Սա խորամանկություն է, իշխանությունը դեմագոգրայով է զբաղված

Սա խորամանկություն է, իշխանությունը դեմագոգրայով է զբաղված

Մենք ի սկզբանե մերժեցինք մի մոտեցում՝ կապել սարքը կենտրոնացված սերվերի հետ։ Դա նշանակում է, որ եթե կենտրոնական պահոոցում է պետք ինֆորմացիան ֆիքսել, ապա ցանկացած տարբերակով հնարավոր է դա վնասել։



Կան որոշակի կատեգորիաներ, որոնք ցանկում ներկայացված չեն՝ զինծառայողները, դատապարտյալները և այլն, որոնք կարող են լինել խախտումների համար հիմք։
Մենք պետք է դադարեցնենք այս վարվերակերպը, անգլերեն ասում են՝ Business as usual: Հայաստանում այլևս business as usual չի կարող լինել։ Դուք այն իշխանությունն եք, որը հենց նոր բոլորի աչքի առաջ կեղծեց հանրաքվեն՝ կեղծելով կես միլիոն ձայնից ավել, ինչն ապացուցվում է վիճակագրական վերլուծությունով, ինչպես նաև հրապարակված արդյունքների անհամապատասխանությամբ։



Այս մասին այսօր Մարիոթ հյուրանոցում հրավիրված ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Քննարկումը կազմակերպվել է արդարադատության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից։ Մասնակցում են արդարադատության նախարարը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարն ու տարբեր քաղաքական ուժերի և ՀԿ ներկայացուցիչներ։



Զուրաբյանի խոսքով՝ իշխանությունը դեմագոգիայով է զբաղված՝ խոսելով ինչ-որ մասնավոր կյանքի գաղտնիության մասին։ Ըստ նրա՝ Հայաստանում որևէ մեկը այդ հարցը չի հուզում, և ժողովրդի վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ շատ ավելի կարևոր չէ՞, քան այդ դեմագոգիան։



«Դուք հիմա հատուկ բերել եք էնպիսի վատ օրենսգիրք, որ մենք պայքարենք արդեն զիջված դիրքերի համար և մոռանանք մեր առանցքային պնդումների մասին։ Սա խորամանկություն է, սա մոտեցում չի»,-ասաց նա։



ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքով, եթե իշխանություններն իսկապես ուզում են բարձրացնել ժողովրդի մոտ ընտրական գործընթացի հանդեպ վստահությունը, ինքը մի առաջարկ ունի․ «Եկեք ստեղծենք հետևյալ ֆորմատով հանձնաժողով՝ չորս հոգի իշխանությունից, չորս հոգի ընդդիմությունից, չորս հոգի քաղհասարակությունից։ Ստեղծենք այս մարմինը և այդ մարմնով քննարկենք ԸՕ այն հիմնական սկզբունքները, որոնք կփարատեն մեր մտահոգությունները»։



Ի պատասխան՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ըստ էության չմերժեց Զուրաբյանի առաջարկը, թեպետ նրա խոսքից պարզ չդարձավ՝ կիրագործե՞ն Զուրաբյանի առաջարկը, թե՞ ոչ․ «Ուզում եք չորս, ուզում եք հարյուր պլյուս չորս։ Ցանկացած ֆորմատի քաղաքական երկխոսության ընդունելի է, մենք պատրաստ ենք քննարկման»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ