Հիացական աղմուկներ, ուրիշ՝ ոչինչ

Հիացական աղմուկներ, ուրիշ՝ ոչինչ

ՀԱՊԿ գագաթաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին հաջորդած հայաստանյան աղմուկն սպասելի էր: Քաղաքական սազանդարները պետք է խոսեին, մանավանդ, որ խոսելու բան էլ կա: Բայց խոսում ու թմբկահարում են Սերժ Սարգսյանի ինչ-որ մտքեր, որոնք բացարձակապես կապ չունեն այդ գագաթաժողովի առանցքային նշանակության հետ:



Բոլորս էլ լսել ենք Սերժ Սարգսյանի ելույթը, ՀԱՊԿ անդամ երկրներին, այդ թվում և Ռուսաստանին ուղղված բաց ակնարկները, որ կազմակերպությունը ադեկվատ չի արձագանքում Ադրբեջանի կողմից շփման գծում և հայ-ադրբեջանական սահմաններին լարվածության մեծացմանը:



Ավելին ասենք՝ Սերժ Սարգսյանը ողջունեց Թուրքիային ուղղված Պուտինի հռետորիկան, ՀԱՊԿ անդամ երկրներին կոչ արեց առավել ակտիվ լինել ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանին սատարող կոալիցիայի կազմում ու նման բաներ: Այս ամենը, այո, մեզ համար անսպասելի էր գուցե, ինչ-որ տեղ հաճելի: Բայց ո՞ւր է Սերժ Սարգսյանի այդ հանկարծահաս ակտիվության արձագանքը ՀԱՊԿ անդամ երկրների շրջանակում: Ո՞ւր է Ռուսաստանի արձագանքը Սերժ Սարգսյանի հայտարարություններին, երբ այս իսկ գագաթաժողովում պարզ դարձավ, որ անգամ Բելառուսն առանձնապես ոգևորված չէ Պուտինի «թուրքական արշավանքով»:



Նույնիսկ ռուս վերլուծաբաններն են նկատել, որ ՀԱՊԿ հավաքում, չնայած կազմակերպության նախագահությունն ստանձնած Սերժ Սարգսյանի գործադրած ջանքերին, առանցքային են մնացել զուտ տնտեսական խնդիրները: Օրինակ, որ ՀԱՊԿ անդամ վեց երկրներից 5-ին՝ ԵԱՏՄ անդամներին, հուզել է ազատ առևտրի գոտու հարցը, որը համարվել է վտանգավոր և փակվել գուցե մեկընդմիշտ: Մերոնք չեն գրում նաև այն մասին, որ այս գագաթաժողովից միայն Ալեքսանդր Լուկաշենկոն է գոհ հեռացել, որովհետև նրան հաջողվել է Պուտինի հետ երկկողմ հանդիպման արդյունքում 2 միլիարդ դոլար պոկել վարկի տեսքով: Իսկ մյուսները՝ Ղազախստանի, Ղրղզստանի և Թուրքմենիայի առաջնորդները, հիմնականում հորանջել են և որևէ կերպ չեն արձագանքել Սերժ Սարգսյանի կողմից բարձրաձայնած մտահոգություններին:



Պատճռը, գուցե, ՀԱՊԿ հավաքին նախորդած Սարգսյան-Ալիև հանդիպումն էր, և ՄԽ համանախագահների հուսադրող հայտարարությունը, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կշարունակեն խաղաղ կարգավորման գործընթացը, կնպաստեն շփման գծում լարվածության թուլացմանը: Բայց, ամեն դեպքում, Սեժ Սարգսյանը երևի թե իր «կրակոտ» ելույթին նման զրոյական արձագանք չէր սպասում այսպես կոչված գործընկեր երկրների կողմից:



Գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրները, Հայաստանից բացի, իրենց երկկողմ հարցերն ու հարաբերություններն ունեն Ադրբեջանի հետ: Հետևաբար, մինչև ՀԱՊԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթին արձագանքելը, նրանք մի լավ ծանրութեթև են անում նաև հետևանքները, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ իրենց և Ադրբեջանի հարաբերությունների վրա: Այդ երկրներից ոչ մեկը, մանավանդ մահմեդական երկրները, առանձնապես պատճառ չունեն Հայաստանի Նախագահի տեսակետները պաշտպանելու մի կառույցում, որը խնդիրներ ստեղծելուց բացի ոչինչ չի տալիս իրենց:



Նկատենք՝ ՀԱՊԿ-ի կարիք ոչ Բելառուսն ունի, ոչ Ղազախստանը և ոչ էլ Թուրքմենստանն ու Ղրղզստանը: ՀԱՊԿ-ը, թերևս, որոշ նպատակների համար պետք է Ռուսաստանին և, եթե գործի, նաև Հայաստանին՝ զուտ պաշտպանական խնդիրների հետ կապված:



Այս ամենը մի կողմ թողած՝ Հայաստանում հիանում ենք Սերժ Սարգսյանի ելույթով ու համարձակությամբ: Ընդամենը մեկ ամիս առաջ, երբ Թուրքիան ու Ռուսաստանը բզկտում էին միմյանց, մենք դարձյալ հիանում էինք, բայց այն ժամանակ՝ Սերժ Սարգսյանի զսպվածությամբ և զարգացումներին լուռ հետևելու խելամիտ քաղաքականությամբ: Մի խոսքով՝ Սերժ Սարգսյանն ինչ անում է՝ հիանում ենք: Հիացած Եվրոպա էինք գնում, հիացած մտանք ԵԱՏՄ… Բա այսպես ո՞նց կլինի:



Ի դեպ՝ Հայաստանին էր անցել ոչ միայն ՀԱՊԿ-ի նախագահությունը, այլև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ Բորդյուժայի պաշտոնը: Հայաստանը Մոսկվայում «խոհեմաբար» հրաժարվել է այդ պաշտոնից: Սա մերոնցից չէ, մանավանդ, որ ԵԱՏՄ վարչապետի պաշտոնն էլ շուտով Տիգրան Սարգսյանն էր ստանձնելու: ՀՀԿ-ն, փաստորեն, կարող էր միանձնյա ստանձնել հետխորհրդային տարածքի բոլոր ղեկավար պոստերը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այս մասին նույնպես չենք խոսում, թեև դա իսկապես կարող էր իրադարձություն լինել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և, իհարկե, Հայաստանի նորագույն շրջանի պատմության մեջ: Ի՞նչ փույթ, թե սա ծիծաղելի է, և խոսում է վերոնշյալ կառույցների անլրջության մասին: