Ոչ իշխանականներն իրենց շարքերն ամրացնելու փոխարեն անպտուղ գործով են զբաղված

Ոչ իշխանականներն իրենց շարքերն ամրացնելու փոխարեն անպտուղ գործով են զբաղված

Ազգային ժողովում երեկ «հրաշալի հնգյակի» նախադրյալներ էին դրվում, հանդիպումներ եւ քննարկումներ էին ընթանում բոլոր խմբակցությունների միջեւ, բացառությամբ ՀՀԿ-ի։ 5 ուժերին միավորողը «Նույնականացման քարտերի մասին» օրենքում եւ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթի դեմ դիրքորոշումն է: Ավելի ուշ նախաձեռնության հեղինակ Լեւոն Զուրաբյանը դահլիճում բացահայտեց իրենց կոնսենսուսը, հայտարարելով. «Երեկ այստեղ ԲՀԿ ներկայացուցիչն առաջարկություն արեց թանաքոտման մեխանիզմի մասին: ՀԱԿ-ը միանում է առաջարկին, եւ մենք անցկացրինք խորհրդակցական հանդիպումներ եւ պարզեցինք, որ «Ժառանգությունն» ու ՕԵԿ-ը եւս կողմ են, իսկ ՀՅԴ-ն միշտ է կողմ եղել: Ստացվում է՝ ԱԺ 5 խմբակցության կոնսենսուս գոյություն ունի, եւ ձեր կողմից ճիշտ քայլ կլինի, որ այս կոնսենսուսային առաջարկը լրջորեն քննարկեք ու որոշում կայացնեք»:



Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ իրենց եւս ժամանակ է պետք քննարկելու համար: «Լեւոն Զուրաբյանը նորից լիդերացավ, որ մատները թանաքոտեն, մինչդեռ այդ առաջարկն առաջինն արել է Նիկոլ Փաշինյանը»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ինչեւէ, 5 ուժերից երեկ խուսափում էին հստակ տեղեկություն տրամադրել, թե ինչի կհանգեցնի այդ կոնսենսուսը, սակայն, ըստ տեղեկությունների, եթե ՀՀԿ-ն չընդունի մատի թանաքոտման առաջարկը, եւ փոփոխություններ տեղի չունենան վերոնշյալ օրինագծերում, չի բացառվում, որ արտահերթ կարգով փորձեն նախագիծն օրակարգ մտցնել: Հիշեցնենք, որ նախագծերը 24-ժամյա ռեժիմով քննարկման են ներկայացվել, եւ այսօր պետք է տեղի ունենա երկու քվեարկություն՝ առավոտյան առաջին ընթերցումը, երեկոյան՝ երկրորդ: Որոշ պատգամավորներ մեզ հետ մասնավոր զրույցներում տեղեկացրին, որ, ամենայն հավանականությամբ, չեն սահմանափակվի միայն այդ առաջարկով եւ կընդլայնեն ընտրակեղծիքների դեմ պայքարի մյուս տարբերակները, որոնցից շատերի մասին ընդդիմադիր պատգամավորներն իրենց ելույթներում խոսեցին։



«Ի վերջո, միայն համալիր գործողությունների դեպքում հնարավոր կլինի հասնել արդյունքի»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Իսկ ՀԱԿ-ը, որպես սահմանադրական փոփոխությունների «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչ, անցնելո՞ւ է կտրուկ գործողությունների, որպեսզի կանխեն հանրաքվեն։ «Եկեք տեսնենք այստեղ ինչ է լինում, նոր կխոսենք հաջորդ քայլերի մասին»,- առաջարկեց Մանուկյանը:



Հիշեցնենք, որ վերոնշյալ օրինագծերը ՀՀԿ-ն նախօրեին խորհրդարանի 24-ժամյա ռեժիմով քննարկման է ներկայացրել: Այն նախատեսում է, որ նույնականացման քարտեր ունեցող անձինք կարող են մասնակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, բայց վերահսկողական որեւէ մեխանիզմ չի սահմանվում: Նույնականացման քարտերում չկան հասցեներ, քվեարկությունից հետո կնիք չի խփվելու, ինչպես լինում է սովորական անձնագրերում: Ընդդիմադիր պատգամավորներն իշխանություններին մեղադրում են հանրաքվեն կեղծելու փորձերի մեջ։ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, որը ներկայացնում էր օրինագիծը, հայտարարում է, որ վերահսկողության մեխանիզմներ չեն կարող սահմանվել, քանի որ այդ գործընթացը ժամանակատար ու ծախսատար է: Նա հայտարարեց, որ փաթեթի ընդունման նպատակը 180 հազար անձանց, ովքեր միայն նույնականացման քարտ ունեն եւ չունեն անձնագրեր, քվեարկության հնարավորություն տալն է:



Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դժգոհեց, որ խորհրդարանական մեծամասնությունը մերժեց իր նմանօրինակ նախաձեռնությունը, որով վերահսկողական մեխանիզմների հարցն էր կարգավորվում: Ուրիխանյանը հարցրեց՝ ինչպե՞ս է հասցեների առումով տեղի ունենալու վերահսկողություն, այն պարագայում, երբ նույնականացման քարտի վրա հասցե չկա նշված:



Հովհաննես Սահակյանն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքացի, որպեսզի հայտնվի որեւէ ընտրացուցակում, նախեւառաջ պետք է համապատասխան վայրում ունենա հաշվառման հասցե: «Փաստորեն, Ձեր ասածից ստացվեց հետեւյալը՝ փաստաթուղթը, որը ներկայացնելու են քվեարկության, չի պարունակում հասցե, հետեւաբար, հնարավոր չէ համադրել ցուցակներում նշված հասցեների հետ»,- արձանագրեց Ուրիխանյանը:



Մհեր Շահգելդյանի դիտարկմանը, թե նույնականացման քարտերով քվեարկությանը մասնակցելը ռիսկային է, քանի որ կարող են լինել կրկնակի քվեարկություններ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնականացման քարտերը չեն դրոշմակնքվելու, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Այսօրվա Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս, որպեսզի մենք պատշաճ վերահսկողություն իրականացնենք: Դրոշմակնիքն այդ վերահսկողության գործիքներից ընդամենը մեկն է: Դրոշմակնիքի առկայության պայմաններում արդյոք չկա՞ն դժգոհություններ, որ լինում են կրկնակի քվեարկություններ: Իհարկե, կան: Հետեւաբար, մենք պետք է կարողանանք ձեւավորել ընտրական մշակույթ, պետք է կարողանանք մեր լծակներով բոլորս միասին վերահսկել ընտրական գործընթացները»:



Նա մանրամասնեց, որ ընտրացուցակները հանրաքվեից 40 օր առաջ փակցվում են ընտրատեղամասերում, իսկ դիտորդները եւ վստահված անձինք հանձնաժողովի անդամներին հավասար իրավունքներ ունեն: «Նրանք կարող են տեսաձայնագրել ողջ ընտրական գործընթացը: Ցանկացած պահի կարող են մոտենալ եւ պահանջել քվեարկությանը մասնակցած մարդու անձը հաստատող փաստաթուղթը, համոզվել, որ դա հենց նրա փաստաթուղթն է, եթե կան նման կասկածներ: Հենց նման եղանակով կարելի է վերահսկել ընտրական գործընթացը»,- ասաց Հովհաննես Սահակյանը՝ ըստ էության ակնարկելով ընդդիմադիրներին, որ ավելի լավ է ձեզ վստահված ու հավատարիմ կուսակիցներ նշանակեք ընտրատեղամասերում ու ոչ թե ժամանակն անտեղի վատնեք այլ մեխանիզմներ գործարկելու վրա:



Մհեր Շահգելդյանի առաջարկին, որ կարելի է միայն նույնականացման քարտեր ունեցող անձանց համար թղթե կրիչների վրա տպել անձնագրեր եւ տրամադրել նրանց՝ հանրաքվեին մասնակցելու համար, Հովհաննես Սահակյանը նշեց․ «Մենք այդ հարցը քննարկել ենք: Ես ինքս մի քանի նման տարբերակներ եմ առաջարկել: Սակայն հավատացնում եմ, որ ընտրական գործընթացը կազմակերպող անձանց հետ քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ դա ավելի խառնաշփոթ է առաջացնելու, խաթարելու է ընտրական գործընթացը»: Խաչատուր Քոքոբելյանն էլ առաջարկեց 3 պայման. «Պետք է անհապաղ հրապարակվի այն ցուցակը, թե ովքեր ունեն միայն նույնականացման քարտեր, պետք է որոշում ընդունենք՝ եթե քաղաքացին ունի եւ հին նմուշի անձնագիր, եւ նույնականացման քարտ, ապա պետք է մասնակցի միայն անձնագրով: Պետք է բարձրացվի վստահված անձանց վերահսկողության աստիճանը:



Առաջարկում եմ մտցնել մատի թանաքոտման մեխանիզմը: Այն ժամանակ չի խլի ու տեխնիկական խնդիրներ չի առաջացնի, իսկ եթե չեք կարողանում ամբողջովին մտցնել այս համակարգը, գոնե միայն նույնականացման քարտ ունեցողների համար պետք է մտցնեք, կամ անձնագրային վարչությունից պետք է վերցնեն տեղեկանքներ եւ նույնականացման քարտերի հետ միասին մասնակցեն հանրաքվեին»: