ԲՀԿ-ից դուրս եկածները դեռ չգիտեն ինչ են անելու հանուն «այո»-ի

ԲՀԿ-ից դուրս եկածները դեռ չգիտեն ինչ են անելու հանուն «այո»-ի

ԲՀԿ-ից դուրս եկած «մեծամասնական» պատգամավորների դեպքում անորոշ է ոչ միայն նրանց քաղաքական ապագան՝ Սահմանադրության ընդունումից ու ընտրություններից հետո, այլեւ առաջիկա հանրաքվեում իրենց բաժին «այո»-ն քարոզելու հարցը։ ՀՀԿ-ից նրանց ոչինչ դեռեւս չեն ասել, թե իրենց «այո»-ն ինչպես են «իրացնելու» եւ ինչ ծառայություն են մատուցելու ՀՀԿ-ին։



«Դե, «այո»-ի շտաբները դեռ նոր են ձեւավորվել, ու դեռ նոր կոնկրետ բան չկա, էլի»,-ասաց ԲՀԿ-ից հեռացած աշտարակցի պատգամավոր Բազմասեր Առաքելյանը։



- Քննարկում եղե՞լ է Ձեզ հետ, թե ով ինչ պետք է անի։



- Դեռ ոչ, հլը շուտ ա, նոր սկսում ենք, էլի, հեսա Ազգային ժողովի քառօրյան կվերջացնենք, մյուս շաբաթվանից նոր կսկսենք, ամեն մեկս իր տեղում կհասկանանք՝ մեր ժողովրդին ոնց իրազեկենք։



- Ամեն դեպքում Ձեզ ասվա՞ծ է, որ մասնակցեք քարոզարշավին։



- Դեռ ոչ, հլը ոչ մի բան չկա, դեռ նոր հանրապետական շտաբի պետ են նշանակել, տեղակալներ են նշանակել, հենց նշանակեցին՝ քառօրյան սկսեց, հիմա քառօրյան կվերջացնենք, նոր․․․



- Իսկ Ձեզ ո՞վ պետք է ասի, ո՞ւմ հետ պետք է քննարկեք։



- Դե, չգիտեմ, կասեն, էլի։



- ՀՀԿ-ի՞ց պետք է ասեն։



- Դե, հիմա, խի՞ եք կուսակցականացնում։



- Որովհետեւ ՀՀԿ-ն է շտաբը ձեւավորել, քարոզարշավի հիմնական բեռն իրենց ուսերին է։



- Չէ, կապ չունի, ՀՀԿ․․․ կգա ժամանակը, կասեմ, էլի։ Հենց որ ես իմացա ինչով եմ զբաղվելու, որ տարածքով եմ զբաղվելու, Ձեզ անպայման կասեմ։



- Այսինքն՝ չի բացառվում նաեւ, որ Ձեր տարածքում՝ Աշտարակում, առանձին քարոզարշա՞վ իրականացնեք։



- Չեմ կարծում՝ առանձին։



- Այսինքն՝ հնարավոր է, որ Դուք եւ Ձեր մյուս կոլեգաները կկցվեք ՀՀԿ-ին։



- Չգիտեմ ում կկցվենք, ես կկցվեմ, թե իրենք ինձ կկցվեն, ամեն դեպքում մեր պարտականությունը ժողովրդին։



Նույն հարցն ուղղեցինք նաեւ Արթիկից մեծամասնականով ընտրված պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին։ Նա էլ ասաց, որ դեռ չի ընդգրկվել քարոզարշավում, հանձնարարություն էլ չկա։



«Չգիտեմ հլը, դեռ կորոշենք, էլի, երեւի... դեռ պետք ա հավաքվենք, ինչ-որ լուրջ գործընթաց չի ծավալվում, հենց ծավալվեց, հաջորդ քառօրյայում խոստանում եմ անպայման պատասխանել»,-ասաց նա։



- Իսկ ո՞ւմ հետ պետք է հավաքվեք քննարկեք։



- Դե, իմ թիմակիցների, մեր քաղաքի՝ Արթիկի քաղաքապետի։



- Իշխանությունների, ՀՀԿ-ի կողմից կա՞ որեւէ առաջարկ կամ հանձնարարական, որ Դուք էլ միանաք քարոզարշավին։



- Ոչ։



- Իսկ Ձեր սեփական նախաձեռնությամբ կմասնակցե՞ք քարոզարշավին։



- Դե հա, ինչի՞ չէ, լավ բանին միշտ էլ կողմ եմ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ