հանրաքվեն վերածվի Սերժ Սարգսյանին եւ նրա ռեժիմին անվստահություն հայտնելու հանրաքվեի:



«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ է ասում, որ ՀՀԿ-ականների հայտարարությունները հիմք չեն կարող հանդիսանալ. «Տարիներ առաջ Սերժ Սարգսյանն ընդդիմությանը հերյուրանքներ տարածողներ էր անվանում, ովքեր պնդում էին, թե գազի գինը գաղտնի թանկացել է, բայց հետո պարզվեց, որ ոչ միայն թանկացել է, այլեւ 300 մլն էլ մեր ուսերին պարտք էին դրել։ Կամ՝ քանի՞ անգամ է ՀՀԿ-ն խոսք տվել, որ նորմալ ընտրություններ է անցկացնելու, բայց երբեւէ դա տեղի չի ունեցել: Ընդհանրապես, ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի խոսքը վստահություն ներշնչող չէ եւ հիմք չի կարող հանդիսանալ»:
«Բրեժնեւյան ժամանակի Սահմանադրություն: Ամբողջապես միակուսակցական համակարգի եւ մեկ մարդու համար նախատեսված Սահմանադրություն է, ժողովրդավարական առաջընթացի, որեւէ պետական արդյունավետ կառավարման՝ ժողովրդի հոգսերին ուղղված քայլ չտեսա այդ փաստաթղթում»,- ասում է «Ժառանգության» փոխնախագահը։ «Մնում է միայն ամրագրել, որ Հանրապետական կուսակցությունն առաջադեմ կուսակցությունն է ՀՀ-ում՝ դրանով, ըստ էության, ամբողջովին դարձնելով բրեժնեւյան Սահմանադրությունը: Սահմանադրության մեջ պետական սեփականության մասին ոչ մի խոսք չկա, մոնոպոլիաների խթանմանն ուղղված Սահմանադրություն է, դատավորները նորից ԱԺ մեծամասնությունից են կախված լինելու, դրա համար տարբերություն չկա՝ նախագահն է նշանակելու, թե ԱԺ-ն»: