Բարև, բարի տեսանք

Բարև, բարի տեսանք

Էլեկտրոնային լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում է Լևոն Տեր-Պետրոսյան- Սերժ Սարգսյան հանդիպումը, որ ստվերում թողեց անգամ ՄԽ համանախագահների այցի ու ասուլիսի մասին հրապարակումները: Պատճառը հասկանալի է: Աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Առաջին նախագահը հանկարծ որոշել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, այն էլ ոչ թե նախագահի նստավարում, այլ իր տանը: «Սև դղյակի» հիշատակումը էլ ավելի է ընդգծում տեղի ունեցածի խորհրդավորությունը, միևնույն ժամանակ արդեն մի քանի վերլուծաբանների հնարավորություն տալով մինչև վերջ զոռ տալու իրենց երևակայություններին:



Կարծում եմ պետք է շատ սառը մոտենալ այդ անսպասելի հանդիպմանը և այն դիտել Ղարաբաղում կտրուկ սրված իրավիճակի և ՄԽ համանախագահների այցի ու նախագահականում ընդունելության արժանանալու ֆոնին: Իհարկե լավ կլիներ իմանալ նաև, թե ո՞ր հանդիպումն է ավելի շուտ տեղի ունեցել՝ «Սև տա՞ն», թե՞ «Սպիտակ տան»: Նախագահի պաշտոնական կայքից դժվար է հասկանալ դա, որովհետև իրադարձությունների ժամը չի նշվում: Ճիշտ է, Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման տեղեկությունն ավելի ուշ տարածվեց, բայց դա հիմք չէ, որ պնդենք, թե այդ հանդիպումն ավելի ուշ է տեղի ունեցել քան նախագահականում Սերժ Սարգսյան- համանախագահներ հանդիպումը: Ամեն ինչ կախված է այն բանից, թե որ նյութը երբ են տարածել:



Եվ, այնուամենայնիվ, եթե Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել է մինչև համանախագահներին հանդիպելը, դա նշանակում է, որ «Սև դղյակում» խոսակցությունը ծավալվել է Ղարաբաղի հարցի փոխզիջումային լուծման շուրջ, և Լևոն Տեր-Պետրոսյանը փորձել է Սերժ Սարգսյանին համոզել, որ համանախագահներին տա իր համաձայնությունը՝ տարածքների դիմաց Ղարաբաղի կարգավիճակ ստանալու տարբերակին, ինչը նախ՝ տեղից կշարժի բանակցային գործընթացը և ապա՝ գործելու հնարավորություն կտա Ալիևի արկածախնդրության պատճառով փակուղային վիճակում հայտնված միջազգային հանրությանը:



Այս մոտեցումը պատերազմական գործողությունների ֆոնին բավականին գայթակղիչ է թվում, սակայն ունի շատ մութ կողմեր, քանի որ շահագրգիռ կողմերից ոչ ոք չի կարող ասել, թե ինչ տեղի կունենա այն բանից ետո, երբ Հայաստանը ստորագրի տարածքները վերադարձնելու մասին մի թուղթ և սպասի Ղարաբաղի կարգավիճակի ճշտմանը: Հայտնի չէ հենց երևակայական կարգավիճակը, որ միջազգային հանրությունը կորոշի Ղարաբաղի համար: Պարզ է մի բան, որ դա չի լինի անկախություն, իսկ անկախությունից ցածր ցանկացած կարգավիճակ միայն ու միայն պարտության է համազոր:



Պատահական չէր, իհարկե, որ «Չորրորդ իշխանություն» թերթն այսօր հիշել ու լայն անդրադարձ էր կատարել Լևոն Տեր-Պետրոսյանի 19-ամյա վաղեմության «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածին: Եվ ես չեմ բացառում, որ Տեր-Պետրոսյանն իր տան դուռը Սերժ Սարգսյանի առաջ բացել է այդ թերթը ձեռքին, որտեղ հատուկ ընդգծված են Ղարաբաղի հարցի լուծման իր՝ ոչ մի տեղ չտանող տեսլականները:



Էդիկ Անդրեասյան