Իշխան Զաքարյանը ներկայացրել ՎՊ նախագահի նորանշանակ տեղակալ Արա Նռանյանին

Իշխան Զաքարյանը ներկայացրել ՎՊ նախագահի նորանշանակ տեղակալ Արա Նռանյանին

Մարտի 11-ին ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ղեկավար կազմին է ներկայացրել ՎՊ նախագահի նորանշանակ տեղակալ Արա Նռանյանին:



Շնորհավորելով պարոն Նռանյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը նշել է. “Վաղուց եմ ճանաչում Արա Նռանյանին` միասին աշխատել ենք: Պարոն Նռանյանը շատ արժանի գործիչ է, և վստահ եմ` թե´ իր աշխատանքով, թե´ իր փորձով, թե´ իր գիտելիքներով կնպաստի Վերահսկիչ պալատի առջև դրված խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանը”:



ՎՊ նախագահը հանգամանալից կերպով ներկայացրել է Վերահսկիչ պալատի խորհրդի անդամներին, աշխատակազմի ղեկավարին և վարչության պետերին` խոսելով նրանց անցած ուղու, մասնագիտական որակների և կատարած աշխատանքի մասին:



ՎՊ նախագահի նորանշանակ տեղակալն իր հերթին պարոն Զաքարյանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և դրական գնահատականի համար և շեշտել, որ գիտակցում է այն բարձր պատասխանատվությունը, որը դրվել է իր ուսերին ՀՀ նախագահի կողմից: “Ուրախ եմ, որ աշխատելու եմ մեծ ճանապարհ անցած պրոֆեսիոնալների հետ: Երկրում ընթացող փոփոխությունների այս փուլը պետք է պատվով հաղթահարել` օգտագործելով բոլոր հնարավորությունները: Համոզված եմ` աշխատանքն արդյունավետ է լինելու”,- նշել է պարոն Նռանյանը:



ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը խոսել է նաև Սահմանադրական փոփոխությունների և դրանց համատեքստում նոր օրենքի մշակման, աշխատանքների կազմակերպման, առկա խնդիրների և դրանց կարգավորման վերաբերյալ` Արա Նռանյանին հակիրճ ծանոթացնելով ՎՊ նախագահի տեղակալի գործառույթներին: