Իշխանությունն ու ընդդիմությունն այսօրվանից գաղտնի պայմաններում կբանակցեն

Իշխանությունն ու ընդդիմությունն այսօրվանից գաղտնի պայմաններում կբանակցեն

Լեւոն Զուրաբյանն անցած հինգշաբթի նամակով դիմել էր պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանին, նաեւ ԱԺ նախագահին եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ առաջարկելով «զանգվածային ընտրակեղծարարության վերացման եւ ընտրությունների նկատմամբ հավատի վերականգնման նպատակով» նոր Ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացը կառուցել լայն քաղաքական եւ հանրային կոնսենսուսի հիման վրա, որտեղ հավասարապես ներկայացված լինեն խորհրդարանի բոլոր խմբակցությունները․ 4 հոգի ընդդիմությունից, 4-ը՝ իշխանությունից, նույնքան էլ՝ հասարակական սեկտորից:



Քաղաքացիական հասարակությունն արդեն ներկայացրել է ֆորմատի իր քառյակին՝ Սոնա Այվազյան, Արտակ Զեյնալյան, Լեւոն Բարսեղյան, Տիգրան Եգորյան: Փոխարինող ներկայացուցիչներ են լինելու Ստեփան Դանիելյանը եւ Դանիել Իոաննեսյանը: Իշխանության բլոկում, ըստ ամենայնի, կոալիցիոն ներկայություն կլինի՝ սահմանադրագետ Վարդան Պողոսյան, Հովհաննես Սահակյան, Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան։ Ներկա կլինի նաեւ Դաշնակցությունը։



Հովհաննես Սահակյանն ասում է․ «Ձեւաչափը պարտադրող ձեւաչափ չէ, մենք կարող ենք լինել վեցով, կարող ենք լինել երեքով»։ ՀԱԿ նախաձեռնությանը համաձայնություն է տվել Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը»։ ԲՀԿ-ն է անսպասելի որոշում կայացրել, անցած շաբաթ կուսակցության ղեկավարը վստահեցնում էր, թե առաջիկայում ԲՀԿ-ին չենք տեսնի «եռյակ-քառյակ» ֆորմատում։ Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ, ունենալով նախկին փորձը, ԲՀԿ-ն որոշել է գոնե տեսանելի ապագայում որեւէ եռյակ, քառյակ եւ գործողությունները սահմանափակող ֆորմատով հանդես չգալ, սակայն կուսակցության մամլո խոսնակ Վանիկ Էլիզբարյանից տեղեկացանք, որ ԲՀԿ-ն կլինի ընդդիմադիր քառյակում։ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ հայտնեց, որ իրենք պաշտոնապես հրավեր չեն ստացել. «Երբ կլինի հրավերքը, մենք որոշում կկայացնենք՝ մասնակցո՞ւմ ենք, թե՞ չենք մասնակցում, արդյունավե՞տ է դա, թե՞ արդյունավետ չէ»։ «Ժառանգությունն» իշխանությունից դրական ակնկալիքներ չունի. «Ակնկալիքներ կան հասարակությունից, միացյալ պայքարից ու միջազգային գործընկերներից»։ Ի դեպ, ձեւաչափի ընտրության վերաբերյալ Մարտիրոսյանն առարկություններ չունի։ «Բա էլ ո՞վ լիներ»,- զարմացավ մեր հարցից արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչը. «Այդ դեպքում կարող են շատ շատերը լինել՝ 70-ից ավելի»։ Հովհաննես Սահակյանը մեր զրույցում ասաց, որ պատրաստ են ցանկացած ձեւաչափով քննարկել ցանկացած հարց՝ երկու բացառությամբ․ «Չի լինելու քվեարկություններով, կոնսենսուսով ընդունվող որեւէ որոշում, եւ սա չի լինելու միակ ձեւաչափը, որտեղ պետք է քննարկվի Ընտրական օրենսգիրքը։ Գործընթացը շարունակվում է, առաջիկայում լայնաֆորմատ քննարկումներ կլինեն, ինչպես անցած շաբաթ ԸՕ-ի վերաբերյալ լսումներն էին, պարզապես այս ֆորմատի վերաբերյալ մարդիկ ասում են՝ մենք այսպես ենք ուզում քննարկել, մենք էլ համաձայնել ենք»։ Պատասխանելով ընդդիմության ու քաղհասարակության վերհանած առանցքային մի շարք պահանջների իրականացման հարցին՝ Սահակյանը հորդորեց սպասել գործընթացի ավարտին։ Առաջարկները հետեւյալն են. ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակում, ընտրողների մատներով նույնականացման համակարգի ներդրում կամ մատների թանաքոտում, ընտրացուցակների մաքրում, ընտրական գործընթացի տեսանկարահանում եւ ուղիղ ցուցադրում եւ այլն։ Մինչդեռ իշխանության տարբեր ներկայացուցիչներ այդ առաջարկներից միայն տեսախցիկների տեղադրման կետն են ընդունելի համարել։



Նախաձեռնությունը միարժեք չի ընկալվել ընդդիմադիր շատ ուժերի, ինչպես նաեւ հասարակական կառույցների շրջանում։ «Ես տեսնում եմ, որ ՀԱԿ-ը քանի տարի է՝ բանակցում է, էլ մարդ չմնաց, որ չբանակցի»,- այս առիթով նկատեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը։ Կարապետյանն ասում է՝ բանակցելու եւ որեւէ ֆորմատի կարիք չկա. «Այս Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացին մասնակցելն անհնար է, որովհետեւ այն իր մեջ ներառում է տրամաբանություն, որ ընտրությունները կեղծելու են»։ ՆԺԿ առաջնորդի խոսքով՝ իշխանական բոլոր ուժերն էլ բարձրաձայնում են առաջարկների մասին։ «Թող ընդունեն»,- ասում է։ «Ես ամեն ինչ անելու եմ, որ մինչեւ վերջին մարդը գա այն մտքին, որ Հայաստանում միայն հեղափոխությունով է հնարավոր լինելու արդյունքի հասնել, ոչ վեց հազարը կօգնի, ոչ 4+4+4-ը»,- ասաց նա։ Եթե ԸՕ նախագծում փոփոխություններ չկատարվեն, այնուամենայնիվ, ՆԺԿ-ն կմասնակցի առաջիկա ընտրություններին. «Բայց ինչ պլատֆորմով, ինչ փոխելու մտադրությունով, ինչ հաշվարկով, կասենք ընտրություններին ընդառաջ»։



«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանն էլ օրերս հայտարարեց, որ «ՔՊ»-ն չի մասնակցի այդ քննարկումներին եւ կզբաղվի մարզային կառույցների ամրապնդմամբ։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանն էլ ասաց, որ այդ ձեւաչափում ներկայացվելու է ՀԱԿ կուսակցության տեսակետը, խմբակցությունը նրանց չի լիազորել տեսակետ ներկայացնել։ Տիկնոջ գնահատմամբ, նման ձեւաչափով իշխանության հետ երկխոսելու ցանկություն հայտնելով՝ ՀԱԿ-ն անթաքույց շահեր է հետապնդում, թեեւ չի բացահայտում, թե խոսքն ինչի մասին է։



«Կարծում եմ՝ դա բոլորին է հասկանալի»,- ասում է Լյուդմիլա Սարգսյանը, որն ամիսներ առաջ սահմանադրական փոփոխությունների գործընթացի շրջանակներում Բաղրամյան 26 այցելելու եւ աջակցություն հայտնելու պատճառով արժանացել էր ՀԱԿ-ականների քննադատություններին, նրան մինչեւ անգամ «հաճախորդ» անվանեցին։ «Հիմա այլեւս ի չիք են դառնում բոլոր այն մեղադրանքները, որոնք հնչում էին ՀԱԿ որոշ անդամների կողմից բոլոր այն քաղաքական ուժերի հասցեին, որոնք սահմանադրական հանրաքվեից առաջ փորձում էին բարեփոխել Սահմանադրությունը, ավելին՝ դրա ձեւաչափն առաջարկվել էր իշխանության, Սերժ Սարգսյանի կողմից, ի տարբերություն այս մեկի, որը ՀԱԿ-ն ինքն է առաջարկում։ Այստեղ արդեն բարոյականության, արմատականության, ընդդիմության, իշխանության հաճախորդներ լինելու հանգամանքն ի չիք է դառնում, որովհետեւ եթե նրանց, ըստ էության, չէր հետաքրքրում Սահմանադրությունը, մտահոգում է Ընտրական օրենսգիրքը։ Իսկ մեզ երկուսն են մտահոգում»,- եզրափակեց Լյուդմիլա Սարգսյանը։