Եթե կեղծիքներ չլինեն, եթե ոչ 70/30, ապա 60/40 հարաբերակցությամբ «ոչ»-ը կհաղթի. Վաղինակ Շուշանյան

Եթե կեղծիքներ չլինեն, եթե ոչ 70/30, ապա 60/40 հարաբերակցությամբ «ոչ»-ը կհաղթի. Վաղինակ Շուշանյան

«Այո» և «Ոչ» ռեալիթի շոուն արդեն 18-րդ օրն է՝ շրջում է մարզերում։ Հյուսիսային խումբն այսօր այցելել էր Կոտայքի մարզ, մենք նրանց հանդիպեցինք Չարենցավան քաղաքում։ «Ոչ»-ի կողմնակիցների թվում էր հասարակական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում արտահայտելով իր տպավորությունները՝ ասաց, որ եթե չլինի այն ձևական երևույթը, որ տեղական ինքնակառավարման մարմիններրը հանդիպումներին հիմնականում իրենց ակտիվն են բերում, իրենց ենթակայության տակ գտնվող մարդկանց, ապա ակնհայտ է, որ բնակչության մեծ մասը դեմ է այս փոփոխություններին և «ոչ» է ասում։ Ըստ նրա՝ նույնիսկ այդ ենթակա անձինք են կադրից դուրս դեմ արտահայտվում։



«Հիմնականում տպավորությունս այսպիսի է, եթե կեղծիքներ չլինեն, եթե ոչ 70/30, ապա 60/40 հարաբերակցությամբ «ոչ»-ը կհաղթի, և Սահմանադրության այս նոր նախագիծը չի անցնի։ Հիմնականում մարդիկ հետաքրքրված են ոչ թե հենց Սահմանադրությամբ, այլ նրանց չի հետաքրքրում և անվստահություն ունեն հենց Հանրապետական կուսակցության նկատմամբ։ Նրանց կողմից բարձրացվող հարցերը հիմնականում սոցիալական բնույթի են, թե արդյոք այս Սահմանադրությունը կբարելավի՞ իրենց սոցիալական վիճակը, թե՞ ոչ»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Վաղինակ Շուշանյանը։ Ըստ նրա, երբ «այո»-ականների կողմից նշվում է, որ Սահմանադրությունը սոցիալական հարցերով չի զբաղվում, այդ ժամանակ ժողովուրդը միանգամից անցնում է երկրորդ տարբերակին և ասում է՝ այդ դեպքում մենք անվստահություն ենք հայտնում ձեզ էլ, ձեր նախագծին էլ։



-Չարենցավանում այդ առումով ի՞նչ նկատեցիք։



-Չարենցավանի հետ վաղուց եմ ծանոթ, բազմաթիվ ընկերներ ունեմ, լիքը համախոհներ, գաղափարակից մարդիկ, ովքեր, իրականում, չեն վստահում։ Էստեղ էնքան էլ շատ չէին մարդիկ հավաքված, ինչը որ ես պատկերացնում էի, որ Չարենցավանում կլինի։ Դա հենց այն էր, որ տեղական ինքնակառավարման մարմինն էր բերել ու նաև էստեղի պատգամավորը այս նույն քարոզարշավի մեջ էր (նկատի ունի Վարդան Այվազյանին), մարդիկ միգուցե փորձեին հաճոյանալ, բարեհամբույր երևալ... բայց ես ինքս էլ գիտեմ, որ չարենցավանցիների գրեթե մեծամասնությունը նույնպես չի ընդունում այս կառավարման համակարգը և չի ուզում, որ սրանք նորից վերարտադրվեն։ Երբ որ շատերի հետ խոսում ես թե՛ վիրտուալ տիրույթում, թե՛ անհատական զրույցներում, զգացվում է, որ մարդիկ դժգոհ են և «ոչ» են քվեարկելու։



-Այս հանդիպման ընթացքում ներկաների մեջ Դուք նկատեցի՞ք «ոչ»-ի կշիռը։



-Երիտասարդության շրջանում հիմնականում նկատեցի։ Նրանց մեջ կար նաև իմ ընկերներից մեկը, ով Դաշնակցություն կուսակցությունից է՝ Վարդան Մակինյանը... դե պարզ է, որ ՀՅԴ-ի 125 տարվա երազանքն է եղել պառլամենտական կառավարումը, մեկ անգամ ձախողել են 918-20 թվերին՝ հենց իրենց կառավարման շրջանում, որովհետև հենց պառլամենտական կառավարման անցան, 70 տոկոս ձայներով միայն իրենք էին պառլամենտում, և հենց իրենք էլ ցրեցին այդ պառլամենտը։ Սիմոն Վրացյանն իր «Կյանքի ուղիներում» ինքնակենսագրականի մեջ նշում է, որ, այո, Դաշնակցությունը ձախողեց...



-Չարենցավանցիների հետ հարցուպատասխանից ի՞նչ հասկացաք՝ նրանք ավելի շատ «ոչ»-ի՞, թե՞ «այո»-ի կողմնակից են։



-Էնպես չեղավ, որ քաղաքացիներից շատերը հարց տան, եղան ընդամենը 3-4 հարց, որոնցից մեկը լրիվ «այո»-ական էր, դա Վարդանինն էր, իսկ մնացածը, կարծում եմ, իրենք պիտի որոշեն, թե ինչ ընտրեն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ