Էլինար Վարդանյանը Ծառուկյանի՞ց էլ պասիվ պատգամավոր է

Էլինար Վարդանյանը Ծառուկյանի՞ց էլ պասիվ պատգամավոր է

ԲՀԿ-ից Էլինար Վարդանյանին հեռացնելը որևիցե կերպ Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունի: Տիկին Վարդանյանը ամիսներ շարունակ բավականին պասիվ գործունեություն է ծավալել։ ԲՀԿ կենտրոնական տարածքային կառույցում քննարկվել է Էլինար Վարդանյանին կուսակցությունից հեռացնելու հարցը, և մատնանշվել են այն փաստերը, որոնք հիմք են հանդիսացել դրա համար: Հիմնական պատճառը եղել է նրա պասիվ մասնակցությունը կուսակցական աշխատանքներին։



Այս պատասխանն այսօր լրագրողներին տվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչու են հեռացրել Սահմանադրության նախագծին դեմ արտահայտված և քվեարկությանը չմասնակցած Էլինար Վարդանյանին, ով ԲՀԿ խմբակցության պատգամավոր է, սակայն այլևս ԲՀԿ անդամ չէ։



Էնֆիաջյանը նշեց նաև, թե Վարդանյանը գնացել է գործուղումների և չի տեղեկացրել կուսակցության ղեկավարին կամ արել է հայտարարություններ, որոնք ընդունելի չեն եղել ԲՀԿ խմբակցության համար։ Մի խոսքով՝ զուտ կուսակցական պարտականությունների ոչ պատշաճ կատարում, որում ոչ մի ենթատեքստ, ըստ Վահե էնֆիաջյանի, չկա։ Նա պատահականություն է համարում նաև այն, որ Էլինար Վարդանյանի հեռացումը կապում են Սահմանադրությանը դեմ արտահայտվելու և քվեարկությանը չմասնակցելու հետ. ուղղակի համընկնում է եղել։



Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե որքանով են հարգելի ԲՀԿ խմբակցության անդամ Գագիկ Ծառուկյանի բացակայությունները, ով նիստերին առհասարակ չի գալիս, արդյոք նրա հարցն էլ քննարկվե՞լ է երբևէ խմբակցությունում, թե ինչու չի գալիս, չի մասնակցում նիստերին։



«Ես Գագիկ Ծառուկյանի խոսնակը չեմ, Դուք կարող եք նրա խոսնակի հետ կապ հաստատել»,-անհաջող ձևով փորձեց խուսափել հարցից պարոն Էնֆիաջյանը։



-Բայց նա ձեր խմբակցության անդամ է, Դուք էլ խմբակցության քարտուղարն եք։



-Խմբակցությունում մենք երբ որ քննարկել ենք հարցը, հաշվի առնելով տարբեր հանգամանքներ, իրավիճակներ՝ հարգելի ենք համարել բոլորի բացակայությունները։



-Կասե՞ք Ծառուկյանի բացակայություններից ո՞րն է եղել հարգելի, ինչն է եղել պատճառը։



-Գագիկ Ծառուկյանի պարագայում, ես էլի եմ կրկնում, խմբակցությունում քննարկել ենք և ընդհանուր փաթեթով մեր բոլոր գործընկերներին, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում են, հանրապետությունում չեն, զբաղված են այլ կարևոր գոծերով, նախկինում իրենց հայտարարություններն արել են, իրենց վերաբերմունքը տվյալ փաստաթղթերի հետ կապված ցույց են տվել, և ըստ այդ՝ մենք նման հայտարարությամբ հանդես ենք եկել։



-Հիմա Ծառուկյանի գործունեությունը ակտի՞վ է, թե՞ պասիվ` ըստ Ձեզ։



-Դուք գնահատեք։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ