ՀՀԿ-ն կառուցողական քարոզչություն է իրականացնելու. Արմեն Աշոտյան

ՀՀԿ-ն կառուցողական քարոզչություն է իրականացնելու. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստին, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այսօր քննարկվել են սահմանադրական փոփոխությունների հետ կապված կազմակերպական ու բովանդակային խնդիրներ։ Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մասնավորեցնելով, որ խոսքը քարոզչական բնույթի աշխատանքների հետ կապված հստակություններն են։ Անդրադարձ է կատարվել նաև ներկուսակցական և ոչ կուսակցական որոշ հարցերին։



Հարցին, թե Նախագահը հստակեցրել է իր մասնակցության ձևաչափը հանրաքվեին, Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ նման հարց ԳՄ նիստին չի քննարկվել։ Նիստին չէր քննարկվել նաև մարզերում հանրահավաքներ անցկացնել-չանցկացնելու հարցը։



«Այս պահին ամբողջ ծավալով ընթանում են կազմակերպչական աշխատանքները ՀՀԿ կուսակցության «այո»-ի շտաբի հետ կապված։ Գիտենք, որ նմանատիպ շտաբեր ձևավորել են նաև այլ քաղաքական ուժեր, այսինքն՝ նաև համագործակցության հետ կապված հստակեցումների խնդիր կա այդ ուժերի հետ։ Բայց ակնհայտ է, որ մեր քարոզչությունը լինելու է կառուցողական, բովանդակային ու նպատակային, որպեսզի իրազեկ քաղաքացիները կատարեն իրենց քաղաքացիական ընտրությունը հանրաքվեի օրը»,- ասաց նա։



Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում նշանակված է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։



Իսկ թե ինչ ձևով է ընթանալու ՀՀԿ-ի «այո»-ի քարոզարշավը, Արմեն Աշոտյանը այդպես էլ փակագծերը չբացեց՝ հորդորելով հետևել քարոզարշավի ընթացքին։ «Մեր սկզբունքը այն է, որ լինի ապագային միտված, ու քաղաքացիական ընտրությունը կատարվի հնարավորինս իրազեկված ու գիտակցված»,-ասաց նա։